Որակումը` «Սափրագլուխների երթ»


Վիլնյուսի երկրորդ շրջանային դատարանը 1300 լիտ տուգանք է նշանակել անվանի դերասան Դոնաթաս Բանիոնիսի թոռնուհուն` սափրագլուխների երթին մասնակցելու և ազգայնական կոչեր բացականչելու համար: Այդ օրը շուրջ 200 երիտասարդներ շրջել են Լիտվայի մայրաքաղաքի կենտրոնում` ձեռքերին լիտվական ու լատվիական պետական և նացիստական կեռախաչի նշանով դրոշներով: Երթն ուղեկցվել է բացականչություններով` «Հրեանե°ր, դո°ւրս», «Մեկ, երկու, երեքուկես, գեղեցիկ Լիտվան` առանց ռուսների» (լիտվական մի երգի աղճատված տեքստից): Հանրահավաքը դատապարտել է երկրի նախագահ Վալդաս Ադամկուսը և ոստիկանությանը կոչ է արել պատժել մեղավորներին: Արտիստ Բանիոնիսի որդին` ռեժիսոր Ռայմոնդաս Բանիոնիսը, որը երթին մասնակցած աշակերտուհու հայրն է, ռուս լրագրողին ասել է. - Ի՞նչ ասես… Տասնյոթամյա աղջիկս գնացել է իր ավագ ընկերոջ հետ, հիմարաբար երգել են տեքստափոխված երգը, ինչ-որ բացականչություններ արել: Բայց կարևորն այն է, որ Լիտվայում ազգամիջյան խտրականություն չկա, հատկապես ռուսների հանդեպ: Ես ինքս ուսանել եմ Ռուսաստանում, հիմա Սանկտ Պետերբուրգում բեմադրում եմ «Ալ առագաստներ» մյուզիքլը: Մեր ամբողջ ընտանիքի համար ցավալի է այս պատմությունը: Երեք զավակներիցս սա կրտսերն է. ինքն էլ հիմա վատ է զգում արարքի համար, որովհետև համոզմունքների համար չէ, որ այդ հիմար երթին մասնակցել է: Հիմար արարք է` ի՞նչ անես…