Բայց հնարավոր են միանգամայն այլ զարգացումներ:


Նկատի առնելով մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նախաձեռնողական ակտիվությունը, ԱՄՆ-ի ոչ միայն լոյալ, այլ նույնիսկ խրախուսական արձագանքները, երրորդ համանախագահ երկիր Ֆրանսիայի պատրաստակամ աջակցությունը, կարելի է պնդել, որ աշխարհաքաղաքական կենտրոնները ոչ միայն կստիպեն Ադրբեջանին` շարունակել խաղաղ բանակցությունները, այլ կվերանայեն նաև բանակցային ձևաչափը, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսուհետ լիարժեք կողմի կարգավիճակով կմասնակցի բանակցություններին: Հենց այս իրողության ապացույցն է, որ Իլհամ Ալիևի ռազմատենչությունը աստիճանաբար վերածվում է ցնդաբանության, քանի որ հարևան երկրի ինքնիշխան սուլթանը չի կարողանում համակերպվել իրականության հետ: Առաջիկայում Արցախի հիմնախնդիրը կարգավորելու ծանրակշիռ առաջընթացի առավել էական ու հիմնավոր ապացույց են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հրապարակային ելույթները: Հանգամանալի վերլուծության պարագայում կարելի է նույնիսկ ուրվագծել ոչ միայն հայկական կողմի պահանջած լուծումների բովանդակությունն ու հետապնդած արդյունքը, այլ նաև կիրառվելիք մարտավարության ու ռազմավարության հիմնադրույթները: Հայաստանի Անկախության 19-րդ տարեդարձի, Սյունիքում` Տաթև վանական համալիրում, այնուհետ սփյուռքյան լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը բացահայտորեն հաստատում է, որ բանակցային գործընթացը թևակոխել է որակական նոր փուլ, և Հայաստանը, հայկական դիվանագիտությունը, Հայոց երկու պետությունների խորհրդարանական, կառավարական ու մյուս բոլոր պատվիրակությունները, հասարակական կառույցներն ու տեղեկատվական համքարությունը այսուհետ միջազգային բոլոր ատյաններում ներկայանալու են միանգամայն նոր դրսևորումներով: Նախևառաջ, ցանկացած մակարդակում հայկական կողմը գործադրելու է սեփական զինանոցի բոլոր գործիքները, որոնք օգտագործելուց առայժմ ձեռնպահ է մնացել` միայն իրավիճակը անհարկի չլարելու նկատառումներով: Նախագահը նախ մեզ, մեր մեջ ծիլարձակող թերահավատությունն ու այլադավանությունը սասանելու, «հինգերորդ շարասյուները» մերկացնելու վճռականությամբ, ապա նաև օտարներին հիշեցնելու համար շեշտում է մեր հազարամյա փառավոր պետականակերտ ավանդույթները. «Մեր արքայական ու նախարարական տները, թիկունքում ունենալով համազգային աջակցություն, իրար են փոխանցել հայ ինքնության, ոգու և պետականության դրոշը: Եվ դա արել են ոչ թե սպասելով իրենց աստեղային ժամին, այլ կերտել են այդ աստեղային ժամը. ազգ են համախմբել գաղափարի շուրջ, միջոցներ են կենտրոնացրել սուրբ նպատակին անվրեպ հասնելու համար, կռվել են ու բանակցել, կառուցել են ու արարել, արվեստ ու գիտություն են հովանավորել: Արդյունքում մեզ թողել են ժառանգություն, որ հարուստ է և պարտավորեցնող»: Սերժ Սարգսյանը նաև հայտարարում է, որ դիվանագիտական խոհեմ հանդուրժողականությանը զուգահեռ, այսուհետ մենք արժանին ենք մատուցելու մեր բոլոր հարևաններին. - Այո°, մենք շարունակում ենք զարգանալ անօրինական շրջափակման պայմաններում: Մենք ոչ ոքի թշնամի չենք համարում, բայց ունենք հարևաններ, որոնց թե° խոսքը, թե° գործը ակնհայտ թշնամական բնույթ ունեն: Սա ցավալի է, բայց փաստ է: Մենք ստիպված ենք մեր քայլերը կատարել` ելնելով առկա իրողություններից: Մենք գնում ենք դժվար, բայց միակ ճիշտ ճանապարհով, որն Արցախի անկախության և տևական խաղաղության ճանապարհն է: Մեզ մի° փորձեք վախեցնել, մենք վախեցող տեսակից չենք, մի° հոխորտացեք ու ինքներդ ձեզ հիմար դրության մեջ մի° դրեք, մեզ չի° կարելի պարտադրել, մենք հնազանդ տեսակից չենք: Մեր հույսը մենք ենք: Ասվածը չի նշանակում, թե մենք չունենք բարեկամներ, դաշնակիցներ ու գործընկերներ: Հայաստանի նախագահը նաև համայն աշխարհին հայտարարում է, թե ինչպես ենք հասնելու մեր նվիրական նպատակներին. - XXI դարում ամենահզոր զենքերից մեկը ճշգրիտ և օպերատիվ տեղեկատվությունն է, որի նպատակային ուղղորդումը շրջադարձային կարող է լինել իրադարձությունների զարգացման ընթացքում: Պետք չէ մոռանալ, որ մարտի դաշտում տարած հաղթանակն անհրաժեշտ է ամրապնդել դիվանագիտության ոլորտում: Սուտ ու կեղծիք, սև քարոզչություն տարածող մեր հարևանի նավթադոլարներին մենք հակադրել ու հակադրելու ենք աշխարհասփյուռ մարդկային մեր ներուժը, և հաղթելու ենք, որովհետև ստով ու կեղծիքով հնարավոր չէ հեռու գնալ: Ադրբեջանում ակնհայտ է հակահայկական ֆաշիզմի ծավալումը, որ իրականացվում է ծրագրված կերպով և ամենաբարձր մակարդակով: Ադրբեջանը զարմանում ու զայրանում է, որ միջազգային հանրությունը և եռանախագահող երկրների նախագահները հրապարակայնորեն ճանաչում են Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ադրբեջանի հուսահատական ջղաձգումների մեխը հենց այստեղ է: Ասվածը միանգամայն բավարար է` պնդելու համար, որ Աստանայում նախագահների հանդիպումը, եթե նման պայմանավորվածություն ձեռք բերվի Աստրախանում, տեղի կունենա բոլորովին այլ սկզբունքներով: Ադրբեջանը անհրաժեշտորեն պետք է հրաժարված լինի ոչ միայն ռազմատենչ հռետորությունից, այլ նաև դիվերսիոն գործելաձևից: Պետք է վերջնականորեն հավաստիացնի, որ այլևս բանակցությունները շարունակվելու են Մինսկի խմբի առաջադրած հայտնի երեք միջազգային սկզբունքների համահավասարության ու համադրման հիման վրա: Հետևաբար, Ադրբեջանը նաև պետք է գիտակցի, որ հետագա մանրամասներն ու կարգավորման հանգամանքները ճշգրտելու է ԼՂՀ ներկայացուցիչների հետ և բանակցային սեղանի շուրջ: Հայաստանի բանակցային կեցվածքը, ակնհայտորեն, առավել վճռական ու հիմնավոր, պատվախնդիր ու շրջահայաց է դարձել: Նախագահ Սարգսյանի նշված ու հայտնի հրապարակային մյուս պնդումները հաստատում են, որ հայկական կողմն ազգային-պետական առաջնային նպատակն իրականացնելու համար այսուհետ գործադրելու է բոլոր քաղաքակիրթ ու միջազգայնորեն ընկալելի միջոցները: Մինչդեռ, ադրբեջանական կողմի գլխավոր ու հիմնական ձգտումը դառնալու է գոնե առկա ստատուս-քվոն պահպանելը: Դե իսկ ադրբեջանական սուլթանն առայժմ կարող է միայն իր իշխանությունը պահպանելու համար նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք ընտրություններում խամաճիկ մեջլիս ձևավորելու մտատանջությամբ տառապել:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ