Եղեռնի կենդանի զոհերը


 

Երաշտ տարիներին ծառերը արմատներն են խորացնում, իսկ երբ չորանալու ահ չունեն, ծավալում են սաղարթները, ինչպես նավի առագաստն է լցվում բարի ու ուժեղ հողմով: Այդ բնազդով է իր ձիգ ճանապարհը կտրել հայ ժողովուրդը: Անմոռանալի 1915-ին և դրան հաջորդած տարիներին նա ստիպված էր մեկ անգամ ևս խորացնել արմատները` իր գոյությունը որոնել ընդերքում, իր հոգու խորքում, որպեսզի հետո իր սաղարթ առագաստը լցներ կենարար հողմերով և շարունակեր հավերժի իր ճանապարհը (Մուշեղ Գալշոյանի ասույթներից):

Բնությունը ինքնին երգ է` անսկիզբ ու անվերջնալի երգ, առինքնող, զարմանահրաշ մի աշխարհ... Հրաշագեղ բնության մի մասնիկն էլ իմն է, իմ չքնաղ ծննդավայրը` լեռների մեջ կորած: Այստեղ են ծվարել գաղթական ծնողներս` Եղեռնից փրկված:

1915 թ... Կոտորած... Գաղթ...

Սուլթանական Թուրքիայի արնախում յաթաղանից հրաշքով փրկված արևմտահայության բեկորները սփռվեցին աշխարհով մեկ... Շատերին էլ իր գիրկը կանչեց վիրավոր ու հատված-հատված եղած հայրենին` Արևելահայաստանը: Եվ բեկված, բզկտված քարավանը գաղթականների հանգրվանեց Արագածի փեշերին: Ո՞ւր մնացին Մուշն ու Սասունը, Վանն ու Վասպուրականը, բարձրագահ լեռներն ու պաղակն աղբյուրները, չքնաղագեղ ծովակը Վանա... Ո՞ւր են... Երկնի ու երկրի միաձույլ շղարշը չքացրեց դեռ երեկվա իրական հայրենի տունը: Այն անհետացավ մարդկանց տեսադաշտից, բայց ոչ մտքից, հոգիներից: «Ձեռք ու ոտք կապել կլինի, հըմը հոգին կապել չի լինի» (Մ. Գալշոյան):

Մնաց... Էն անո˜ւշ Էրգրի պատկերը մնաց նրանց հոգիներում, հիշողության մեջ:

Մայրս Սասնա աշխարհից էր: Ուներ գերող ձայն, սիրում էր երգը և լավ էր երգում: Նրա քաղցրանուշ երգի բողոք ելևէջները միշտ ուղեկցվում էին արցունքներով: Երգը լսել եմ տանը, թոնրի կողքին, կալում, արտ ու դաշտում, ամենուր: Հորը` պապիս, թուրքերը դուրս էին կանչել և... և հենց տան շեմին գնդակահարել` եղեռնից օրեր առաջ: Գաղթի ճամփին կորցրել էր երկու անչափահաս եղբայրներին` Մուրադին, Արմենակին: Այդ ճամփին էր արձանացել Խաչիկ եղբոր փոքրիկ շիրիմը... Մայրը` վշտից ցամաքած մայրը, մարել էր նույն ճամփին, մթնշաղին: Իսկ ինքը... մի որբ աղջնակ, քաղցած ու բոկոտն, քարշ էր գալիս քշված, հալածական մարդկանց ձգվող քարավանի հետևից:

Այսպես... մշտարթուն էին մորս տանջող հուշերը:

Ես այս եմ տեսել, լսել, սրանով սնվել...

Լսել եմ հորս հոգեմաշ պատմությունները` անսկիզբ ու անվերջ:

Դեռ այգաբացին կտեսնեիր նրան խոխոջուն առվակին բազմած կամրջակին` հայացքը մեխած հեռո˜ւ հորիզոնին... Դնդնում էր, դնդնոցը ե՞րգ էր, թե՞ բողոք` չգիտեմ, գիտեմ միայն` կրկին իր Էրգրի հետ էր... Բացվող այգը բացում էր մշտարթուն հուշերը, վառում հեռո˜ւ հեռավոր հորիզոնից այն կողմ մնացած, հողի, հայրենի տան կարոտը... Կարոտը` նահատակված եղբոր, կնոջ ու չորս զավակների:

Ընկուզասարն իր ստվերը ձգում էր տան թիկունքին. մամռոտ քարերով ծաղկած բակում դողում էր դարավոր ընկուզենին... Մամուռը ցող էր կապել և հաճելի տամկության մեջ վազվզող մանչերի ճիչն ու աղմուկը առած` փախչում էր անդնդախոր ձորը: Ո՞ւր են...

Այսպես երկար արձանանում էր նա` ձեռնափայտին կքած: Նման պահերին լռությունը խախտում էր եղբայրս` Մուշեղը (Էրգրում զոհված հորեղբորս անունն էր կրում): Նա մոտենում էր հորս, ձեռքը դնում ուսին ու հանդարտ ձայնում` մտնե՞նք այգին... Հայրս աշխուժանում էր, ուղղում իրանն ու քայլ անում: Այգին խնամելը եղբորս սիրած զբաղմունքն էր. նա գյուղատնտես-այգեգործ էր: Սակայն առավել` հորս պատմությունները լսողն ու նրա ցավը կրողն էր: Հետագայում հայրենի կորստի ու կարոտի ցավը, Հայոց եղեռնի թեման նրա` Մուշեղ Գալշոյանի, բազմաբովանդակ, բազմաժանր ստեղծագործություններում բացառիկ տեղ գրավեց:

Մինչ Մուշեղը ճապուկ շարժումներով կռանում-բարձրանում էր, խնամում ու խոսում էր ծառերի հետ, հայրս իր Էրգրի հետ էր: Եվ գլխահակ, թևն ու թիկունքը կախ, փայտին տալով հեռանում էր` իր հետ տանելով Մուշեղի լարված, մտախոհ հայացքը:

Հայրս` Էրգրի իր մեծ գերադաստանի վերջին մոհիկանը, ինչպես և մայրս Եղեռնի ականատեսն ու կենդանի զոհերն էին:

Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ