Երևանի օրհներգի բազմատաղանդ հեղինակը


Մինչ զննում ես փառատոնային ծրագիրը, անկարող ես դառնում զսպել ներքին ընդվզումդ` ազգային ինքնագիտակցության վերազարթոնքի ակունքներում ամուր կանգնած կոմպոզիտորին մեծարելու կոչված այս փառատոնի «Հովհաննիսյան-ֆեստ», նախորդների «Սարյան-ֆեստ», «Բաբաջանյան-ֆեստ»... բնորոշումների դեմ: Ինչո՞ւ «ֆեստ»... Մտաբերում ես հատկապես Հայաստանի պետականերիտասարդական նվագախմբի ազդագրերում «փառավորապես հաստատված» օտարածին և օտարագիր բազում այլ բառեր ու արտահայտություններ և զարմանում, որ դրանց կիրառությանը չեն ընդդիմանում ոչ ՀՀ պետական լեզվի մաքրության պահպանմանը «հետամուտ» տերմինաբանական կոմիտեն, ոչ էլ պետական որևէ այլ կառույց...

Հայաստանի Հանրապետության մշակութային հորիզոնների հանդեպ լավատեսությամբ ես համակվում, երբ ազգային արժեքները մոռացությունից փրկելու նոր սերնդի նախանձախնդրությունը հուսալի պատվար է գտնում պետական վերին ատյաններում: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ արդեն 6-րդ անգամ անցկացվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը, անկասկած, առավել հավատընծա են դարձնում հոգևոր զարթոնքի ակնկալություններդ: Ավագների` Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների ու նրանց կրթած հետնորդների` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կազմակերպչական եռանդուն համախոհությամբ ավանդական դարձած այս փառատոնի համերգաշարերով ոչ միայն նշանավորվել են ականավոր արվեստագետների (Ղազարոս Սարյանի, Առնո Բաբաջանյանի, Տիգրան Չուխաջյանի, Ռոմանոս Մելիքյանի և Ավետ Տերտերյանի) ծննդյան հոբելյանները, այլև հանրությանն են ներկայացվել հարյուրից ավելի անվանի և սկսնակ հայ կոմպոզիտորների տարաժանր ստեղծագործություններ: Որդեգրած գաղափարախոսությանն անդավաճան կայացավ նաև 6-րդ փառատոնը:

Տրտմաթախիծ տրամադրություն է հարուցում Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի համերգասրահում Էդգար Հովհաննիսյանի կյանքի վերջին շրջանում նրա տառապանքին հոգևոր-բարոյական որոշակի թեթևություն պարգևած սանուհու` երաժշտագետ Ծովինար Մովսիսյանի մուտքի խոսքը: Ոչ տոնական մթնոլորտը թանձրանում է` հոգեբանական դրամայի նվիրական հնչերանգներով առլեցուն սոնատի ալտահար Յանա Դարյանի ներազդու մենանվագով: Կամա-ակամա նոր մռայլ գույներ են հավելվում «Արս լունգա» դուետի միակամ զուգանվագով մատուցված սոնատ-էպիտաֆիայի ապրված հնչյունների ներքո: Չէ՞ որ դրանք ներթափանցված են Մինաս Ավետիսյանի հանկարծահաս կորստի ցավով և աներևույթ վերապատկերում են Մինասի «Թորոս Ռոսլինի ծնունդը» հայտնի կտավը` առանձնակի շեշտադրելով որդեկորույս մոր ողբը:

Ինքնանպատակ հավակնությունները խորթ են եղել նորարարական տաղանդով ժամանակի երաժշտարվեստում լայնախոհ արվեստագետին: Հայ ժողովրդական երաժշտական մշակույթի տարբեր շերտերին դիմելը, որպես կանոն, բխել է երկի կոնկրետ բովանդակությունից: Ինչպես, ասենք, Ավետիք Իսահակյանի հիշատակին ձոնված թիվ 2 կվարտետում` ժողովրդական մի շարք երգերի, «Անտունի» բալետ-օպերայում` «Կռունկ» երգի, «Սասունցի Դավիթ»-ում` էպոսի երգային հատվածների օգտագործումը: Հեռուստառադիոպետկոմի Հայ երգի նորաստեղծ կամերային երգչախմբի ուրույն երգացանկը հարստացրած ժողովրդական երգաշարերն ու Վահան Տերյանի խոսքերով գրված 20 խմբերգերը պատահաբար չեն մնայուն տեղ գրավել ձայնադարանի ոսկե ֆոնդում: Մինչ այժմ էլ լայն ժողովրդականություն են վայելում ինչպես մայրաքաղաքի օրհներգը դարձած «Երևան-Էրեբունի», այնպես էլ «պատմական անցյալ» թվացող «Արփա-Սևան», «Սարդարապատ» երգերը, կինոերաժշտությունը: Չմոռանանք հիշատակել նաև հայկական նոր բալետի ծնունդն ազդարարած «Մարմարի» երաժշտության հիման վրա Արամ Խաչատրյանի խորհրդով վերակերտված համանուն սյուիտը:

Գրիգոր Եղիազարյանի և Արամ Խաչատրյանի արվեստանոցներում ինքնատիպ տաղանդը հղկած կոմպոզիտորի ստեղծագործության հիմնական մոտիվներն են եղել ժողովուրդը, նրա պատմությունն ու արդի կյանքը: Կազմակերպչական ջիղը հայրենասիրության նորահայտ պոռթկումներով է ի հայտ եկել 1956-ից մինչ անարև 90-ականները` թե´ Հայաստանի, ապա` ԽՍՀՄ կոմպոզիտորների միություններում, թե´ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում, թե´ Հայաստանի երգի-պարի պետական անսամբլում, թե´ Երևանի պետական կոնսերվատորիայում:

Հայ երաժշտության գանձանակում խորին սիմֆոնիկացումով են առանձնանում Հովհաննիսյանի «Մարմար», «Երկնագույն նոկտյուրն», «Հավերժական կուռք» բալետները: Խորհրդահայ երաժշտության մեջ առաջիններից մեկը դիմելով բալետ-օպերայի ժանրին («Անտունի», «Սասունցի Դավիթ»)` ստեղծեց պարողների, մեներգիչների, ասմունքողի և երգչախմբի փոխգործակցությամբ հյուսված երաժշտաբեմական նորաոճ կտավներ: Սիմֆոնիկ և կամերային գործերում ավանդական ձևերին հնարամտորեն համադրեց Արևելքի երաժշտությանը բնորոշ պատմողականությունը: Իր դավանանքին հավատարիմ մնաց ստեղծագործական տարեգրության ամբողջ ընթացքում` դիմագրավելով հեղաբեկումների ավերիչ գրոհները: Հավաստիքը 4 պիեսներից («Ոսկեմայր Անահիտ», «Հայրեն», «Նախնյաց ձիարշավ», «Ալելուիա») կազմված սյուիտն է նաև` գրված 2 դաշնամուրի համար: Գործիքի տեխնիկական և հնչական հնարավորություններին փայլուն տիրապետող արվեստագետի վերջին գործերից մեկը, որն իր պոռթկուն հնչերանգներով հոբելյանական համերգաշարում վերստին արժևորվեց հանրահայտ դաշնակահարներ Արմեն Բաբախանյանի և Ռոման Նամալյանի նորահմա զուգանվագով:

Էդգար Հովհաննիսյանի 85-ամյակին նվիրված երաժշտատոնի եզրափակիչ համերգում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ներշնչված կատարմամբ կենդանացան 13 տարվա լռության դատապարտված «Գողգոթա» սիմֆոնիկ պասակալիայի անշփոթելի հնչերանգները: Զարմանալիորեն զերծ է այս «Գողգոթան»` կոմպոզիտորի նախապատվելի հնագույն ժանրին բնորոշ հուսալքության նոտաներից, չնայած միտված էր գեղագիտորեն ի մի բերելու Էդգար Հովհաննիսյանի կյանքի վերջին դժվարին տարիների բովանդակությունը: Գուցե այն պարզ պատճառով, որ ծանր հիվանդությունը հասարակական լայնահուն առօրյայից ինքնակամ մեկուսացրել էր մեծանուն արվեստագետին, ու նա ապավինել էր իրենում պարփակված ստեղծագործական անսպառ էներգիայի ապրեցնող հզոր ներուժին: Եվ առեղծվածային մի կարողությամբ հասցրել է արարել անցյալի ու ներկայի խոհափիլիսոփայական ընդհանրացումների արգասիք երաժշտական վերջին կտավները ևս:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ