Ապազգային «ազգայիններին»


Օրերս Արագած լեռան գագաթ է բարձրացել լեռնագնացների հայ-թուրքական մի արշավախումբ: Ընդ որում թուրքերն իրենց հետ տարել են թուրքական դրոշ, որը դրվել է Արագած լեռան գագաթին, հայկական պետական դրոշի կողքին: Թուրքիայի իշխանությունները Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությունը նույնպես նշանավորեցին եկեղեցու գլխին թուրքական դրոշ դնելով (սա ծաղր էր ոչ միայն ՀՀ-ից գնացած պատվիրակության համար): Եվ ահա հիմա էլ Արագածի գագաթին է ծածանվում թուրքական դրոշը` մեր «ազգային» ու «Ստամբուլը արյան ծով» դարձնելու երդում տված իշխանությունների հերթական անբարո թողտվությամբ: Մենք այս քայլը համարում ենք ոտնձգություն մեր ցեղասպանված նահատակների ու ազգային արժանապատվության դեմ: Այն պայմաններում, երբ թուրք սահմանապահները հենց սահմանային անցակետերում ստուգում եւ առգրավում են հայկական ցանկացած խորհրդանիշ` հատկապես մեր պետական դրոշը` արգելելով դրանց մուտքը Թուրքիա, երբ թուրքական կառավարությունը ոչ մի գնով թույլ չի տալիս հայկական որեւէ արշավախմբի բարձրանալ Արարատ լեռը (ուր մնաց հայկական դրոշով), մենք թույլ ենք տալիս թուրքերին բարձրանալ մեր ազգային խորհրդանիշերից մեկը հանդիսացող Արագած լեռը ու թուրքական դրոշ պարզել գագաթին, այն էլ Ապրիլի 24-ից մի քանի օր առաջ: ՀՀ իշխանություններին հիշեցնենք, որ երբ հայ մարզիկները, մասնակցելով Թուրքիայում անցկացված միջազգային մրցումներին, հաղթում են, նույնիսկ այդ ժամանակ կազմակերպիչները թույլ չեն տալիս, որ հնչի ՀՀ օրհներգը ու բարձրացվի ՀՀ դրոշը... Այս հարցում էլ մենք Հռոմի պապից ավելի կաթոլիկ եղանք: Հերիք չեղա՞վ` անթասիբ լինելով ազգ եք ծաղրում: Միգուցե վաղն էլ Հանրապետության հրապարակում կամ ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակների վրա բարձրացնեք թուրքական դրոշը` հանուն հայ-թուրքական հաշտեցման ու եղբայրացման, կամ հանուն «30 արծաթի»` թքած ունենալով թե° ձեր, թե° ազգի արժանապատվության, մեր պատմության ու ողբերգության վրա: «Պատմութ յունը չի սովորեցնում, այլ պատժում է իրենից դասեր չստացածներին», իսկ դուք ոչինչ չեք սովորել մեր պատմությունից, բացի այն բանից, որ յուրաքանչյուր պահի կարելի է սեփական ազգի նվաստացման ու բարոյալքման գնով հարստություն դիզել... Մինչդեռ հենց նույն պահին էլ Արագածի գագաթին կփողփողա թուրքական մահիկը: Ամենամեղմ բնորոշումը այդ ամենի հեղինակներին որ կարելի է տալ` ստորաբար դավաճանությունն է, ուստի իշխանատենչների մնացյալ «ազգային» բարբաջանքներն անարժեք են այլեւս: Հայ Արիական Միաբանության «Ոգու պահապաններ» ուսանողական եւ երիտասարդական կազմակերպություն