«Լույսի մարդը»`  նաև կողոպտիչ 


 

Տարիներ առաջ, երբ էլեկտրական հաշվիչները դեռևս տեղադրված էին բնակարաններում և «լույսի մարդ»-բնակիչ հարաբերություններն ու հանդիպումները հաճախակի բնույթ էին կրում, էլեկտրիկների անսպասելի հայտնվելուն բառացիորեն վախ ու սարսափով էին սպասում օրենքը շրջանցողները`` պետությունից «լույս գողացողները»:

Այս կարգի մարդկանց համար էլեկտրիկը «բոբո» էր, քանի որ նրանք ոչ միայն պետությունից էին «լույսը գողանում», այլ եթե կուզեք ճիշտը իմանալ` հենց էլեկտրիկի ու նրա պետական չինովնիկ «շեֆերի» գրպաններից, որովհետև «ագահ» բնակիչը համարձակություն էր ունենում հոսանքը գողանալ առանց վերջիններիս «գիտության» ու թողտվության:

Փոխվեցին ժամանակները, և թվում էր, թե մերօրյա «լույսի մարդիկ» պիտի սոսկ դրսում դրված հաշվիչների թվերն արձանագրողներ լինեն, այսինքն կիրթ և «ինտելիգենտ» մարդիկ` հեռու բնակիչների հետ պղտոր գործարքներ կնքելու հավակնություններից և կասկածելի շփումներից: Մանավանդ որ` էլեկտրական ցանցերն արդեն պետության մենաշնորհը չեն, շատ հարուստ սեփականատերեր ունեն, իսկ էլեկտրիկներն էլ բարձր աշխատավարձ են ստանում: Մինչդեռ պարզվում է, որ որոշ վայ-էլեկտրիկ տեսուչների իսկական տեղը ոչ թե իրենց` այլևս «կուլտուրական» դարձած աշխատավայրն է, այլ դատապարտյալի ճաղավանդակը: Ինքներդ համոզվեք:

Հոկտեմբերի 23-ի կեսօրին ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 11 շենքի մի բնակարանից, կողոպուտ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Դեբեդ» մասնաճյուղի էլեկտրիկ-տեսուչ, 1973 թ. ծնված Արմեն Պետրոսյանին:

Պարզվել է, որ Պետրոսյանը մի քանի օր առաջ «Գլորիա» ՍՊԸ-ում բանվոր աշխատող իր բարեկամ Գևորգ Սարգսյանի հետ այցելելով Վանաձոր քաղաքի Տարոն-1 թաղամասի 6-րդ շենք, բնակարաններից մեկում ծեծի են ենթարկել տանտիրոջն ու բացահայտ հափշտակել նրա «Նոկիա» տիպի բջջային հեռախոսն ու պարանոցի ոսկյա շղթան:

Ուշագրավ է, որ այս դեպքը բացահայտվել է միմիայն ոստիկանության աշխատակիցների ունեցած օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում: Զարմանալի է, որ ծեծի ենթարկված և կողոպտված բնակիչն իր նկատմամբ կատարված հանցագործության վերաբերյալ ոստիկանություն չէր դիմել:

Նա հրավիրվել է բաժին և դեպքի առթիվ տվել հաղորդում, ինչից հետո ոստիկանները տուժողին ուղարկել են դատաբժշկական փորձաքննության: