Իսրայելցիք պատրաստվում են քիմպատերազմի


 

Հրեաստանում, ասում են` խուճապ է սկսվել: Մարդիկ խանութների դարակները մաքրազարդում են հակագազերից ու քիմպաշտպանության արտահագուստներից: Ու այդ խուճապը ծայր է առել այն պահից, երբ Սիրիայի Արտգործնախարարության ներկայացուցիչն անզգուշաբար հիշեցրել է, որ իր երկիրը քիմիական զենքի պահուստներ ունի: Այս հայտարարությանն արձագանքել են միջազգային բոլոր կառույցներն ու արևմտյան պետությունների ղեկավարները` նախազգուշացնելով, որ զանգվածային ոչնչացման զենքի կիրառումն անթույլատրելի է: Այսուհանդերձ, իսրայելցիք որոշել են իրենց ճակատագիրը փորձության չենթարկել և լրջորեն նախապատրաստվում են քիմիական պատերազմի:

- Օդում ճախրում է պատերազմի հոտը. պարզապես անհրաժեշտ է հնարավորինս արագ պաշտպանվել,- ասել է Մայս Նոբլերը:

Իր ու հայրենակիցների` հանուն ինքնափրկության խառնաշփոթի պատճառն ավելի հիմնավոր է փորձել ներկայացնել Արի Զիմետը.

- Տեսեք, թե ինչ է կատարվում սահմանում: Այնտեղ անհանգիստ է, այնպես չէ, ինչպես առաջ էր: Ես չգիտեմ, թե ինչի կհանգեցնի այս ամենը, բայց ամեն դեպքում` արդեն պատրաստվել եմ:

Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին The WΖshington Post-ը հաղորդել էր, թե Սիրիայում լավ պաշտպանված առնվազն 5 պահեստ կա, որոնցում քիմիական զենք է պահպանվում: Որոշ տվյալներով` Դամասկոսն իր տրամադրության տակ նյարդա-կաթվածահարման ու նաև իպրիտ գազերի մի քանի տոննա պաշարներ ունի: