ՀԱՍՄԻԿՅԱՆԻՆ ՀԵՌԱՑՆՈՒՄ ԵՆ


 

Նշանավոր կինոգետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի երկարամյա դասախոս, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանին հեռացնում են ինստիտուտից: Վերջերս ուսանողներն ականատես էին եղել, թե ինչպես արվեստի տեսության և պատմության ամբիոնի վարիչը (ով ժամանակին, ինչպես պնդում էր ականավոր թատերագետ Հենրիկ Հովհաննիսյանը` գիտական կեղծիք էր թույլ տվել) անհարգալից վերաբերմունք է դրսևորել նշանավոր պրոֆեսորի հանդեպ և վիրավորել նրան: Բայց, ինչպես պնդում են մեր իրազեկ աղբյուրները, այս միջադեպը որևէ կապ չունի ռեկտոր Արմեն Մազմանյանի «վճռական» տրամադրվածության հետ: Նա որոշել է նոր ուսումնական տարվանից լուծարել մի շարք անվանի պրոֆեսորների աշխատանքային պայմանագրերը` այսպես բուհը գլխատելով, զրկելով նշանավոր մանկավարժներից: Ըստ նրա` սա կրթական բարեփոխում է, որի միջոցով նա, իբր, կամենում է հաստատել կրթության առաջավոր մեթոդներ: Իսկ այդ առաջավոր մեթոդներից մեկն էլ այն է, որ նա ուսումնական աշխատանքների հարցով պրոռեկտոր է նշանակել մի մարդու, ով բուհական աշխատանքի փորձ չունի: Դե, հիմա կարևորն այն է, որպեսզի «խանգարողներ» չլինեն և ավելի շատ լինեն հպատակվողները…