«ԽՈՐԱՆԻ» ԴԵՄ` ԽՈՐՆ ԱՏԵԼՈՒԹՅԱՄԲ


 

 

ՀՈԳԵՎՈՐ ՍԵՊԵՐ

Մայրաքաղաքում տեղի ունեցավ երթ, որի մասնակիցները պահանջում էին Հայաստանից դուրս մղել բոլոր աղանդները և մասնավորաբար «Խորան» աղանդը, որը քայքայիչ գործունեություն է ծավալում: Բողոքի ցույցին մասնակցում էին քրիստոնեական արժեքներով և ազգային անվտանգության խնդիրներով մտահոգված մի խումբ երիտասարդներ:

Իհարկե, երևանյան շոգն արգելք էր հանդիսացել, որպեսզի շատերը դուրս գային փողոց և իրենց վերաբերմունքն արտահայտեին: Սակայն այս ցույցն ինքնին վկայությունն էր այն իրողության, որ հանրության մեջ ձևավորվել է ոչ թե անհանդուրժողություն տարբեր կրոնական կազմակերպությունների, այլ հենց աղանդների դեմ, որոնք վերջին շրջանում բազմանալու միտում ունեն: Դրանք արդեն անարգել թափանցում են մեր կյանքի տարբեր ոլորտներ, աղավաղում ազգային նկարագիրը, վնաս հասցնում մեր Եկեղեցուն:

Զարմանալի է, որ տարիներ շարունակ աղանդների հարցում կրավորական կեցվածք են ընդունել մեր շատ հասարակական կազմակերպություններ, ինչպես նաև կառավարական կառույցներ, մասնավորաբար Ազգային անվտանգության ծառայությունը, որի առաջնային խնդիրներից մեկն էլ պիտի լինի ազգային անվտանգությանը վտանգ սպառնացող բոլոր աղանդների դեմ պայքարը: ԱԱԾ-ն կարծես չտեսնելու է տալիս խնդիրը կամ գուցե այնպիսի միջոցառումներ է իրականացնում, որոնք տակավին տեսանելի չեն: Զարմանալի է նաև Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերմունքը: Աղանդավորական քարոզիչներն արդեն անարգել մտնում են դպրոցներ, բուհեր, նրանք վխտում են բնակելի շենքերում, խլում են մարդկանց հանգիստը` իրենց քարոզչությունն իրականացնելու համար: Սա ևս մարդու իրավունքների ոտնահարում է, քանզի մարդկանց հանգիստը խլելը, նրանց կամքին հակառակ քարոզչություն պարտադրելը նույնպես անընդունելի է: Գուցե պետք է նամակներ ու բողոքներ գրվեն, որպեսզի ՄԻՊ գրասենյակի արագ արձագանքման խմբերն իրենց վերաբերմունքն արտահայտեն, միանան հանրության այն ներկայացուցիչներին, ովքեր այլևս չեն ուզում տեսնել և արդեն հոգնել են վռնդել աղանդավորներին: