Նամակ ապագային


Հետաքրքիր և ուսանելի մի ավանդույթ է գործում ամերիկյան դպրոցներում. տարրական դասարանների աշակերտները ապագա սերունդներին նամակներ են գրում, ապա բոլոր ուղերձները տեղադրվում են «ժամանակի պատիճի» մեջ և հորում են ուսումնական հաստատության տարածքում: Սովորաբար իրենց այդ գրություններում երեխաները պատմում են իրենց սիրելի կինոնկարների, երաժշտական խմբերի մասին, գրում են, թե ինչպես են պատկերացնում աշխարհն ապագայում: Մեր մանկավարժները ևս գուցեմտածեն այս փորձն ընդօրինակելու մասին, սակայն այդ մասին չէ, որ պատրաստվում ենք պատմել:

Նյու-Մեքսիկո նահանգի դպրոցներից մեկի շենքը քանդելիս` բանվորները գտել են «ժամանակի պատիճներից» մեկը, որը սոսկալի նամակ է պարունակում (տեղեկացրել է PΖleofuture կայքը): Դրա հեղինակը` 10-ամյա Գրեգ Լի Յանգմենը գրել է, որ իրականում ինքը մեռած է.

- Ես մեռած եմ: Ես գնում եմ Մոնթհոմերի դպրոց: Դա դպրոցի հին անունն է: Ես ծնվել եմ 1900 թվականին: Հիմա ես մահացած եմ: Իմ սիրելի զբաղմունքը ոստիկաններին վախեցնելն է: Ես կիթառ եմ նվագում: Եթե դուք չգիտեք` դա լարերով տախտակ է: Ես 10 տարեկան եմ: Մինչ հանդիպում, վայրենիներ:

Մինչ օրս չի հաջողվել որևէ մանրամասն ճշտել հանելուկային այդ նամակի հեղինակի, նրա կյանքի ու մահվան մասին: Քաղաքի ուսումնական հաստատությունների կոմիտեն հիմա արտատպում է բոլոր նամակները` դրանք համացանցում տեղադրելու: Հույս ունեն, թե ինչ-որ մեկը կճանաչի դրա հեղինակին և տեղյակ կլինի Գրեգ Լի Յանգմենի ճակատագրից:

Կարելի էր նաև դա չարաճճի կատակ համարել, սակայն տարրական դասարանի երեխան հազիվ թե նման տեքստ գրեր: