Վետերան-կամավորական սպաները


1991 թ. մայիսի 4-ն իր արժանի տեղն ունի մայիսյան բախտորոշ հաղթանակների շարքում. այդ օրը Հայաստանի 3-րդ հանրապետության կառավարության առաջին նախագահ Վազգեն Մանուկյանը ստորագրեց «ՀՀ կառավարությանն առընթեր Պաշտպանության կոմիտեի մասին» թիվ 325 որոշումը, որով անհրաժեշտ պայմաններ ստեղծվեցին` ՀՀ պաշտպանության նախարարության կազմավորման համար: ԽՍՀՄ փլուզման, անդրկովկասյան տարածաշրջանի ավելի բարդ ռազմա-քաղաքական պայմաններում առավել կարևորվում էր կազմավորված ՊԿ-ի դերն ու նշանակությունը: ԽՍՀՄ ՊՆ մարշալ Դ. Յազովն իր արձակած հրամանով պահեստի բոլոր սպաներին արգելել էր մասնակցել ազգային զորամասերի և բանակի ստեղծմանը` սպառնալով հակառակ դեպքում նրանց զրկել բավական պատկառելի թոշակից: ՀՀ առաջին վետերան-կամավորական սպաները, սակայն, ՊԿ-ի նախագահի մայիսի 6-ի հրամանով նշանակումներ ստացան և անցան ակտիվ գործունեության: Շուտով ՊԿ-ն ամբողջությամբ համալրվեց, բարձրացավ նրա հեղինակությունը ֆիդայական ինքնապաշտպանական ջոկատներում. ՀՀ սահմանների պաշտպանական դիրքերից պահանջում էին նրա օգնությունը: Շնորհիվ գործող կայուն կապի, դիրքերից ստացվող տեղեկատվության հիման վրա արագ գնահատվում էր իրավիճակը, ներկայացվում համապատասխան առաջարկություններ և իրականացվում: Պաշտպանության կոմիտեի անդամները մասնագետների հետ պարբերաբար մեկնել են դիրքեր` ունենալով առաջադրանքներ, իսկ Արկադի Տեր-Թադևոսյանը և Ֆելիքս Գզողյանը մշտապես եղել են մարտնչողների կողքին: ՀՀ կառավարությունը ժամանակին բարձր է գնահատել ՊԿ աշխատանքը. 1993 թ. դեկտեմբերի 13-ին թիվ 625 որոշմամբ ՊԿ-ում աշխատած ժամանակը համարվում է զինծառայության ստաժ բոլոր նրանց համար, ովքեր շարունակել են ծառայությունը ՀՀ Զինված ուժերում: 1995 թ. մայիսի 5-ին ՊՆ թիվ 139 հրամանով ՊԿ-ի 44 անդամներ և ինքնապաշտպանական ջոկատների 34 հրամանատարներ պարգևատրվել են Մեծ Հաղթանակի «50-տարի» (1941-1945)» հուշամեդալով: Թող ՀՀ կառավարությանն առընթեր գործունեություն կատարած ՊԿ-ի վետերան-կամավորականների և նրանց սուրբ գործը շարունակողների պատիվն ու փառքը ապրի նվիրյալ հայրենասեր ների սրտերում:

Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ, Իրավաբան, գնդապետ