ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Երվանդ ԵՐԶՆԿՅԱՆ. կոմպոզիտոր, Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, արվեստի վաստակավոր գործիչ «Երևի Աստված ինձ օգնեց» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Դժվար հարցերին պատասխանելը: Իսկ եթե լուրջ` ամենադժվարը այս վերջին 20 տարիներին գոյատևելն էր, որովհետև դա միայն իմ ընտանիքի սոցիալական խնդիրները հոգալը չէր: Քանի որ ես ղեկավարում եմ նվագախումբ, այն դժվար տարիներին 40 մարդ, 40 ընտանիք ամեն ամիս իմ աչքերին էին նայում: Ստիպված էի ինչ-որ բան ձեռնարկել, որպեսզի նրանք աշխատանք ունենային: Այդ տարիներին մենք գրեթե չէինք վարձատրվում: Եթե արվեստագետ ես, չես կարող ապրել առանց արվեստի, իսկ կենսական անհրաժեշտությունները իրենց պայմաններն են թելադրում: Կարծում եմ, որ այդ դժվարությունը հաղթահարեցինք, քանզի այժմ ավելի բարվոք վիճակում ենք: Թեպետ, կյանքը, եթե չհաշվենք մանկությունը, առհասարակ առանց դժվարությունների չի անցնում և հենց դրանցով է այն հետաքրքիր: Մարդը միշտ պետք է դժվարություններ հաղթահարի: Իհարկե, ոմանք իրենք են ստեղծում ու իրենք էլ հաղթահարում են այդ դժվարությունները` բավականություն զգալով դրանից: Իմ կյանքում դա չկա, որովհետև դժվարությունները ինքնըստինքյան են գալիս: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Միայն հայ: Ես չեմ պատկերացնում ինձ որպես ուրիշ ազգի ներկայացուցիչ: Ամեն ազգ իր յուրահատուկ ապրելաձևն ու գենետիկ կոդերն ունի: Շփվելով ուրիշ ազգերի հետ, հասկանում եմ, որ այդպիսին դառնալու համար պետք է ընդօրինակես նրանց ապրելակերպը: Նմանակման պարագայում էլ զգում ես, որ խորթ է: Իսկ ինչո՞ւ լինել խորթ: Այլ է համակրանքը, և այդ առումով ինձ համար նախընտրելի են անգլիացիները: Հավասարակշված ազգ է. նրանց ազգային մտածողությունն ու դրան նվիրվածությունն է ինձ հիացնում: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Երևի միայն հիմա կարող եմ պատմել, որ շարքային երաժշտից նվագախմբի ղեկավար դառնալու համար դժվարությունների եմ հանդիպել: Այդ մասին երբեք չեմ խոսել, բայց հիմա կարելի է, որովհետև արդեն տարիներ են անցել: Միշտ, երբ երիտասարդին մեծ կոլեկտիվի ղեկավարումն ես վստահում, նա կամ «ջարդվում» է, կամ բարձրանում: Եվ կոտրվելու հավանականությունը շատ ավելի մեծ է. հանձնարարողները չեն մտածում` տվյալ անձը նման ծանրություն կարո՞ղ է հաղթահարել: Այդտեղ միայն պրոֆեսիոնալ հատկությունները չեն անհրաժեշտ. դու պետք է ամեն մեկի հետ իր լեզվով խոսես: Երևի Աստված ինձ օգնեց, որ ես հաղթահարեցի այդ բարդույթները: Օրինակ, գիտեմ շատ լավ երաժիշտ Միքայել Ավետիսյանին` Խաչատուր Ավետիսյանի որդին, ով բավական բարձր կարգի դիրիժոր էր: Նրան նշանակեցին սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, և ինքը թևաթափ եղավ: Հիմա ԱՄՆ-ում չգիտես ինչով է զբաղված: Մեկ-մեկ ինչ-որ համերգներում է չափ տալիս: Իսկ եթե նրան չծանրաբեռնեին այդ բարդ աշխատանքով, նա չէր ընկնի այդ վիճակի մեջ: Այստեղ կարող էր ավելի մեծ բարձունքների հասնել: Ամեն մեկը չի կարող այդ ծանրաբեռնվածությանն ու լարվածությանը դիմակայել: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ես, օրինակ` այնքան եմ սիրում նկարչությունը, բայց չեմ կարողանում հասկանալ` ո՞նց է նկարիչը նկարում. ինչպե՞ս է զգում գույների ներդաշնակ համադրումը: Նրանք էլ չեն կարողանում հասկանալ, թե ոնց ենք մենք լսում և երաժշտություն ստեղծում: Ինձ համար հանելուկ է, թե ինչպես է նկարչի աչքը ինչ-որ բան նկատում, իսկ իմը` ոչ: Եվ իհարկե, չեմ կարողանում հասկանալ նաև, թե այդ ինչ բարձր պրոֆեսիոնալիզմ պետք է ունենա մարդը, որ վիրաբույժ լինի. դա անսխալականություն պահանջող մասնագիտություն է: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Ուրեմն` կոմպոզիտոր ընկերներիցս մեկի ստեղծագործական երեկոն էր: Երկու-երեք երգեր կային, որ շատ նման էին իրար և դրանք մեզ համարակալված պարտիտուր ներով էին հասել: Դրանց խոսքերը հետո գրվեցին, և ստեղծագործությունները վերնագրվեցին: Իսկ քանի որ մեր ունեցած տարբերակը համարներով էր նշանագրված, հայտարարեցին 2-րդ երգը, մենք սկսեցինք նվագել 1-ինը: Կատարողը երիտասարդ լենինականցի երգչուհի էր, սկսեց երգել 2-րդ երգը: Մենք ծիծաղից կոտորվելով նվագում ենք: Աղջիկը կատարումը վերջացրեց, մենք մի քիչ էլ նվագեցինք, մինչև նոտաները վերջացան: Երգչուհուն ասում եմ. հիմա կհայտարարեն հաջորդ համարը, բայց դու այս նույն երգը նորից երգիր: Պատկերացրեք մենք նվագեցինք N 2-ը, իսկ ինքը երգեց N 1-ը: Նորից հակառակը: Ու ամենահետաքրքիրն այն էր, որ դահլիճում ոչ ոք գլխի չէր ընկել, թե ինչ է կատարվում: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Փոքր էի. հորս հետ գնացել էինք սարերի մեջ ընկած մի խուլ գյուղ: Հայրիկիս ընկերը բԺիշկ էր, ինչ-որ մեկի երեխային բուժել էր, ծնողները երախտապարտ լինելու համար հրավիրել էին: Ամբողջ գյուղը հավաքվել էր, մեծ քեֆ արեցին: Մինչև հիմա չեմ կարողանում մոռանալ, որովհետև դրանից հետո ոչ մի անգամ չեմ լսել այդպիսի բան. այդ ինչպե¯ս էին այս մարդիկ ժողովրդական երգերը երգում, ինչպիսի¯ մաքրությամբ էին հնչեցնում հայկական տաղերը: Այդ գեղեցիկ երգերը մինչ այժմ ինձ ուղեկցում են:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ