Մեծ ու կարևոր երազանքը


 

Զրուցակիցս 39 տարեկան է` քաղաքագետ Սուրեն ՄՈՎՍԻՍՅԱՆԸ: Մեծ Բրիտանիայի և Երևանի Ամերիկյան համալսարանների շրջանավարտ է:

- Դուք անդամակցում եք Հայաստանի Դեմոկրատական կուսակցությանը, ինչո՞ւ:

- Այսօր գնահատելով հանրապետությունում տիրող իրավիճակը` տոտալ կուսակցականացումը, ես, քաղաքագետ լինելով, չէի կարող անտարբեր անցնել այդ ամենի կողքով: Հեռուստատեսությամբ ցույց էին տալիս` 1000 հոգի դարձել է այս կուսակցության անդամ, 1500 հոգի` այն կուսակցության անդամ, և հիմնականում` երիտասարդություն: Դա չէր կարող չանդրադառնալ իմ վերլուծական մտքի վրա, և միակ կուսակցությունը, որի մի մասը կարող եմ դառնալ, Դեմոկրատական կուսակցությունն է` իր սոցիալ-դեմոկրատիայի գաղափարախոսությամբ, որի կրողը նաև ես եմ: Նաև` որպես առաջնորդ, ում կողքին կարող եմ լինել այսօր և ճանապարհ գնալ, Արամ Սարգսյանն է` հաշվի առնելով իր անցած քաղաքական ճանապարհը, իր գաղափարները, մոտեցումները և իհարկե, անհատական հատկանիշները:

Դուք կուսակցության համամասնական ցուցակում 13-րդ հորիզոնականում եք: Ինչպե՞ս եք գնահատում մայիսի 6-ի ընտրություններում հաջողության հասնելու Դեմկուսի հնարավորությունները մերօրյա իրողությունների առկայությամբ: Նկատի ունեմ ընտրակաշառքները, միջկուսակցական հարաբերություններում նկատվող քրեական բնույթի միջադեպերը:

- Կարծում եմ` կկարողանանք քայլ առ քայլ առաջ գնալ: Չէի առանձնացնի միայն ընտրակաշառքները: Դրա հետ մեկտեղ առկա է նաև տոտալ վախը, որն այսօր տիրում է ամբողջ երկրում: Եթե Երևանում այնքան էլ նկատելի չէ, ապա շրջաններում, մարզերում դա շատ ակնառու է: Հստակ ասում եմ` դրոշները պարզած` 20-25 «Ջիպ» քաղաքում շարք կազմած` պտտվում են, ինչը հասարակության շրջանում վախ է սփռում: Բնակչության մեծ մասը ստրկացել է, որը կարող է մի ջեմի դիմաց ձայնը վաճառել: Մնացածներն էլ, ովքեր ուզում են ինքնուրույն ինչ-որ քայլ անել, իրենց ընտրությունը կատարել, վախենում են այդ մասին արտահայտվել: Այդ պատճառով է, որ երբ մարզերում փորձում ես բնակչությանը ծրագիրդ ներկայացնել, մարդիկ հանդիպման չեն գալիս: Զանգահարում են ու ասում` ձեզ շատ ենք համակրում, բայց մենք վախենում ենք, ձեզ անպայման կընտրենք, բայց ձեր հավաքին չգանք, որպեսզի մեզ ձեզ հետ չտեսնեն:

Ձեր նշածը նկատի ունենալով եմ հարցնում` ինչպե՞ս եք գնահատում հաջողության ձեր հնարավորությունը: Արդյո՞ք կարող եք այնքան տեղ ունենալ խորհրդարանում, որ գոնե ինչ-որ չափով ազդեք ընդունվող որոշումների վրա:

- Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի մտնենք խորհրդարան: Այսօրվա իմ գնահատականով ունենք 6,5 տոկոս: Ամեն շաբաթ փորձում ենք վերլուծել, թե ինչ նոր մարտահրավերներ ու խնդիրներ կան: Փորձելու ենք, ինչքանով հնարավոր է` ներգրավել լայն հասարակությանը, որպեսզի վերջինս հասկանա, թե ինչքան է կարևոր, ինչ նշանակություն ունի իր քվեն: Թե ինչքանո՞վ դա մեզ կհաջողվի` ցույց կտա ժամանակը:

Ասվում է` երիտասարդությունը հասարակության շարժիչ ուժն է: Որքանո՞վ եք կարևորում երիտասարդության դերը մեր քաղաքական կյանքում և ընդհանրապես: Որքանո՞վ նրանք կարող են նպաստել առաջադեմ գաղափարների տարածմանն ու ամրապնդմանը լայն հասարակության շրջանում:

- Շատ կոմպլեքս հարց եք տալիս: Եթե կուսակցությունների միջև բանավեճն ընթանար գաղափարական, ծրագրերի մակարդակում, այդ դեպքում երիտասարդությունը շատ մեծ դեր կունենար, և ես մեծաթիվ մարդկանցից կլինեի, ովքեր կողջունեին երիտասարդության ներգրավումը քաղաքական գործընթացներին: Սակայն այսօր կուսակցական համակարգ գոյություն չունի: Եվ երիտասարդները ստիպված են ընդգրկվում այս կամ այն կուսակցության մեջ` իրենց ապագա կարիերայի համար: Այսօր ընդամենը մեկ- երկու կուսակցություն են փորձում գաղափարական դաշտում մրցակցություն ծավալել: Իսկ հիմնականում քսակների մրցակցություն է, ադմինիստրատիվ ռեսուրսների մրցակցություն է և այլն: Եվ երիտասարդությունը նույնպես դեգրադացվել է. նա չի տեսել, թե ինչպես են իրականանում կուսակցությունների միջև բանավեճերը: Իսկ երիտասարդներին 1000-1500 հոգուց բաղկացած խմբերով կուսակցություն ընդունելով, իրականում նրանց պարզապես փչացրել են և նրանց ապագայի վրա քար են գցել: Իրենք դա դեռ չեն գիտակցում: Երբ ուսանող` ապագա քաղաքագետը մտնում է կուսակցություն, ինքն արդեն չի կարող քաղաքագետ լինել, որովհետև իր յուրաքանչյուր նոր գիտելիքների կիրառումը յուրաքանչյուր փուլում լինելու է ոչ օբյեկտիվ, ինքն արդեն կուսակցության տեսանկյունից է ամեն ինչին նայելու: Այդ ուսանողն արդեն որպես մասնագետ ապագա չունի և իր տեսածն էլ փոխանցելու է եկող սերնդին: Այսինքն, այս 20 տարիների ընթացքում իշխանությունները դեգրադացրել են լայն հասարակությանը և հատկապես երիտասարդությանը:

- Բայց այսօր մի շարք քաղաքացիական նախաձեռնություններում ընդգրկված երիտասարդներն ինչ-որ ճանապարհ կարծես փորձում են գտնել, և փոքր, բայց այնուամենայնիվ, հաջողություններ ունենում են:

- Նկատի ունեք Մաշտոցի այգում հավաքվող երիտասարդների՞ն:

- Ոչ միայն:

Մենք միանշանակ` ողջունում ենք: Դա, իրոք, զարթոնք է հասարակության մեջ: Համոզված եմ` դրանք կավելանան և կստիպեն իշխանություններին հաշվի նստել հասարակության հետ: «Գևորգ Մարզպետունի» վեպում մի արտահայտություն կա` մեկ ծաղկով էլ գարուն է գալիս: Նման զարգացումներն այդպես են սկսվում: Բայց ուզում եմ խոսքս իշխանություններին ուղղել. դուք եք մեղավոր հասարակությանն այս վիճակին հասցնելու մեջ: Վաղը թշնամին է գալու և հասարակությանը, որին դուք եք առել 20 տարիների ընթացքում, երկու-երեք անգամ ավել գումարով առնելու է:

Սուրեն, Դուք երեխաներ ունե՞ք:

- Այո, տղա և աղջիկ. մեծս` 8, փոքրս` 2,5 տարեկան:

- Եվ ինչպես ամեն մի ծնող, Դուք էլ կունենաք ձեր երազանքները` ձեր երեխաների հետ կապված:

- Ես, որպես հայր, ուզում եմ իմ երեխայի ապագան տեսնել իմ երկրում: Եվ ամենաառաջինը, որ ուզում եմ տեսնել, դա այն է, որ իմ և բոլոր երեխաներն ունենան հավասար պայմաններ` իրենց հասակակիցների հետ մրցակցելու: Այսօր այս հասարակության մեջ, այս գաղափարախոսությամբ, այս կուսակցական գործընթացով նման իրավիճակ ստեղծել հնարավոր չէ:

- Շնորհակալություն զրույցի համար: Ձեր այդ մեծ ու շատ կարևոր երազանքը թող իրականանա:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ