ԲԺՇԿՈՒՀԻՆ ԱՆՄԵՂ Է ՃԱՆԱՉՎԵԼ


 

Հիշում ենք, որ մեկ տարի առաջ «Չենք լռելու» շարժումը մեծ աղմուկ բարձրացրեց Վայքի հիվանդանոցում նորածնի մահվան առթիվ: Դրանից հետո «Առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը, բացթողումները նկատի ունենալով, սեպտեմբերի կեսերին նամակ է ուղարկել Վայոց Ձորի մարզպետին և առաջարկել զբաղեցրած պաշտոններից ազատել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետին, բուժկենտրոնի տնօրենին, և` կասեցնել Վայքի հիվանդանոցի մանկաբարձական-գինեկոլոգիական բաժանմունքի վարիչ, մանկաբարձ-գինեկոլոգ Մետաքսյա Հովհաննիսյանի պաշտոնավարումը:

Այդ օրերին հանրությունը դատապարտում էր բժշկուհուն, հնչում էին մեղադրանքի խոսքեր, հարազատները լուտանքներ էին թափում բժշկուհու հասցեին, գրեթե «Լինչի դատաստան» պահանջում և պնդում, թե նա ծննդկանին թողել ու գնացել է «բուրդ չփխելու»:

Բժիշկներից ոմանց անտարբերության ու մասնագիտական անփութության, հիվանդների հանդեպ ունեցած ոչ պատշաճ վերաբերմունքի մասին մենք էլ ենք գրել: Բայց Մետաքսյա Հովհաննիսյանի հետ կատարվածն այն բացառիկ դեպքերից էր, երբ, պարզվում է, բժշկուհին որևէ սխալ թույլ չէր տվել, չուներ մեղքի բաժին: Դատաբժշկական փորձաքննությունը փաստել է, որ նորածնի մահվան մեջ բացակայում է բժշկական սխալի գործոնը:

Ակնհայտ է դառնում, որ որոշ «ակտիվիստներ» շահախնդրորեն են գործել` խախտելով «անմեղության կանխավարկածը»: Բայց ոչ միայն նրանք: Առողջապահության նախարարը առաջարկել էր պաշտոնանկ անել մի շարք պատասխանատուների, իսկ բժշկին էլ հեռացնել մասնագիտական գործունեության ոլորտից: Առաջարկությունը հարգվել էր: Հիմք էր ընդունվել նաև Առողջապահության նախարարության ստեղծած հանձնաժողովի եզրակացությունը: Բայց հիմա առնչվում ենք մեկ այլ իրականության: Իսկ այդ իրականությունը հուշում է, որ ԱՆ հանձնաժողովի անդամներն ու նաև արդեն նախկին նախարարը պիտի պատասխանատվության կանչվեն` սխալ եզրակացություն կազմելու, մարդկանց իրենց մասնագիտական գործունեությունից զրկելու համար: