Լուսանկարի չար էներգիան


 

Պատկերապատճենն ավելի հաճախ լուսանկար է անվանվում, որովհետև պատճենահանող սարքի սողնակի շրխկոցի պահին լույսի բռնկում է տեղի ունենում` ժապավենի վրա հայտածելով մարդու սևապատկերը (նեգատիվ): Այդ պահից` կենսաէներգիա-թերապիայի հիմունքներին ծանոթ յուրաքանչյուր ոք ֆոտոյի միջոցով կարող է լուսանկարվողի բնութագիրը ճանաչել. այդ թվում և` նրան սպասվող տկարությունները:

Այսինքն` մոգության «քրմերը» խորհուրդ են տալիս ծայրահեղ զգուշությամբ վերաբերվել լուսանկարներին և դրանք ամեն մեկի չնվիրել: Դարեր ի վեր գոյություն է ունեցել մարդու պատկերապատճենի միջոցով նրա վրա ներազդելու պրակտիկա: Ներազդել` և´ դրականորեն, և´ բացասաբար: Մանրամասները թողնելով այս խնդրի մասնագետներին, նշենք նրանց մի քանի խորհուրդները` լուսանկարվել սիրողներին.

1. Մի´ լուսանկարվեք ձեզ համար անհաճո մարդկանց հետ և խուսափեք մռայլ, ֆիզիկական ակնհայտ արատ ունեցող լուսանկարչից: Նստելով կամ կանգնելով նրա դիմաց, դուք ակամա ընդունում եք նրա բացասական էներգիան, որը հետո մշտապես «ճառագելու» է ձեզանից:

2. Չարժե լուսանկարվել կաղամախի, կեչի ծառերի կողքին. դրանք ձեզանից էներգիա են տանում: Ճիշտ է, դրանց մոտ մի քանի րոպե լինելը հաճելի է և օգտակար, բայց լուսանկարվելն անցանկալի է: Կամ` երկարակյաց կաղնին. ի՞նչ պետք ունի պատկերահանվել դրա կողքին: Չէ՞ որ հասկանալի է` այն շատ էներգիա է խլում իր շրջապատից:

3. Խուսափեք լուսանկարվել նաև միայնակության խորհրդանիշ նարգիզների, քմահաճ վարդերի և ինքնահաճ կակաչների հետ: Բայց այ` մարգագետնային ծաղիկները դրական` հանգստացնող ազդեցություն ունեն. հատկապես` երիցուկը, մանուշակը, թելախոտը, եղինջը և այլն:

4. Մի´ լուսանկարվեք դժբախտ ու անհաջողակ մարդկանց հետ: Եվ` ընդհակառակը, լավ է ունենալ այնպիսի լուսանկարներ, որտեղ ձեր կողքին դրական, լավ հագնված, ունևոր մարդիկ են: