Ամանորյա մտորումներ Հեքիաթ, որը պետք է իրականացնենք


-Երեխաներ, շուտով Նոր Տարի է լինելու,- ասաց մանկապարտեզի դաստիարակչուհին,- Ձմեռ Պապին արդեն ճանապարհին է: Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ են ապրում Ձմեռ Պապիները: Չգիտեք..., դե հիմա լսեք:- Ամեն երկիր ունի իր Գլխավոր Ձմեռ Պապին, որն ապրում է գյուղերից, քաղաքներից հեռո¯ւ-հեռո¯ւ ցուրտ անտառներում կամ մեծ քարայրներում, կամ էլ` բարձր լեռնագագաթներում, որտեղ ձմեռը խիստ ցուրտ է, ձնառատ: Այ, օրինակ, ֆինների Գլխավոր Ձմեռ Պապին ապրում է Լապլանդիայի խուլ անտառներից մեկում, Ռուսաստանի Ձմեռ Պապին շքեղ մի դղյակ է ստացել Վոլոգոդի մարզի հեռավոր Վելիկի Ուստյուգ քաղաքի մոտակայքի դարավոր եղևնիների անտառում: Նրանք ամառ-ձմեռ երեխաների համար հորինում են հեքիաթներ, երգեր, ոտանավորներ, հանելուկներ, պատրաստում են խաղալիքներ, նվերներ, ընդունում են հյուրեր: Հարուստ են նրանց մառանները մրգերով, չիր ու չամիչով, քաղցրավենիքով, անտառի բարիքներով: Նրանք ամեն տարի բոլորից շուտ են դիմավորում առաջին ձյունը և ամենից ուշ հրաժեշտ տալիս վերջին ձյանը: Հայաստանի Գլխավոր Ձմեռ Պապին, ցավոք, առ այժմ չունի հաստատուն բնակավայր: Բայց ես նրա համար ընտրել եմ մի շատ հարմար բնակատեղի, որի անունը դիտավորյալ չեմ տալիս, որպեսզի իմ պատմածով դուք կռահեք այդ վայրի գտնվելու տեղը: Եվ այսպես, համայն հայության Գլխավոր Ձմեռ Պապը պետք է ապրի հանրապետության ամենաբարձր լեռներից մեկի գագաթին: Այնտեղից նա կտեսնի ամբողջ Հայաստանի տարածքը: Ասում են, որ այդ բարձունքից պարզ օրերին երևում են նաև Նեմրութը, Սիփան սարը և Վանա լիճը: Ձմեռ Պապիկի աթոռանիստ բարձունքը զարդարում են մի գողտրիկ լեռնային լճակ իր ջրերով, քարաշեն ափերով և դրա շուրջը փռված գույնզգույն ծաղիկներից հյուսված չնաշխարհիկ գորգեր, որոնք խնամքով պահպանվում են: Լճակի ջուրը չափազանց սառն է, ոչ բոլորը կարող են լողանալ: Առասպելն ասում է, որ այդ լճի ջրերը գետնի խորքերով հոսում, դուրս են գալիս Արարատյան դաշտ մի նոր լճի տեսքով, որից էլ սկիզբ է առնում Հայաստանի ամենից կարճ, բայց ջրառատ գետը` Մեծամորը: Ասում են նաև, որ երբեմն լեռնագագաթի վրա երկնքից գիշերներին կախվում են Լուսավորիչի կանթեղները: Մեր Ձմեռ Պապն այստեղ երբեք մենակ չի մնա, չի տխրի: Նրա մոտ միշտ այցելելու են լեռնագնացներ, զբոսաշրջիկներ, հովիվներ, դահուկորդներ, իսկ հարևանությամբ օրնիբուն աշխատելու են գիտնականները և օդերևութաբան ները: Ձմեռ Պապիկի ամենաերջանիկ օրն է, երբ նրան այցի է գալիս Ձյունանուշիկը, և նրանք միասին տոպրակները լցնելով համեղ մրգերով, խաղալիքներով շքեղ զարդարված սահնակով սրընթաց կիջնեն իրենց երկնային բարձունքից դեպի գյուղեր, քաղաքներ: Նրանց առաջին հանդիպումը տեղի է ունենալու սարալանջին փռված հայտնի Բյուրական գյուղի երեխաների հետ: Կարճ հանդիպումից, ուրախ երգ ու պարից հետո նրանք կանցնեն շատ ու շատ գյուղերով, քաղաքներով և վերջապես հունվարի 1-ին կլինեն Երևանի Հանրապետության հրապարակում կանգնած լույսերով, խաղալիքներով, ծաղկաժապավեններով զարդարված Հայաստանի ամենամեծ տոնածառի մոտ: Ձմեռ Պապին և Ձյունանուշիկը 13 օր հանդիպումներից հետո նրանց կճանապարհեն ... . Երեխաներ, ի՞նչ եք կարծում, ո՞ւր: Դե, իհարկե, դուք կռահեցիք, դեպի քառագագաթ Արագածի բարձունքները: Այդ հսկա լեռնազանգվածը մեր երկրի ամենաաշխատասեր, վաստակաշատ լեռն է, որի փեշերին փռված դաշտերը, այգիները, բազմաթիվ ջրամբարները, ջրանցքները, սառնորակ աղբյուրները, հանքավայրերը, բերք ու բարիք են պարգևում երկրին: Հարգելի մեծահասակներ, երեխաների համար հորինված այս իրական հեքիաթն ավարտվեց: Դուք գիտեք, որ մեր ժողովրդի պատմության դժվարին տարիներին մեր լեռները միշտ պատսպարել են ոսոխներից: Այժմ հասել է պահը, որ մենք էլ պահպանենք նրանց և փառաբանենք: Այժմ դիմում եմ ձեզ և կոչ եմ անում` Արագած լեռան գագաթը խորհրդանշական ձևով հռչակել որպես Համայն Հայության Գլխավոր Ձմեռ Պապիկի մշտական աթոռանիստ: Քանի դեռ մեր Մասիսները կալանքի են վերցված, Արագածն է արժանի դրան և նա պատվով կկատարի այդ պատասխանատու պարտավորությունը: Եթե նրա լանջերը պսակվել են համահայկական շքեղ շուրջպարով, ապա վեհապանծ գագաթը արժանի է այդ բարձր տիտղոսին: Այս միտքը ինձ հուշեց Ռուսաստանում բնակվող իմ որդին, և մենք ամբողջ ընտանիքով խնդրում ենք բոլորին -բոլորին օրինականացնել այս գեղեցիկ ավանդը: Ես խորապես համոզված եմ, որ մեր հանրապետության, Արցախի, Սփյուռքի նկարիչները, լրատվական միջոցները կանեն ամեն ինչ այս նախաձեռնությունը իրականացնելու համար: Կհրատարակվեն շնորհավորական բացիկներ, ծրարներ, դրոշմանիշներ, հուշանվերներ և շատ այլ խորհրդանիշեր: Այսուհետ մենք կունենանք մեր Ամանորի շնորհավորական բացիկները, իրար կուրախացնենք մերով և ոչ թե փոխ վերցվածներով: