Ի տարբերություն Կոսովոյի


Կոսովոյի անկախության հռչակումից դեռ գրեթե մեկ տարի առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, մասնավորապես Մեթյու Բրայզան, պնդում էին, որ Բալկանյան այդ երկրամասի և Ղարաբաղյան հակամարտությունները տարբեր են: Կոսովոյի անկախությունը մեզանում դրա և ԼՂՀ միջև համեմատության ամենատարբեր վերլուծությունների տեղիք տվեց: Դրանցում քննարկվող գլխավոր հարցն այն է, թե Կոսովոյի անկախության ճանաչումը կարո՞ղ է նախադեպ հանդիսանալ ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման համար: Ինչպիսի՞ դիրքորոշում պետք է որդեգրեն Կոսովոյի հարցում ԼՂՀ-ն ու Հայաստանը: Նախագահի ընտրությունների արդյունք ներից բացի, նաև այս խնդիրն է քննարկվում հասարակության ամենատարբեր շրջանակներում: Հնարավորինս չսխալվելու համար, թերևս, դիտարկենք մեր անմիջական հարևանների արձագանքները` Կոսովոյի անկախության հռչակմանը: Միանգամից նկատենք` այս խնդրում միմյանցից տարբեր, հակառակ դիրքորոշում ունեցան գրեթե միշտ միասնաբար հանդես եկող Թուրքիան ու Ադրբեջանը: Ադրբեջանը դատապարտեց Կոսովոյի անկախացումը, Թուրքիան շտապեց առաջիններից մեկը լինել այն ճանաչողների մեջ: Թուրքիայի դեպքում դա բացատրվում է Հյուսիսային (կամ թուրքական) Կիպրոսի առկայությամբ: Իրոք, կոսովյան խնդիրը կարող է նախադեպ հանդիսանալ թուրքական Կիպրոսի միջազգայնորեն ճանաչման համար: Ի տարբերություն իր այս երկու հարևանների, Հայաստանը չի շտապում հստակ դիրքորոշում արտահայտել խնդրո առարկա իրողության հանդեպ: Ինչպես նշում է քաղաքագետներից Սերգեյ Շաքարյանցը (կարծում ենք` իրավացիորեն), չի կարելի մոռանալ, որ Հայաստանի համար, թեկուզ և կարծես «թաքնված», առկա է նաև Նախիջևանի խնդիրը: Վերջինս հար և նման է Կոսովոյին: Կոսովոն Սերբիայից անջատվեց և անկախություն ստացավ ոչ թե կոսովարների ջանքերով, այլ երրորդ կողմի, երրորդ ուժի միջամտությամբ: Այդպես է նաև Հայաստանից Նախիջևանը անջատելու պարագան: Նախիջևանը 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով բռնությամբ խլվեց Հայաստանից և ինքնավար հանրապետության կարգավիճակով բռնակցվեց Ադրբեջանին: Ի դեպ, կարևոր է նշել, որ այդ` 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը մինչ այսօր չի ճանաչվել միջազգային հանրության կողմից: Եվ ահա, ճանաչելով Կոսովոյի անկախությունը, Հայաստանը, կարծես իրավական հիմք կարող է ստեղծել իրենից Նախիջևանի` 1921 թ. բռնազավթումը միջազգայնորեն ճանաչելու համար: Իսկ Ղարաբաղի հայերը, ի տարբերություն Կոսովոյի ալբանացիների, կամ ինչպես ընդունված է ասել, կոսովարների, իրենց անկախությունը ձեռք են բերել առանց երրորդ կողմի միջամտության: Բացի այդ, ժամանակին տիրանալով Բալկանյան այդ երկրամասին, թուրքերն այն բնակեցրին իրենց հնազանդ մահմեդական տարրերով: Մինչդեռ Ղարաբաղի հայերն անկախացել, ինքնորոշվել են իրենց պատմական հայրենիքի տարածքում, իսկ Ադրբեջանը ստեղծվել է ընդամենը 1918 թվականին: Թերևս, նաև սա նկատի ուներ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, երբ հայտարարեց, թե Կոսովոյի անկախության հռչակումը ԼՂՀ համար անցած էտապ է: Այս ամենի առումով, Կոսովոյի անկախացումը, թերևս, կարող է դիտվել նաև որպես սեպարատիզմի` անջատողականության դրսևորում, միջազգային իրավունքի, տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի խախտում` ինչպես որակում է Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի Դաշնությունը: Ամեն դեպքում, ակնառու է, որ Կոսովոյի պարագայում Արևմուտքը կիրառում է երկակի ստանդարտներ` գերադասելով իր քաղաքական շահը: Մյուս կողմից, Կոսովոյի անկախության ճանաչումը կարող է նախադեպ համարվել միջազգային դիվանագիտության, միջազգային հարաբերություններում ինքնորոշման սկզբունքի` առաջին պլան մղվելու համար, ինչից խուսափում է Ադրբեջանը և ինչը բխում է ԼՂՀ շահերից: Ինչևէ, այսօր դժվար է կանխատեսել` ինչ հետևանքներ կարող է ունենալ, աշխարհաքաղաքական ինչպիսի զարգացումների կհանգեցնի բալկանյան այդ երկրամասի անկախացումը: Ուստի, բազմաթիվ մարտահրավերների առջև կանգնած Հայաստանի համար, թերևս, պետք չէ շտապել: Մանավանդ` ի տարբերություն Կոսովոյի, ԼՂՀ անկախությունը, ինչպես վերջերս նշեց ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը, բոլոր առումներով անխոցելի է:

Տարոն ՄԻՐԶՈՅԱՆ