ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՅՌԱՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՆՈՐՕՐՅԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ

«Ու կյանքը սկսվեց...»

«Ու կյանքը սկսվեց...» խորագրով 10-րդ անհատական ցուցահանդեսի պաշտոնամուտի նախօրեն էր: Այդուհանդերձ, ինչպես բազմաթիվ անգամներ, հանրածանոթ նկարչուհու քննական տրամադրությունը պրկվում էր ցուցադրության կազմակերպչական գործընթացի ավարտվելուն համընթաց: Խմբային ցուցահանդեսների թիվը դժվարացավ ստույգ մտաբերել ՀՀ վաստակավոր նկարչուհի Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, ում հետ «Ավանգարդը» առանձնազրույց ունեցավ Ժամանակակից արվեստի թանգարանում:

Տպավորիչ մոնումենտալ թոթովանքներ

5 տարեկան էր Աննան, երբ սկսեց հաճախել Գեղագիտության ազգային կենտրոն: Նկարչուհի մոր վարած խմբակում գունեղ թոթովանքներն անկաշկանդ արտահայտելուն զուգահեռ խեցեգործությամբ տարվեց: Հաջորդ տարի, երբ ամենամյա խմբային ցուցահանդեսի համար ընտրում էին սաների լավագույն աշխատանքները, զարմացան, որ դրանցից 15-ը Աննա Հարությունյանի մեծադիր նկարներն են, խեցու հնարամիտ կիրառությամբ պատրաստած ոչ պակաս ուշագրավ գործերը: Վառվռուն գույների մոլի սիրահար էր: Գուցե այդ բարեբախտությանն է պարտական, որ Սարյանի արձանի մոտ նախաձեռնված մրցույթի մասնակիցներից առաջինը գրավել էր Գուրգեն Խանջյանի ուշադրությունը:

- Բալիկ ջան, դու հայտնի նկարչուհի կդառնաս,- ուսը թփթփացրել էր վարպետը:

- Շնորհակալություն, քեռի,- երախտագետ ժպիտով ինքն ընդունել էր բարի «անցորդի» խոսքերն ու շարունակել հայկական հարսանեկան խնջույքի իր ծավալուն պատկերի գունազարդումը:

- Գիտե՞ս, թե ով էր,- հանդիմանել էր անակնկալից շողշողացող մայրը,- չճանաչեցի՞ր, Գուրգեն Խանջյանը:

- Վա˜յ, բայց ինչպե՞ս,- ապշել էր Աննան...

Հիմա արդեն Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի կերպարվեստի բաժնի նրա սաներն են դյուրությամբ որդեգրում իրենց բազմափորձ ուսուցչուհու ստեղծագոր ծական գայթակղիչ դավանանքը, ավանգարդիստական ազատատենչ ձգտումները:

«Ու կյանքը սկսվեց...»

ԵՊՀ մշակույթի կենտրոնի «Համալսարանական» թատրոն-ստուդիայի սաները հիմնադիր գեղարվեստական ղեկավար Կարինե Դավթյանի իմպրովիզացիոն երևակայությամբ ՀՀ վաստակավոր նկարչուհու անհատական հոբելյանական ցուցահանդեսի բացման հանդիսության թատերայնացմամբ են բազմազբաղ: Հապա ինչպե˜ս: Չէ՞ որ արտերկրում մի շարք ցուցահանդեսներից ու բիենալեներից վաղուց ճանաչում գտած նկարչուհին երբևէ չի թերացել իրենց ուսանողական ներկայացումների դիտարժան բեմակերպարը ստեղծելիս: Միջազգային ճանաչման փայլուն վկայությունն էր նաև Պիետրո Ֆրանեսիի բարի կամքով ի կատար ածված այս ցուցահանդեսը: Դաշնամու րային նվագակցությամբ «Հայր մեր» ու «Սուրբ, Սուրբ» են երգում` ընդարձակ սրահում ներկայացվող 12 անվերնագիր կոլաժային, ռելիեֆային, նորարարակական այլևայլ զուգորդումներով արված կտավների ներթաքույց իմաստներն ընկալելուն կողմնորոշելու միտումով: Ստուդիականների կենդանի ֆիգուրները, որպես Հիսուսի 12 առաքյալների հետնորդներ, յուրովի մատնացույց են անում հիմնականում բնական հումքի կիրառությամբ խառը տեխնիկայով արված կտավների առանցքային խորհրդանիշերը:

Այցելուներին ցուցասրահի մուտքից դանդաղընթաց ուղեկցող ասկետիկ երիտասարդները նախ կանգ են առնում երկնքի ու երկրի ընդերքի միջև սփռված մեր կործանվող մոլորակը ներկայացնող եռամաս կտավի առջև: Այցելուները երկար-երկար մտազննում են Աննա Հարությունյանի տիեզերական ուրույն վարկածներն ամբողջացնող մյուս անպարագիծ աշխատանքները: Չշրջանակված ու անվերնագիր ուղերձները յուրաքանչյուրին սեփական վարկած ստեղծելու կամ վերանայելու խթան են դառնում: Նկարչուհու մտահայեցակետով` Աստվածային արարչագործության սաղմնային փուլում միաժամանակ ձևավորվում են բանական մարդու մարմինն ու հոգին: Եվ աշխարհ է մտնում յուրաքանչյուրն իր անշփոթելի նկարագրով, առաքելությամբ, ինքնատիպ խաչելությամբ, բայցև երկրային փորձություններին դիմագրավելու ուժ տվող պահապան հրեշտակով: Անցնում է նույն կյանք-լաբիրինթոսի հավերժահոս բարդ բավիղներով` ծնունդ, պայքար, սեր, մահ... Նախամարդուց մինչև առասպելական հանրահայտ հերոսներ, 21-րդ դարի քաղաքացիներ: Տիեզերքի նախաստեղծ ժամանակներից, երբ գուցե միայն հրեշտակներն էին թևածում երկնային դրախտում, կորսված քաղաքակրթություններից մինչ մեզ հասած պատմական շրջափուլերը, Հիսուսի խաչելությունը հանուն վերասերված մարդ արարածի մաքրագործման, հոգու փրկության: Կրկին վերընձյուղվում է Կենաց ծառը 7 հիմնական խորհրդանիշեր միավորող ամենաուշագրավ «խաչակտավում»` դրվագված հայկական եկեղեցու մանրակերտերով: Քրիստոսի ոտնահետքերը անջնջելի են, որքան էլ որ քառատեն նրա քարոզած մարդասիրական հավատքը: Աստծո ամենատես աչքը աներևույթ հսկում է իր պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդ-արարածի դժոխային կերպափոխությունները...

Հոգու փրկության մտահոգության կնիքը կարելի է գտնել բոլոր 12 կտավներում: Նաև` վերջինում, որում հստակ առանձնանում է Երուսաղեմը` հայելային անդրադար ձով թափանցիկ ակնարկելով մեր չավերակված Անին, քրիստոնեության մայրաքաղաք Էջմիածինը:

Կերպարվեստասերներից նրանք, ովքեր քաջածանոթ են հայկական ժայռապատկերներին, շուտով գտնում են Աննա Հարությունյանի պատկերահանդեսի գլխավոր ասելիքի վերծանման բանալին: Այդուհանդերձ, կենսական պահանջ են զգում նորից ու կրկին նրա ներաշխարհի նորահայտ 12 ուղերձների ենթիմաստներում խորասուզվելու, իրենց հպանցիկ տպավորությունները ճշգրտելու:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ