ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԵԼ 


 

«Արմավիա» և «Զվարթնոց» ընկերությունների շարունակվող իբր հակամարտությունը լուրջ վնասներ է հասցրել հայկական օդագնացությանը և ուղևորափոխադրումներին: Արդեն հայտնի շատ ընկերություններ դադարեցրել են Երևան իրենց չվերթերը` այլևս չկամենալով գործընկերային հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ: Չի բացառվում, որ շատ շուտով մեր երկիրը հայտնվի նաև օդային շրջափակման մեջ, քանի որ միջազգային ճանաչում ունեցող մի շարք ընկերություններ անհուսալի գործընկեր են համարում թե´ «Արմավիան», թե´ Էռնեկյանի գլխավորած «Զվարթնոցը»:

Զարմանալի է, որ ստեղծված իրավիճակը չի անհանգստացնում Հայաստանի կառավարությանը: Չնայած բազմաթիվ հրապարակումներին, ԱԺ-ում պատգամավորների հնչեցրած հարցերին ու տագնապներին, կառավարությունն անհողդողդ կերպով խուսանավում է և հրաժարվում հստակ պատասխան տալ, շուտափույթ կերպով լուծել խնդիրները: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավորներից մեկը` եթե կառավարությունն այս բոլորին անմասն լիներ, ապա անմիջապես կառավարության արտահերթ նիստ կգումարեր, սակայն մեզ մոտ, հավանաբար, կան ինչ-որ մութ պայմանավորվածություններ, որոնք անցնում են կառավարության գիտությամբ կամ էլ հմուտ «դիրիժորությամբ»: