Ճանապարհ դեպի կործանում


 

Թմրամոլությունն ու թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն այսօր աղետ ու պատուհաս է դարձել մեծ ու փոքր պետությունների համար: Վերջին տարիներին մեր հանրապետությունում նույնպես տարբեր ամբիոններից բազմիցս ահազանգ է հնչեցվում թմրամիջոցների աղետալի հետևանքների մասին, բարձրաձայնվում են կործանարար ճահճում հայտնված այն մարդկանց մասին, ովքեր ժամանակի ընթացքում կախվածություն ձեռք բերելով թմրամիջոցներից` դառնում են այդ չարիքի գերին` վտանգելով ոչ միայն իրենց, այլև ուրիշների առողջությունն ու ապագան: Օրինակ, վերջին շրջանում շատ է խոսվում քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների մահվան դեպքերի մասին, որոնք բացատրվում են դատապարտյալների կողմից թմրանյութերի  օգտագործման բարձր մակարդակով: Ավելի ստույգ, այդ մահացությունները պայմանավորված են թմրամոլության մի տեսակով, որը ձեռք է բերվում բենզինի և որոշակի այլ նյութերի խառնուրդով: Իսկ բենզինից պատրաստվող թմրանյութի օգտագործման հետևանքով մարդու օրգանիզմում մեկ-երկու ամսից արդեն փտախտի նշաններ են ի հայտ գալիս:

Թմրամոլությունը չարիք է առաջին հերթին հենց թմրամոլի համար: Իսկ «ալքիմիկոս» թմրամոլների հայտնաբերած վերը հիշատակված նոր միջոցը, ըստ մասնագետների, ուղիղ ճանապարհ է դեպի կործանում: Թմրամիջոցների դեմ պայքարի աշխուժացմանը զուգահեռ հանրապետությունում բարձրանում են ապօրինի թմրամիջոցների գները: Նաև այս է պատճառը, որ թմրամոլուցքը հաղթահարել չկամեցող կամ չկարողացող մարդիկ դիմում են նույնիսկ կործանարար միջոցների: Վերջերս տարածում է ստացել քիմիական մի նոր խառնուրդ, որի մասին բժիշկների կարծիքն այս է. պարբերաբար օգտագործման հետևանքով ախտահարվում են գրեթե բոլոր օրգանները, ի հայտ են գալիս անբուժելի հիվանդութ յուններ, որոնց հետևանքով կյանքի տևողությունը հասցվում է նվազագույնի` մեկից երկու տարվա:

Ոստիկանությունը պայքարել ու պայքարելու է այս չարիքի դեմ: Պայքարի հերթական դրվագն արձանագրվեց ոստիկանության Չարբախի բաժանմունքում:

Ոստիկաններն ապրիլի 12-ին մայրաքաղաքի Աերացիա թաղամասում էին: Նրանց տեսադաշտում թմրամիջոցների պատրաստմամբ և օգտագործմամբ զբաղվող վեցհոգանոց խումբ էր հայտնվել, որն այդ օրն իր «հիմնական» գործով էր զբաղված:

Ոստիկանների անակնկալ մուտքը խուճապի մատնեց ներսում գտնվողներին: Դեսուդեն փախչելու փորձից հետո խմբի անդամներից երկուսը, անելանելի դրության մեջ ընկնելով, ընտրեցին վատագույն տարբերակը. վազելով պատշգամբի ուղղությամբ` ուղղակի ցած նետվեցին:

Ոստիկանները ստեղծված իրավիճակում ճիշտ կողմնորոշվելով` բոլորին, ներառյալ երկու «բարձրացատկորդներին», բերման ենթարկեցին: Նրանցից մեկն, ի դեպ, անհարմար վայրէջք կատարելով` կոտրել էր ոտքերը...

Բերման ենթարկվածները վեցն էին` Մանվել Փիլոյան, Վահան Աբրահամյան, Արսեն Բեգլարյան, Արթուր Մանուկյան, Դավիթ Ավդալյան ու Կառլեն Դալաքյան: Բացի հասակակիցներ լինելուց և նույն հանցավոր նախասիրությունն ունենալուց, մի ընդհանրություն էլ ունեին` գրեթե բոլորը նախկինում դատապարտված էին:

Ոստիկանությունում հայտնվածներից Վահան Աբրահամյանը բնակարանատերն էր, իսկ տունն ասես քիմիական լաբորատորիա լիներ: Նրանց խոստովանությամբ պարզ դարձավ, որ շաբաթը երկու-երեք անգամ հավաքվում էին Վահանի տանը: Բերում էին անհրաժեշտ բաղադրության նյութերը, որոնցից «քիմիական» ճանապարհով ստանում էին «բաղձալի» թմրամիջոցը: Հերթական անգամն էլ նույնն էին արել. հավաքվել էին, պատրաստել, բայց օգտագործել չհասցրին:

Բնակարանից հայտնաբերվածը փորձաքննության ուղարկելուց հետո պարզվեց դրանց պարունակությունը` թափանցիկ ու դեղնավուն աղաթթվանման հեղուկներով, սպիտակ մածուցիկ նյութի նստվածքով և բենզինանման հեղուկով լցված պլաստիկ տարաներ, բամբակե խծուծներ, ներարկիչներ, կաֆետին դեղամիջոցի տուփեր, ձագար, լուցկու տուփեր և արդեն պատրաստի թմրամիջոցներ:

Այս անգամ թմրաներարկումը ոստիկանների ջանքերով կանխվեց, սակայն վերջնական ազատագրումն այդ ախտից հենց իրենց` թմրամոլների խնդիրն է, այն գիտակցությամբ, որ այդ ճանապարհը տանում է դեպի իրական կործանում: