1-2 ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՄԲ


«Ոստիկանական հեղափոխություն» Եգիպտոսում բորբոքված ընդվզման այս ալիքը հետզհետե նոր քաղաքներ է ներառում: Գործադուլավոր դարձած հազարավոր ոստիկաններ երկու օր է` դուրս են եկել փողոցներ` գերատեսչության ղեկավարներին իրենց պահանջները ներկայացնելով: Իրավակարգի պահապանները Կահիրեի կենտրոնում` կաթվածահար են արել երթևեկը: Գործադուլավորները եգիպտական մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի, առողջարանների, բանտերի և երկրի մի շարք մարզերի ոստիկաններն են: Իսկ գլխավոր պահանջներից են` պարգևների բարձրացումը, աշխատանքային պայմանների բարելավումը և իրենց մի շարք կոռումպացված ղեկավարների պաշտոնանկությունը: Նախօրեին հարյուրավոր ոստիկաններ ներխուժել են Հուրգադի Կարմիր ծովի գավառի անվտանգության ուժերի շտաբ¬բնակարան: Այնտեղ նրանք ջարդեր են կազմակերպել, ապա փորձել են բարձրանալ երկրորդ հարկ` պետի աշխատասենյակ: Պետը ստիպված է եղել փախչել հրշեջ աստիճաններով: Բողոքի ցույցերի արդյունքում առողջարանային քաղաքի օբյեկտներից մեծամասնությունը մնացել է առանց պաշտպանության, իսկ միջազգային օդանավակայանի անվտանգությունն ապահովում են զինծառայողները: Ոստիկանների գործադուլը (որի մասնակիցները մեծամասամբ սպայական կազմից են) ծայրահեղորեն բացասաբար է անդրադառնում քրեական իրավիճակի վրա: Առանց այդ էլ` հեղափոխությունից հետո Եգիպտոսում մոլեգնում էին ավազակախմբերի սանձարկությունները: Երեքշաբթի օրը երկրի 3 բանտերի տասնյակ կալանավորներ փախուստի բացահայտ փորձեր են ձեռնարկել: