ՏՈՆՆ ԱՅԴՊԵՍ ԷԼ ՉԿԱՅԱՑԱՎ


Գյումրին, ի տարբերություն հանրապետության մյուս քաղաքների, Քաղաքի օրը նշելու հաստատված օր չունի: Այստեղ ամեն ինչ պայմանավորված է նեղլիկ ցանկութ յուններով: Եթե նախորդ տարիներին Քաղաքի օրը նշվում էր սեպտեմբերին կամ էլ հոկտեմբերի առաջին օրերին, ապա այս տարի` երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 22-ը: Դե, քաղաքում արդեն ցուրտ է, ցերեկվա ժամերին սնդիկի սյունը ցույց է տալիս 8 աստիճանը, մինչդեռ սեպտեմբերն ամենալավ ժամանակաշրջանն է նման տոնախմբություն ների համար: Բայց այլևս զուր է հարցնել, թե` ինչո՞ւ հոկտեմբերի 22-ին, մանավանդ որ հերթական միջոցառումն արդեն պատմություն է դառնում: Ասացինք` հերթական միջոցառում: Այո´, հերթական, քանի որ հոկտեմբերի 22-ը շատ քիչ տարբերվեց մյուս օրերից, տոնախմբությունն էլ ոչնչով չէր առանձնանում քաղաքում ավանդաբար կազմակերպվող այլ «իրադարձություններից»: Զարմանալի է, բայց` փաստ, որ տոնախմբությունները սկիզբ առան երեկոյան` ժամը 17-ից, երբ ժամանեցին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ Տարածքային նախարար-փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: Քաղաքի մուտքի մոտ նրանց դիմավորեցին Շիրակի մարզպետն ու քաղաքապետը, ուղեկցեցին Մուշ-2 թաղամաս: Իսկ մինչ այդ քաղաքում խաղաղություն էր տիրում, անգամ` ձանձրույթ, որովհետև կիսադատարկ էին փողոցները, բացակայում էին տոնական տրամադրությունն ու միջոցառումները: Այսինքն` սա տոն էր` կազմակերպված բարձրաստիճան հյուրերի համար, ավելի ճիշտ` տոնի իմիտացիա, ցուցադրություն: Քաղաքապետարանի կայքում տեղադրված տոնախմբությունների ծրագիրն ուղղակի զարմացնում էր. այցելություն ազատամարտիկների շիրիմներին, կիսատ մնացած խաչքարերի տեղադրում, պարգևատրումներ… Հետո էլ տոնական համերգ: Իսկ ո՞ւր մնաց քաղաքը, ո՞ւր մնացին քաղաքացիները: Չէ՞ որ Քաղաքի օրը պետք է վերածվի խնդության ամեն մի բակում ու փողոցում, մշակութային ամեն օջախում: Իսկ Գյումրին, բարեբախտաբար, բազմաթիվ գեղարվեստական կոլեկտիվներ ունի, թատրոններ, թանգարաններ, պարային համույթներ, երկու պետական և մեկ փողային նվագախմբեր, արվեստների ինստիտուտների մասնաճյուղեր: Եվ ժամանակին, երբ քաղաքի մշակույթը կառավարել են իրազեկ մարդիկ` այդ բոլոր կոլեկտիվներն ու օջախներն իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել, քաղաքը վերածել երգի, պարի, խնդության հանգրվանի: Այս անգամ, սակայն, տաղտուկն էր միայն գերիշխում այնտեղ: Տպավորությունն այն էր, որ ամեն ինչ արվել էր մի քանի տասնյակ մարդու համար` մայրաքաղաքային պաշտոնյաներին ցույց տալու, թե այնտեղ ինչ-որ բան է արվում… Խոստացված պարգևատրումները եղան: Երեկոյան «Հոկտեմբեր» կինոթատրոնում հրապարակվեց դեռ մեկ տարի առաջ կայացված որոշումը` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Ժենյա Ավետիսյանին «Վարպետ» կրծքանշանով պարգևատրելու մասին: Գյումրու զինանշանով պարգևատրվեց սպորտի ոլորտում բացառիկ հաջողություններ գրանցած` ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ֆրանսաբնակ Ռոբերտ Էմմիյանը, գեղանկարչության զարգացման ու տարածման համար «Վարպետ» ոսկյա կրծքանշանի արժանացավ ՀՀ վաստակավոր նկարիչ Վոլոդյա Մարգարյանը` Վալմարը, հայ երգի ու երաժշտության ասպարեզում իր ուրույն դերի համար «Վարպետ» ոսկյա կրծքանշան հանձնվեց երգիչ` Ալիկ Գյունաշյանին: Նշենք, որ պարգևատրվածներից ոչ մեկը Գյումրիում չի ապրում, չնայած նրանք բոլորն էլ նախկին գյումրեցիներ են, իսկ Ժենյա Ավետիսյանի արմատները սերում են Կարսից, ծնողները ապաստան են գտել այս քաղաքում: Ուրախանալով բոլոր պարգևատրվածների համար, այնուամենայնիվ ուզում ենք հարցնել այս որոշումը կայացնողներին, թե ինչո՞ւ չեն գնահատվում նաև այսօր Գյումրիում ապրող նշանավոր մարդիկ` գիտնականներ, գրողներ, արվեստագետներ, ինչո՞ւ չի կարևորվում նաև նրանց վաստակը… Քաղաքի տոնի ամենապայծառ «կետը» Մուշ-2 թաղամասում քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանի այն հայտարարությունն էր, որ շինարարական աշխատանքները կանգ չեն առնելու: Իսկ սա նշանակում է` դեռ ոչ քիչ թվով անօթևաններ կարող են հուսալ, որ բնակարաններ անպայման կստանան:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ