ՈՍՏԻԿԱՆ ՏԵՍԱԽՑԻԿՆԵՐ . Կբացառե՞ն կոռուպցիան


Առաջիկայում նոր ջրբաժան է առաջանալու ճանապարհային ոստիկանություն¬վարորդներ հարաբերություններում: Որոշվել է երթևեկության կանոնների պահպանումը վերահսկող տեսա¬լուսանկարահանող սարքեր ներկրել: Մինչև տարեվերջ կգործի նաև խախտումների արձանագրման կենտրոնը, ուր ավտոմատ կերպով կգրանցվեն խախտումն ու մեքենայի պետհամարանիշը: Համապատասխան ծրագրի միջոցով արձանագրություն կկազմվի և կուղարկվի իրավախախտ վարորդին: Էժան հաճույք չէ. նորարարության համար 10 միլիոն դրամ է պահանջվելու: Թեև կարելի է կարծել, որ մեկանգամյա ծախսը վարորդներին կպաշտպանի ճանապարհային ոստիկանների մատուցված տհաճ անակնկալներից: Սրանով հանդերձ` շվեդական սարքավորումների ներդրումը դեռ երաշխիք չէ, որ Հայաստանում նույնպես համակարգը մոտենա եվրոպական մակարդակին: Բնականաբար ողջ մայրաքաղաքում (էլ չասած հանրապետության մայրուղիներում) հնարավոր չի լինի տեսանկարահա նող սարքեր տեղադրել, և «գայիշնիկներից», ձերբազատված վարորդների առաջին գործը նման սարքերի գտնվելու վայրերի ճշգրտումն է լինելու: Այսինքն, թաքնված տեսախցիկների ուղեկցությամբ երթևեկելիս մարդիկ կարգապահ են դառնալու, իսկ դրանց վերահսկողությունից դուրս գալով` վարվելու են այնպես, ինչպես հարմար է... Որքան էլ բարեփոխումը մեզ եվրոպական չափանիշներ խոստանա, միևնույն է, այս դեպքում նույնպես բաց է մնում հարցերի հարցը. որքանո՞վ է այս ամենը նպաստելու անվտանգ երթևեկության ապահովմանը, ճանապարհատրանսպորտային պատահարների նվազմանը և կանոնները խախտելու վիճակագրության մեղմմանը... Միգուցե պետության միջոցները նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ խնայվեն, և պետավտոտեսուչների աշխատավարձերն ու նրանց մեքենաների շահագործման ծախսերը տնտեսվեն: Այս նորարարությունից ավելին սպասել չարժե: Այսինքն, գերխնդիրը մնում է չլուծված. ակնհայտ է, որ տեսախցիկները խնդրի վերջնական լուծման միջոց չեն կարող դառնալ: Այդ կերպ ընդամենը կարգազանցներին պատժելու մեխանիզմն է փոխվում: Ինչ խոսք, եթե միայն տուգանքը վճարել պարտադրող կտրոնը փոստով ուղարկվի, և վճարումն էլ նույն կերպ կատարվի, ապա կոռուպցիայի հավանականությունն իսկապես կզրոյանա: Մայրուղիների ծառ ու թփի շվաքում դարանակալած պետավտոտեսուչներին տուգանքի որոշ մասը վճարելու գործելաոճն իսկապես անցյալում կմնա: Ստացվում է, որ հսկայական միջոցներ պահանջող ներդրումը և ճանապարհային ոստիկանների «դասակարգի» վերացումը վերջերս մեղմված, բայց դեռևս առկա կոռուպցիան ոլորտից արմատախիլ անելուն է միտված: Բայց, սովորույթի ուժով, երթևեկության կանոնները նախկինի պես շարունակվելու են խախտվել: Այս անգամ թեկուզ` տեսախցիկների լռելյայն հայացքների ներքո: