ՄԱԵՍՏՐՈՅԻ ԿԱԽԱՐԴԱԿԱՆ ՁԵՌՔԵՐԸ


Հովհաննես Չեքիջյան_85

«Թվում է, թե Հովհաննես Չեքիջյանի ձեռքերը հպվել են մարդկային ձայնի դեռևս չհայտնագործված մի գործիքի: Այդ ձեռքերը մեզ ստիպեցին լսել գործիքների արքայի` երգեհոնի հնչողությանը շատ մոտ ինչ-որ մի բան: Եվ թվում է, թե այդ երգեհոնում կա մարդկային շնչառություն, բացահայտվում են ամենախոր շարժումներն ու զգացողությունները »:

Օլգերտ Գրավիտիս

Տարին դեռ չի ավարտվել…

Ու այն մեր արվեստի մեծերինն է: Երջանիկ պատահականությամբ, իրենց 85-ամյակը նշեցին Վարդուհի Վարդերեսյանը, Ջիվան Գասպարյանը, Հովհաննես Չեքիջյանը… Մեծերով է ազգը մեծ ու հարուստ, մեծերն են ստեղծում ազգի հոգևոր պատմությունը: Ուստի նրանց անդրադարձը ոչ թե կարոտախտ է և նոր արժեքների ժխտում, այլ արժևորումն է մեր անցած ճանապարհի ու մեր հոգևոր կուտակումների: Աղքատ, շատ աղքատ կլինեինք, եթե մեր մեծերը չլինեին, եթե չմտածեինք, որ երևանյան արևի տակ, միլիոնանոց երթի մեջ են նաև մեր ականավորները, նրանք, ովքեր Ոգու իրականության սահմաններն են գծում: Եթե չմտածեինք, որ մեզանից ոչ շատ հեռու, մի փորձասրահում, իր ձեռքերը վեր պարզած` երաժշտություն ու երգ է արարում Հովհաննես Չեքիջյանը: Բոլոր ժամանակների մեր մեծագույն խմբավարը, ով նոր շունչ հաղորդեց մեր ժողովրդական երգին, կոմիտասյան ելևէջումներին, ում շնորհիվ մեր երգը պոկվեց հայրենի եզերքներից ու հասավ հեռավոր երկրներ` ամենուրեք հնչելով մերթ խրոխտ ու հպարտ, մերթ նկուն ու վշտաբեկ, մերթ հոգեզմայլ ու հոգեթով, մերթ ողբերգական ու վիրավոր…

Ե՞րբ այդ երգի առաջին հնչյունները հասան Հովհաննես Չեքիջյանին, ե՞րբ զգաց մեր երգի ու մեղեդու գրավչությունը: Մաեստրոն պատմում է, որ հինգ տարեկանից նվագել է դաշնամուր:

Եվրոպականի ու ասիականի խառնուրդն իր վրա առած Ստամբուլում դաշնամուրը շատերի տան զարդն էր: Հայկական ամեն մի ընտանիք իր պարտքն էր համարում դաշնամուր ունենալ, որովհետև այն դարի լուսավորության ոգին էր բերում, չնայած Թուրքիան դեռ խարխափում էր աղքատության մեջ: Էությամբ ու նկարագրով հայ ծնողները նրան տարել են Մխիթարյան ազգային վարժարան, իսկ հետո էլ ֆրանսիական Սեն Միշել վարժարան: Երաժշտությունն էր նրա աշխարհը, և նա էլ աշխարհը զգում էր երաժշտությամբ: Ուստի վարժարանն ավարտելուց հետո Ստամբուլի կոնսերվատորիա է գնացել, կատարելագործվել «Էկոլ նորմալ դը մյուզիք» կոնսերվատորիայում` աշակերտելով պրոֆեսոր Ժան Ֆուռնեին, նրանից սովորել դիրիժորական դասեր:

Հրաշքի էր նման. ընդամենը 16 տարեկան պատանին կանգնեց Ստամբուլի «Դուրյան» հայկական երգչախմբի առջև, բարձրացրեց ձեռքերը, ու երգ ծնվեց ձեռքերի այդ շարժումից: Հայկական երգ… Կոմիտաս ու Եկմալյան… Հոգևոր ու աշխարհիկ երգերը միաձուլվեցին նրա ներկայացրած հայտագրերում… Տասնինը տարեկան հասակում կանգնեց Ստամբուլի սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորն էր արդեն: 1957-ին իր «Չեքիջյան» երգչախումբը ստեղծեց, չորս տարի ղեկավարեց այն, իսկ 1958-1961 թվականներին դարձավ Ստամբուլի օպերային թատրոնի երաժշտական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը: Մի հրաշք էլ սա էր, երբ հայը ղեկավարում էր թուրքական երաժշտական թատրոնը, այն էլ` Ստամբուլի, որը մեծ ճանաչում ու հռչակ ուներ: Քիչ չէին հայ երաժիշտներն ու երգիչները, որոնք գլխավորապես հակված էին դեպի իտալական օպերաները… 1961-ին Հովհաննես Չեքիջյանը հրավիրվեց Հայաստան: Երազ էր լինել ու ապրել հայրենիքում, այստեղ զբաղվել երաժշտությամբ, միանգամից նշանակվել պետական երգչախմբի ղեկավար, որը լուրջ ձեռքբերումներ էր արձանագրել, շնորհիվ Արամ Տեր-Հովհաննիսյանի` դարձել նախկին ԽՍՀՄ-ի ամենաճանաչված երգչախմբերից մեկը: Սակայն ակադեմիական կապելլան իր բոլոր մեծ հաջողություններն արձանագրեց մաեստրո Չեքիջյանի շնորհիվ ու ջանքերով: Ընդամենը 33 տարեկան էր Չեքիջյանը, երբ նշանակվեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար: Մի առիթով Գոհար Գասպարյանը կատակով ասաց. «Քրիստոսի տարիքին եկավ կապելա, Քրիստոսի տանջանքներ կրեց, բայց ոչ թե խաչելության տարվեց` այլ փառքի գագաթներ»: Հրաշալի է ասված: Արամ Խաչատրյանն էլ մի նամակում գրել է. «Դու գույների և երանգների այնպիսի մեծ ընդգրկում ունես, որ ապշեցնում է: Դու և քո գործունեությունը «համամարդկայինը ազգայինի մեջ» բանաձևի վառ ապացույցն եք: Դու կարողացել ես քո ազգայինը վերածել համազգայինի և քո արվեստը դարձնել համամարդկային» : Աշխարհի խմբերգային արվեստի մեծություններից մեկը` Գուստավ Էռնեսաքսը, լսելով Չեքիջյանի երգչախմբին, գրել է. «Ինտոնացիոն հարստությունը, ֆրազավորման հստակությունը հնարավորություն են ընձեռում հաղորդել ունկնդրին այն, ինչն անհնար է ֆիքսել նոտաներով: Կապելլայի կատարմամբ հնչում են ոչ միայն տեքստը, այլև` ենթատեքստը, ոչ միայն տողերը, այլև այն, ինչ գտնվում է տողերի միջև, տողից վերև ու տողատակին: Հ. Չեքիջյանը կայծակի արագությամբ է արձագանքում երգչախմբի այս կամ այն մասում նկատվող ամենափոքր տատանումին կամ հնչերանգին: Չեքիջյանի ղեկավարությամբ խումբը հիշեցնում է սնդիկով լեցուն սրվակ, որն անդրադարձնում է դույզն-ինչ շեղումը: Յուրաքանչյուր ակնթարթ դիրիժորը պատրաստ է երգչախմբի ղեկավարման վահանակին միացնել նորանոր նրբերանգներ, այդ ամենը կատարվում է էլեկտրոնային վիրտուոզությամբ»:

Գովեստի ու գնահատանքի բազմաթիվ խոսքեր են հնչել, որոնք երջանկացրել են ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր Հովհաննես Չեքիջյանին, բայց նա էլ երջանկության մասին իր պատկերացումն ունի.

- Երջանկությունն այն է, երբ զբաղված ես քո սիրած գործով, երբ այդ գործն անում ես սիրով, երբ անընդհատ ստեղծագործական փնտրտուքի մեջ ես: Հենց դա է ապրեցնում ու իմաստավորում կյանքը: Երջանի՞կ եմ ես. անկասկա´ծ: Որովհետև սիրում եմ իմ գործը, սիրում եմ իմ կոլեկտիվին և , կարծում եմ, սիրված ու գնահատված եմ: Երջանկությունը ինձ համար մարդկանց ուրախություն և մխիթարություն պարգևելն է երգի միջոցով, երբ մարդիկ համերգից հետո տուն են գնում մի քիչ հարստացած, մի քիչ մաքրված: Մեր գործը ինչ-որ առումով «անշնորհակալե գործ է. հնչեց` անցավ-գնաց: Ճիշտ է` ձայնագրություններ մնում են, բայց դա այն չէ, ինչ կենդանի կատարումը: Սակայն վստահ եմ, որ այն, ինչ ստանում է ունկնդիրը լավ համերգից, միայն այդ պահի համար չէ. այդ զգացողութ յունը, այդ մաքրությունը անգամ ենթագիտակցորեն նրան ուղեկցում է ողջ կյանքում, նրան մի քիչ ավելի է ազնվացնում, հոգին բյուրեղացնում, մարդուն մի քիչ ավելի բարի է դարձնում: Դա արդեն իսկ մխիթարություն է:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ