ՀԱՅԱՍՏԱՆԸ` ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀՆԱԳՈՒՅՆ ԽԱՉՄԵՐՈՒԿ


Անցյալ դարի 60-ականներից մինչ այժմ Հայաստանի պատմության թանգարանը մասնակցել է մոտ 40 միջազգային ցուցահանդեսների` աշխարհի տասնյակ հեղինակավոր մշակութային գանձասրահներում. Բուդապեշտում ու Փարիզում, Լիոնում ու Կահիրեում, Աթենքում ու Լոնդոնում, Բոննում, Բոխում... Մասնակցությունը Նյու-Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում 14 քաղաքակիրթ երկրների թանգարաններից ընտրված հազվագյուտ նմուշներով ձևավորված նորաբաց ցուցահանդեսին, ըստ էության, հայկական հնամենի մշակույթի հանրահռչակման հերթական բարեպատեհ առիթն է:

«Ասորեստանից մինչև Իբերիա. Մայրցամաքների քառուղիներով` դասական դարաշրջանի արշալույսին» խորագրով մեկտեղված բացառիկ ցուցանմուշները 21-րդ դարասկզբի մշակութասեր հանրությանը կներկայացվեն 2014 թ. սեպտեմբերի 15-ից մինչև 2015 թ. հունվարի 4-ը: Նյույորքյան հանրահայտ Մետրոպոլիտենի ցուցահան դեսի կազմակերպիչները նպատակ են հետամտում Երկիր մոլորակի ներկա բնակիչներին առարկայորեն իրազեկելու անհիշելի ժամանակներում ստեղծված համամարդ կային մշակույթի մասին:

Աշխարհասփյուռ թանգարաններում «նիրհած» պատմական արժեքներին անմիջականորեն հաղորդակցվելով` մարդկության ներկա սերունդը գուցե շուտով նախապատվությունը տա խաղաղ ստեղծագործ կեցությա՞նը: Վաղնջական ժամանակներում միմյանցից կրած փոխազդեցությունների բարերար ներգործության վերահաստատմամբ գուցե իրապե՞ս մտահոգվեն արյան գետերի ակունքները ցամաքեցնելու մասին: Ո՞վ գիտե... Չէ՞ որ նյույորքյան այս նորաբաց ցուցահանդեսը, փաստորեն, 3-րդ փուլն է 2003-ին «Առաջին քաղաքների արվեստը. Ք.ա. III հազարամյակը Միջերկրական ծովից մինչև Հնդկաստան» խորագրով մեկնարկած միջազգային խոշոր նախագծի: 2008-ին բրոնզեդարյան մշակույթի իր եզակի նմուշով 2-րդ փուլի «Բաբելոնից անդին. արվեստը, առևտուրը և դիվանագիտությունը Ք. ա. II հազարամյակում» խորագրով ցուցադրությանը մասնակցած Հայաստանի պատմության թանգարանն այժմ Նյու- Յորքում ներկայացնում է թեմայի համատեքստում առանձնահատուկ կարևորութ յուն ունեցող ուրարտական արվեստի 9 նմուշ:

Համալրելով իր հավաքածուները հիմնականում ՀՀ տարածքի հնավայրերից հայտնաբերված գտածոներով, Հայաստանի պատմության թանգարանը պահպանում է շուրջ 400 000 առարկայից բաղկացած ազգային հավաքածու: Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը ներկայացնելուց զատ, այդ հավաքածուն ամփոփում է նաև Հայկական լեռնաշխարհում Հին Արևելքի երկրների (Եգիպտոս, Միտանի, Խեթական թագավորություն, Ասորեստան, Իրան, Սելևկյան պետություն, Հռոմ, Բյուզանդիա) մշակութային փոխառնչությունների հազվագյուտ հետքերը:

Միաժամանակ մեր թանգարանը տերն է համաշխարհային գլուխգործոցների գանձարանի մասը կազմող Ք.ա. III-II հազարամյակների մեծաքանակ բացառիկ բրոնզե նմուշների: Արժեքավոր են նաև Հին Արևելքի հայկական հզոր պետության` Ուրարտուի պատմամշակութային շքեղ ժառանգության եզակի սեպագիր արձանագրությունները (որոնց շարքում Էրեբունի ամրոցի հիմնադրման մասին Ք.ա. 782 թ. Արգիշտի I արքայի թողած երևանցիներին քաջ հայտնի քարեղեն վկայությունն է), բրոնզե արձանիկները, որմնանկարները, գունազարդ խեցեղենը, քանդակազարդ սպառազեն, ոսկյա, արծաթյա, ոսկրե իրերը` պեղված Կարմիր բլուրից, Արին Բերդից, Արգիշտիխինիլիից:

Թանգարանի տարալեզու այցելուներին մշտապես զարմացնում է պահոցի առյուծի բաժինը կազմող հայկական դրամների հավաքածուի հարստությունը, Հայաստանում հելլենիստական և քրիստոնեական մշակույթների (IV-XV դդ.) ինքնատիպ փոխակերպման բարձրարժեք նմուշները, եզակի գտածոները: Ուշագրավ են` փոխադրամի ջոցների պատմության հնագույն վկայությունները. Լճաշենից պեղված փայտյա կառքեր և նրանց բրոնզե մանրակերտեր (Ք.ա. XV-XIVդդ.):

Կարծում ենք, իր պարփակած պատմամշակութային խոսուն վկայագրերի արժեքավորությունն ավելի հետևողականորեն հանրահռչակելով թե´ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, թե´ միջազգային բարեկիրթ հանրությանը, մեր Պատմության թանգարանը, չապավինելով եղկելի զեղծարարությանն ու այլոց ստեղծած արժեքները սեփականելու ամոթալի մարտավարությանը, էապես կնպաստի հայկական մշակույթի բազմաբազում գանձագողերի չարանենգ գրոհների արմատական վնասազերծմանը:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ