«Գելլափն» էլ է փաստում


Մենք իսկապես հետաքրքիր ժողովուրդ ենք, և մեր ներկայի ու ապագայի վերաբերյալ ունեցած կարծիքները հիմա էլ սոցհարցումներ անցկացնող հանրահայտ «Գելլափ»¬ին են զարմացրել: Սովորաբար, իսկ ավելի ճիշտ` սովորույթի համաձայն, սիրում ենք բողոքել, տրտնջալ, հոռետեսություն տարածել ու երբեմն էլ դրանով վարակել միմյանց: Մինչդեռ կարելի է պատկերացնել, թե որքան մեծ է եղել աշխարհի պատահած վայրում հարցումներ անելուն վարժված գելլափցիների զարմանքը, երբ գրեթե միաժամանակ անցկացված հասարակական կարծիքի ուսումնասիրության տվյալները համադրելով, հասկացել են, որ Հայաստանում բարեկեցիկ կյանք վարողների թիվը 2 տոկոսով ավել է, քան հարևան Վրաստանում և Ադրբեջանում: Եվ իրոք, «Գելլափը» չէ, որ պետք է պարզեր ու արձանագրեր, թե հոռետեսության նման` հայկական լավատեսությունն էլ անուղղելի է ու հաստատուն: Մերոնց շուրջ 12 տոկոսը կամ` մոտավորապես տասը հարցվողներից մեկը, խոստովանել է, որ իր կյանքը բարգավաճում է: Չի բացառվում, իհարկե, որ եթե հարցում անցկացնողներն օտարերկրացիներ չլինեին, հարցվողներն ավելի շատ կդժգոհեին: Մանավանդ` ի տարբերություն Դանիայի, Շվեդիայի կամ Կանադայի, հայ հասարակության 70 տոկոսը լավատեսության անուրջներում չի սավառնում: Այսինքն` մեր ինքնավստահությունը կամ ընկճվածությունը միանգամայն չափի մեջ են: «Գելլափն» արձանագրել է, որ մեր ժողովրդի կեսից ավելին չափավոր կյանք է վարում և զուսպ ու հիմնականում հավասարակշռված կարծիք ունի ներկայի ու ապագայի հանդեպ: Ավելի կարևոր է, որ հայաստանցիներիս տրամադրություններով հետաքրքրվողները նախորդ անգամվա նման հիմա էլ չեն արձանագրել, թե մեր երկրի բնակչության ուղիղ կեսն առաջին իսկ հնարավորության դեպքում պատրաստ է լքել հանրապետությունը: Նրանք հավանաբար հասկացել են, որ իրատեսորեն է պետք վերաբերվել իրավիճակին: Ու եթե նույնիսկ տվյալ երկրում մինչ այդ արտագաղթի բարձր ցուցանիշ է գրանցվել, ապա դա բոլորովին էլ չի կարող ենթադրել, թե բնակչության ուղիղ կեսը մշտապես նման տրամադրվածություն ունի: