Թագավորական բարեսրտություն


Շրջապատողները Խալիդին երևի չեն էլ փորձել փրկել ավելորդ քաշից, այլապես տղան 610 կգ չէր դառնա: Բժիշկները նրա ճիշտ տարիքը չեն նշում, ասում են` 18-20 տարեկան: Եվ արդեն ինքնուրույն շարժվել չկարողացող երիտասարդին շուտափույթ հիվանդանոց տեղափոխելու համար օգնության է հասել պաշտպանության նախարարության ինքնաթիռը:

Օդային փոխադրամիջոցը հատկացրել է անձամբ Աբդալլա իբն Աբդել Ազիզը` Սաուդյան Արաբիայի թագավորը: Բայց հիվանդին միայն Էր-Ռիյադի բուժարան հասցնելը քիչ էր: Փրկարար վիրահատության համար հատուկ մահճակալ էր պատրաստվել և վերամբարձ կռունկ: Գիրության բոլոր սահմաններն անցած Խալիդ Շահարին իր ննջասենյակից դուրս չէր եկել ամբողջ 2,5 տարի. դուրս գալ չէր կարող` դուռը նեղ էր: Եվ փրկարարները ստիպված էին քանդել նրա տան պատերի մի մասը, որ նրան 2-րդ հարկից վար իջեցնեն...

Ինչպես հաղորդել է DΖily MΖil-ը` Սաուդյան Արաբիայի թագավորը որոշել է Խալիդի ճակատագրին միջամտել դեռևս մեկուկես տարի առաջ: Նա պատվիրել է երիտասարդին հիվանդանոց տեղափոխել, ինչի նախապատրաստությունը բավական աշխատատար է եղել: Դիցուք` մահճակալը պատվիրել են ԱՄՆ-ում:

Նախկինում աշխարհում միայն մեկ հոգի էր հատել 600 կգ-ի սահմանը. ամերիկացի Ջոն Բրոուեր Մինոկը: Նա կշռում էր 635 կգ: Մինոկը վախճանվել է 1983 թ., բայց չի գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, որտեղ գրանցված աշխարհի ամենագեր մարդը` մեքսիկացի Մանուել Ուրիբեն, «ընդամենը» 560 կիլոգրամանոց է: Այս տվյալը, սակայն, չի թարմացվել 2006 թվականից ի վեր: Իսկ վերջերս Գերմանիայում մեկ այլ «հսկայի» տեղափոխելուց առաջ դարձյալ քանդել են պատերը և նրա 400 կիլոգրամանոց մարմինը տեղավորել են բուլդոզերի շերեփի վրա` 2-րդ հարկից իջեցնելու և 4 հիվանդի համար նախատեսված շտապօգնության մեքենայում տեղավորելու համար: