ԿԱՅԱՑԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՀՈՒՍԱԴՐՈՂ ՆԱԽԱԴՐՅԱԼՆԵՐ


Մինչ Ղարաբաղում սպասվող քվեարկության և դրա արդյունքների շուրջ զանազան «անհասկանալի» պատմություններ էին հորինվում ու ակտիվորեն շրջանառվում, ԼՂՀ-ում ընտրությունները կայացան` ապացուցելով, որ չճանաչված այս հանրապետությունը մինչև անգամ ընտրական գործընթացներ կազմակերպելու լավ օրինակ կարող է դառնալ: Արդեն իսկ միանշանակ ու անվիճելի է, որ Ղարաբաղի ընտրությունները վարկաբեկել չհաջողվեց` չնայած քվեարկության ավելի քան հաջող ավարտից հետո արդեն կարևոր էլ չէ, թե ովքե՞ր և ինչո՞ւ էին այդչափ շահագրգռված դրանց լուրջ ձախողումներով ու ցնցումներով: Եվ սա այն դեպքում, երբ անհաջողության հավանականությունը սկզբից ևեթ այնքան փոքր էր (եթե չասենք` չկար), որ առնվազն տարօրինակ ու զարմանալի կարելի է համարել, այսպես կոչված, հոռետեսների չհիմնավորված մոտեցումներն ու կեցվածքը: Վերջին հաշվով Նախագահի երկու հիմնական թեկնածուներն էլ բարձր պաշտոններ են զբաղեցրել Ղարաբաղի կառավարությունում, ինչն էլ ի սկզբանե ենթադրում էր, որ ոչ միայն համագործակցության ու փոխըմբռնման կամուրջներ են գցված, այլ, որ ավելի կարևոր է, գոյություն ունի քաղաքական նպատակների ու ծրագրերի համատեղման հեռանկար: Ասվածն, իհարկե, չի ենթադրում, թե Բակո Սահակյանն ու Մասիս Մայիլյանը գաղափարական տարաձայնություններ չունեին: Ի վերջո, դժվար չէ վերհիշել, որ ԼՂ նախագահի ընդդիմադիր թեկնածուն բարեփոխումների ավելի արագ ընթացքի կողմնակից էր, ինչի վրա էլ խարսխված էր նրա ողջ քարոզարշավը: Սակայն, որքան էլ առաջընթացի ցանկությունը մեծ լինի, այդուհանդերձ, կարիք չկա մանրամասնել, որ դրա հնարավորություններն են առայժմ սահմանափակ: Հավանաբար հենց դրա համար էլ չճանաչված Հանրապետությունում գործող բոլոր քաղաքական ուժերը (բացի կոմկուսից) նախընտրեցին համախմբվել Սահակյանի շուրջը: Ասել է թե` արդեն ընտրված Նախագահի թեկնածությունը միասնաբար պաշտպանելով` ղարաբաղյան քաղաքական շրջանակները նրա ձևավորելիք կառավարութ յունում արդեն իսկ նկատել են պետականության ամրապնդման, երկրի զարգացման ու բնակչության սոցիալական վիճակի թեթևացման ներուժը: Հուսանք, որ այս ամենի ականատեսն առաջիկայում կդառնանք նաև բոլորս: Իսկ ինչ վերաբերում է ԼՂՀ արդեն նախկին նախագահ Արկադի Ղուկասյանին, ապա նա քվեարկության նախօրեին նշել էր. «Մենք հետխորհրդային երկրներից ամենալավ ընտրություններն ենք անցկացնում»: Իր այս հայտարարությամբ Ա. Ղուկասյանը փաստորեն արդեն իսկ տվել էր ընտրությունների ազատ և արդար ընթացքի երաշխիքը, ինչի ականատեսը Ղարաբաղի բնակչությունը և ողջ դիտորդական կորպուսը դարձան ընդամենը երկու օր անց: Ինչ վերաբերում է դիտորդներին, ապա վերջիններիս ներկայությունը և ղարաբաղյան ընտրությունների հանդեպ անթաքույց հետաքրքրասիրությունը իհարկե ինքնանպատակ չէր: ԼՂՀ անկախությունը չճանաչած երկրների ժողովրդավարական կազմակերպությունները պետք է որ մեծ հետաքրքրություն ցուցաբերեին արցախյան ընտրությունների նկատմամբ: Այն նույն հետաքրքրությունը, ինչ իրենց երկրների ղեկավարները փորձում էին քողարկել: Ոչ մի կերպ ԼՂ հանրապետությունը ճանաչել չցանկանալով հանդերձ, տարբեր երկրների հասարակական կազմակերպություններ հարկ էին համարել դիտորդներ գործուղել Ստեփանակերտ` ձգտելով համոզվել, թե որքանով է ժողովրդավարական ընտրական գործընթացը և Արցախն ընդհանրապես: Այստեղ, թերևս, մեկնաբանություններն ավելորդ են: Արցախում Նախագահի վերջին ընտրությունները հերթական ապացույցը դարձան երկակի կոչված ստանդարտների կիրառումով սեփական աշխարհաքաղաքական շահերի հետապնդման: Ու էլի մեկ անգամ փաստեցին, որ ժողովրդավարության «հայրերը» հենց իրենք կարող են լքել իրենց պաշտպանության կարիքն ունեցող «զավակին»` ոտնահարելով նրա ինքնորոշման իրավունքը: