ԻՄ ՍԵՎԱԿԸ


Մեր ընթերցողին արդեն ծանոթ է Ռաֆիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ստորագրությունը` Պարույր Սևակի մասին նրա հուշերից: Մասնագիտությամբ օդերևութաբան-ճարտարագետը ներկայումս «Անանուն լեռնանցքի» օդերևութաբանական կայանի պետն է: Անցյալ շաբաթ` մասնագիտական տոնի առթիվ, վաստակաշատ օդերևութաբանը պարգևատրվել է ՀՀ բնապահպանության նախարարության ոսկե մեդալով: «Ավանգարդ» թերթի խմբագրությունը, նաև ընթերցողների անունից, շնորհավորում է Ռ. Ա. Կարապետյանին` պարգևի առթիվ և մաղթում նորանոր հաջողություններ, առողջություն: Գարնան և աշնան անձրևներից ցեխն այնքան էր շատանում, որ թաղամասի ճանապարհով քայլելը հերոսություն էր: Այդպիսի օրերին ես շրջանցում էի ցեխաջրոտ փոսերը և քայլում էի Սևակի այգին տանող ճանապարհով, իսկ հետո այգու արահետով քրոջ` Երազիկենց բակով իջնում էի մեր թաղի ճանապարհի այն հատվածը, որտեղ այլևս ցեխ չկար: Եվ այդ պահերին երբեմն հանդիպում էի Սևակին` բարևում էի, մի քանի խոսք էինք փոխանակում: Մի անգամ նրան տեսա առանձնատնից ներքև այգու երկրորդ դարպասի մոտ: Նա նայում էր դարպասից դուրս թաղամասի ճանապարհի վրա կանգնած բեռնատարներին, որոնց թափքերը լեփ-լեցուն էին երիտասարդներով: Սովորականի նման այդ օրն էլ բարևեցի բանաստեղծին և ուզում էի անցնել-գնալ, բայց նա հարցրեց. - Կարո՞ղ ես ասել` ի՞նչ մեքենաներ են, և ո՞ւր են գնում: Նկատի ուներ հեռացող բեռնատարը: - Բեռնատարները մեր գյուղի սովխոզինն են, իսկ թափքում կանգնածները մեր գյուղի ջահելներն էին. գնում են Երևան` ֆուտբոլ նայելու: Այսօր «Հրազդան» մարզադաշտում հանդիպելու են Երևանի «Արարատը» և Թբիլիսիի «Դինամոն»: Խաղը լարված է լինելու և հետաքրքիր, որովհետև վրացիք կուզենան ամեն խարդավանք օգտագործել` միայն թե հայերը տանուլ տան: Մերոնք էլ վստահ են, որ կհաղթեն, որովհետև մեր թիմի գլխավոր մարզիչն է Նիկիտա Սիմոնյանը` Մոսկվայի «Սպարտակ» թիմի նախկին մարզիչը. նա խոստացել է մեր թիմին այնպես մարզել, որ դառնա ԽՍՀՄ չեմպիոն` ինչպես «Սպարտակն» է մի քանի անգամ դարձել: Մինչև 1960 թ. դուք եղել եք Մոսկվայում, և կարծում եմ` նայել եք «Սպարտակ» խաղը: - Ճիշտն ասած` ես կամենում էի գնալ մարզադաշտ և «Սպարտակի» խաղը նայել, բայց ժամանակս չէր հերիքում: 1955-59 թթ. իմ ամենալարված տարիներն էին: Դասախոսում էի և զբաղված էի թարգմանություններով: Նաև գրում էի: Նույն տարիներին լույս տեսավ «Սիրո ճանապարհ» և «Նորից քեզ հետ» ժողովածուն, որը մեծ համբավ բերեց ինձ: Կարող եմ ասել` գրական մեծ շրջադարձ կատարվեց… Մի խոսքով, բացարձակապես ժամանակ չունեի: Այնուամենայնիվ, Վարդգես Բաբայանի հորդորումով ես մի անգամ գնացի «Սպարտակի» խաղը նայելու: Վարդգեսը վաղօրոք կազմակերպել էր, որ խաղից հետո մենք հանդիպենք Նիկիտա Սիմոնյանին: Ազնվագույն մարդու տպավորություն թողեց: - Հետագայում նա այցելեց ինձ, և ես իմ գրքերից մեկը մակագրված նվիրեցի նրան,- ասաց Սևակը: - Ուզում եմ անկեղծ լինել. ինձ թվաց, թե ձեզ դուր չեկավ, որ գյուղից երկու բեռնատարով ջահելներ գնացին ֆուտբոլ նայելու: Ձեր հայացքի մեջ մեղադրանք կար: Սխալվում եմ, թե՞ ճիշտ եմ նկատել,- հարցրեցի ես` ամաչելով: - Ճիշտ ես նկատել: Եթե գաղափարի հարց լիներ, երևի գյուղից այդքան երիտասարդություն չգնար: Առաջներում այդպիսի մարզահրապարակներում սպորտից բացի նաև գաղափարի մրցույթներ էին լինում, իսկ հիմա, կարճ ասած, գլուխը թողել են, ոտքին են բալետ անում` ինչպես առածն է ասում. «Այ, թե որտեղ է թաղված շան գլուխը»: Հիմա հասկացա՞ր, ջանս: Ես քեզ կանչեցի այս միտքն ասեի, սակայն ընկանք զրույցով, մի քիչ երկարեց, իսկ հիմա կարող ես գնալ: Ես քայլեցի դեպի տուն և մտքումս անընդհատ կրկնում էի Բանաստեղծի ասածը. «Ժամանակները փոխվում են` գլուխը թողել են, ոտքին են բալետ անում»: Անցան տարիներ, հիմա չկա վաղամեռիկ պոետը, բայց չեն մոռացվում նրա հետ հանդիպումները: Իսկ նրա այդ նուրբ հումորը, որը նաև մտահոգություն էր, այսօր էլ մասամբ այժմեական է:

Ռաֆիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ