Ընթերցողի խոսք
Արևագալին սպասելիս
Վաղուց եմ համոզվել, որ բանաստեղծություններ հորինելը աշխատանք չէ, այլ վիճակ: Բանաստեղծությունը հոգեկան ապրումների արտահայտությունն է լեզվի օգնությամբ: Գրքի էջերում լռություն է բանաստեղծությունը, իսկ ընթերցողի և հեղինակի միջև բառախաղ է, բառերի աղմուկ: Եվ եթե աղմկում են բառերը, ուրեմն խաղաղ չէ հոգին:
Ահա քանի օր է պարբերաբար անդրադառնում ու կրկին անգամ ձեռքս եմ առնում բանասեր-մանկավարժ Արև Ասլիզադյանի (ծնվել է Շնող գյուղում) «Առանց քեզ» բանաստեղծությունների ժողովածուն: Միանգամից ասեմ, որ քնարական, հայրենասիրական, խոհափիլիսոփայական բանաստեղծությունների իր անդրանիկ ժողովածուն հեղինակը նվիրել է ամուսնու` իմ անմոռանալի ընկերոջ, մանկավարժ- ղեկավար աշխատող Գեղամ Ղումաշյանի հիշատակին.
Դու կաս անվերջ իմ անցյալում
Ու լցված ես ներկայիս մեջ:
Հավատում եմ` ապագայի
Բացականերդ կջնջես:
«Անձրևի երգը» միասնական վերնագրով բանաստեղծություններում հեղինակի սերն է, փնտրված, գտած սերը.
Ու սուզվում եմ խորքում քո աչքերի,
Վերանում եմ այնպես ու ջերմանում:
Շարունակությունը «Լցված սիրտս ու՞մ բանամ» շարքն է, ծնողական սիրո յուրատիպ արժևորումներ և կրկին կորստի ափսոսանք.
Ծափ-ծիծաղով, անուշ տաղով,
իմ խնդասեր մայրս գար:
Թոռների հետ ասեր, խոսեր,
տունը լցվեր աղմուկով,
Իմ կենսասեր, իմ միշտ ջահել,
իմ հեռացած մայրս գար:
Այս գիրքը նաև մենակության դեմ պայքարի կոչ է, Աստծուն և մարդուն հավատի այցեքարտ ու նաև խորհուրդ.
Թե տխուր ես ու մենակ,
Անցած օրերդ հիշիր:
Բոլոր բանաստեղծների տող ու պատկերում իրենց կյանքն է, միտքը, հոգսը, զգացմունքը, ուրախությունը, մտահոգությունը, կռիվը, ներելը, չներելը: Բոլորն էլ իրենք են իրենց տողերում: Արև Ասլիզադյանը նաև հայրենիքն է գովերքում, ընդգծելով, որ երկիրն ու հայրենիքը չի կարելի նույնացնել:
Պատրաստ եմ խոստովանել, որ ինձ համար անակնկալ այս գրքով հեղինակին հաջողվեց ինչ-որ չափով խաղաղեցնել իմ հոգու խռովքը: Կարծում եմ համակիրներ կունենամ« և ով ձեռքն առնի «Առանց քեզ» ժողովածուն, կսպասի Արև Ասլիզադյանի մտքի և գրչի նոր առկայծումների (ստեղծագործական մեկնարկի համար երբեք ուշ չէ) և կմիանա ինձ շնորհակալական խոսքեր ասելու ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությանը` գրքի տպագրությունը հայ տպագրության հոբելյանական տարում պատշաճ որակով կազմակերպելու համար: