Անհանգիստ իրավիճակ. հեռահար խաղեր


Սիրիական Հանրապետության նախագահին պաշտոնանկ անելու հարցը վերածվեց Մերձավոր Արևելյան տարածաշրջանային պատերազմի: Վիճակն այնքան ապակայունացավ, որ կարծես թե դուրս եկավ կառավարման բոլոր սահմաններից: Այժմ արդեն դժվար է հասկանալ, թե ով ում դեմ է կռվում, ինչո՞ւ և այս համատեքստում ինչո՞վ են պայմանավորված ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից քրդերին անխնա բնաջնջելու քայլերը: Սիրիական խնդիրն ի՞նչ հեռավոր կամ անմիջական կապ ունի թուրք-քրդական խնդրի հետ, իրականում գերտերություններն ի՞նչ խաղ են խաղում Մերձավոր Արևելյան տարածաշրջանում և որքանո՞վ է թուրք-քրդական հարցն առնչվում Հայաստանյան խնդիրներին: Այս և այլ հարցերի շուրջ է զրույցը Մերձավորարևելյան և Կովկասյան տարածաշրջանային հարցերով փորձագետ Սարգիս ՀԱՑՊԱՆՅԱՆԻ հետ:

- Վերջին մի քանի ամիսներին Թուրքիան կարծես վերածվել է եռացող կաթսայի: Այն գնալով ավելի անկառավարելի է դառնում, ինչը վտանգավոր է նաև տարածաշրջանային մյուս երկրների համար: Թուրքիայի ներսում և դրա սահմաններից դուրս ծավալվող դեպքերը և վերջին մոտ մեկ տարին Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի սահմանները, նաև հայկական բնակավայրերը տարբեր տրամաչափերի զինատեսակներից գնդակոծելը միմյանց հետ որևէ կապ ունե՞ն:

- Ադրբեջանի կրակոցները կապված են ոչ թե այս իրադրության հետ, ինչ որ տեղի է ունենում տարածաշրջանում, այլ 1915 թվականի Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցի հետ: Թուրքիան Ադրբեջանին խնդրել է, որ ողջ տարին անընդմեջ ՀՀ սահմաններում և Լեռնային Ղարաբաղում անհանգիստ իրավիճակ ստեղծի, որպեսզի հայերը զբաղվեն հենց այդ խնդրով և ուշադրությունը շատ չսևեռեն Հայոց Ցեղասպանության տարելիցի վրա: Սա Թուրքիայի և Ադրբեջանի միջև փոխհամաձայնեցված քաղաքականություն է: Այդ մասին ես արդեն գրեթե մեկ տարի է` ասում եմ:

- Թուրքիան դեռևս իր խնդիրները լուծելով է զբաղված, որոնք գնալով աճում են, խոսքը մասնավորապես վերաբերում է թուրք-սիրիական սահմանային բախումներին:

- Թուրք-սիրիական սահմանային իրավիճակը երկու հարցի է առնչվում: Առաջինը` ներքին խնդիր է, որը նաև ունի արտաքին բաղադրիչ: Դա նաև քրդական հարցն է:

100 տարի հետո հայկական հարցը փոխարինվել է քրդականով: Այժմ Արևմտյան Հայաստանում ապրող ազգաբնակչության մեծ մասը քրդերն են, ովքեր արդեն վերջին տարիներին ձգտում են եթե չասենք անկախության, ապա գոնե Թուրքիայի տարածքում թուրքերի հետ հավասար ապրելու իրավունք ձեռք բերել:

Վերջին երեք տարիներին թուրքական իշխանությունները խոստացել են իրենց Սահմանադրության համաձայն հավասար իրավունքներ տալ քրդերին, բայց փաստորեն այդ խոստումներն իրականություն չեն դառնում: Հատկապես Արևմտյան Հայաստանի հատվածում ապրող քրդերի հանդեպ շարունակվում են բռնաճնշումները:

- Միջազգային հանրությունը, գերտերությունները չգիտե՞ն այս մասին:

- Միջազգային կառույցներն իհարկե արձագանքում են, սակայն թուրքական իշխանություններն արհամարհում են: Հավատալով թուրքերի, այսպես ասած` հավասար իրավունքներ ձեռք բերելու խոստումներին, քրդերը փորձեցին դադարեցնել զինված պայքարը, բայց հետո հասկացան, որ այդ խոստումները սին էին: Քրդական կողմն ասաց, որ իրենք արդեն 1984 թվականից սարերում կռիվ են տալիս իրենց ինքնավարության համար, բայց, եթե թուրքական կառավարությունը իրենց խնդիրները լուծելու քայլեր ձեռ-նարկի, ապա իրենք փոխզիջման կգան և կհորդորեն իրենց ազատամարտիկներին դանդարեցնել զինված պայքարը: Փաստորեն, չնայած քրդական հարցը Թուրքիայի ներքին խնդիրն է, բայց այն արտաքին գործոններից այնքան է կախված, քանի որ քրդերն ապրում են ոչ միայն Թուրքիայի Հանարապետության վարչական տարածքում, այլև` հարևան Իրանում, Իրաքում և Սիրիայում: Այսինքն, քրդերը 4 տարբեր պետության մեջ ապրող ազգային միավոր են, որը որևէ պետության տարածքում պետական միավորի չի վերածվել: Բացառությամբ Իրաքի, որի հյուսիսային շրջանում քրդական ինքնավար մի շրջան կա, որը կոչվում է Հյուսիսային Իրաքի ինքնավար քրդական շրջան: Այն ներկայումս պետական միավոր դառնալու հավակնություններ ունի: Սա է վերջին տարիներին տեղի ունեցող քրդական հարց կոչվածը:

-Ստացվում է, որ ընդգրկված լինելով Սիրիայի դեմ պայքարին, Թուրքիան «ձեռքի հետ» էլ փորձում է քրդերի հարցը լուծել:

- Թուրքիան հանդես է գալիս որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման թիվ մեկ հովանավոր, նրանց թիկունքին կանգնած ուժ: Ուստի Սիրիայի և Թուրքիայի միջև 1000 կմ-ից ավելի երկարություն ունեցող սահմանին` քրդական ազգաբնակչության հայտնված տեղում ԻՊ-ը հակաքրդական կեցվածք դրսևորելով կատարում է Թուրքիայի պատվերը և ռազմական բախումների միջոցով կոտորում քրդերին: Փաստորեն Անկարան ինչպես իր վարչական տարածքում ապրող քրդերի հանդեպ է ճնշում գործադրում, այնպես էլ փորձում է ԻՊ ահաբեկչական խմբավորման միջոցով վերացնել Սիրիայի արաբական հանրապետության քաղաքացիություն ունեցող քրդերին: Այդ է պատճառը, որ Թուրքիայի ներքին բախումները և խնդիրները վերածվել են արտաքին խնդրի: Այսօր Իրաքում ևս ԻՊ կոչվող ահաբեկչական կազմակերպությունը քրդերի հետ բացահայտ բախման մեջ է մտել: Սա նորություն էր քրդերի համար, որին դիմակայելու համար նրանք սկսեցին զինված պայքարի մեջ մտնել ԻՊ հետ:

- Ստացվում է, որ ԻՊ ահաբեկչական խմբավորումը մի քանի ճակատով է հանդես գալիս: Մի կողմից կատարում է Արևմուտքի պատվերը, մյուս կողմից դրա հետ բոլորովին կապ չունեցող մեկ այլ` թուրքական պատվեր է կատարում: Եվ դա է պատճառը, որ Մերձավոր Արևելքը դարձել է վտանգավոր` գերտերություն ների համար, քանի որ նրանց հաշվարկներն իրականության հետ որևէ կապ չունեն:

- Այսինքն, քրդերը երեք տեղերում բախման մեջ են մի ուժի հետ, որը Անկարան է ներկայացնում: Վերջերս ԱՄՆ-ի և եվրոպական պետությունների կողմից Սիրիայում ու Իրաքում ԻՊ ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարելու համար ներդրած մեծ գումարները, զենքն ու զինմթերքը օգտագործվեց քրդերի դեմ: Մինչդեռ այդ ողջ աջակցությունը պետք է ուղղեր ԻՊ ահաբեկչական խմբավորման վերացման համար: Թուրքիան մեկ գնդակով երկու նապաստակ էր ուզում որսալ` զենք-զինամթերքը Արևմուտքից վերցնելով` փորձում էր իր խնդիրները լուծել: Հանգամանք, որն առաջին անգամ աշխարհի գերտերություններին ապացուցող փաստերով երկընտրանքի առջև դրեց: Գերտերությունները հասկացան, որ Թուրքիային որպես իրենց դաշնակից և ՆԱՏՕ-ի անդամ ընդունելը վտանգավոր է: Այս իրավիճակը վերջին մի քանի ամիսների ընթացքում լուրջ քննարկման առարկա է դարձել:

- Ռուսաստանի միջամտությունից հետո, այնուամենայնիվ, Թուրքիան սկսեց ջղաձգվել, քանի որ դրանից հետո կարծես նրա և´ պլանները խախտվեցին, և´ ախորժակը մասամբ կարգավորվեց: Մյուս կողմից` ոնց որ թե փոխվեց նաև ԱՄՆ-ի և Արևմուտքի հռետորաբանությունը, և Ասադը հնարավորություն ունեցավ մի փոքր շունչ քաշել: Կարո՞ղ ենք ասել, որ սիրիական ճգնաժամը կարելի է հաղթահարված համարել, թե՞ դեռ վաղ է նման եզրակացություն անելը:

- Ռուսաստանը, իրոք, շատ երկար ժամանակ թատերաբեմից բացակայելուց հետո, կրկին վերադարձավ: Ես մինչև հիմա չեմ հասկացել, թե ո՞րն էր ռուսների այդ քայլի շարժառիթը: Ինչո՞ւ դա մեկ կամ երեք տարի առաջ չէր անում: Այս ընթացքում ի՞նչ փոխվեց: Սիրիական պատերազմի ժամանակ կես միլիոնից ավելի զոհեր եղան, մարդկանց արտագաղթ սկսվեց և այլն: Բոլորն էլ գիտեին, որ ասադյան իշխանությունը պրո-ռուսական է և դա բնական է: Բայց հետաքրքիրն այն էր, որ Ռուսաստանը երկար ժամանակ բացակայելուց հետո որոշեց ետ վերադառնալ: Իմ կարծիքով պատճառը հետևյալն է. ՌԴ-ն զգաց, որ ամեն ինչ ձեռքից գնում է, կարող է կորցնել ամբողջ Միջերկրականով Սիրիայի Արաբական Հանրապետությանը պատկանող այն միակ նավահանգիստը, որտեղ կարող է իր երկրի նման խարիսխ գցել: Ամենայն հավանականութ յամբ, տեսնելով, որ ինչ-որ բան կարող է ի վնաս իրեն փոխվել` մտավ խաղի մեջ և ասաց` STOP, ես այլևս չեմ հանդուրժելու այդ խաղերը: Բայց գանք Ձեր հարցադրմանը: Ի՞նչ եք կարծում, Ռուսաստանը կարո՞ղ է տրոհել Թուրքիան:

- Կարծում եմ` ոչ:

- Ճիշտ է, չի կարող: Եվ պետք է, որ ԶԼՄ-ները անպայման բարձրաձայնեն այդ մասին: Դժբախտաբար չկա նման մոտեցում, քանի որ հայկական լրատվամիջոցները և հայերն առհասարակ կարծում են, թե Ռուսաստանը հայամետ ուժ է և այդ դիրքերից են ներկայացնում Ռուսաստանը: Բայց ամբողջ պատմությունը ցույց է տվել, որ յուրաքանչյուր անգամ, երբ հայերն ինչ-որ պետության կամ ուժի հետ խնդիր են ունեցել, ռուսները միշտ հակադիր ուժի կողմից են հանդես եկել: Դա պատմությունից է հայտնի: Ես չեմ կարող մտաբերել գոնե մեկ դեպք, որ Ռուսաստանը սպառնացած լինի Անկարային: Ռուսաստանի տարածաշրջանային կարևոր պայմանագրերը Թուրքիայի հետ են իրականացվում: Օրինակ, հենց հիմա այնտեղ միլիարդավոր դոլարների արժողությամբ միջուկային ատոմակայան է կառուցում, որ մեր Մեծամորի ատոմակայանից 14-15 անգամ ավելի հզոր է լինելու: Այս ամբողջից փաստորեն Թուքիան շատ շահավետ է դուրս գալիս, և Պուտին-Էրդողան փոխհարաբերությունները սքանչելի վիճակում են: Պետք չէ ուշադրություն դարձնել ԶԼՄ-ներով տարածվող այն հայտարարություններին, թե Պուտինը հոխորտաց Էրդողանի վրա, կամ ասենք` Էրդողանը հեռախոսազրույց ունեցավ Պուտինի հետ և դժգոհություն հայտնեց այս կամ այն հարցի վերաբերյալ: Հայկական լրատվամիջոցները Թուրքիա-Ռուսաստան քաղաքական, տնտեսական, ռազմական, աշխարհաքաղաքական, տարածաշրջանային փոխհարաբերությունները շատ խորը վերլուծելով և եղածը փաստարկելով` իրական պատկերը ներկայացնելու փոխարեն ներկայացնում են, թե Ռուսաստանն այս տարածաշրջանում հակաթուրքական կեցվածք է ընդունել: Դա ամենևին էլ այդպես չէ:

- Փաստորեն Քրդական պետություն ասվածը երբևէ չի՞ ձևավորվի, և դա հեռահար երազա՞նք է:

- Քրդերի պետականության հարցն այնքան կապված է արտաքին գործոններից, որ իմ կարծիքով մոտակա` 10,20,30 տարում քրդերը չեն կարող պետական միավոր ունենալ: Դա բացառվում է: Դրա համար կա երկու հանգամանք: Թուրքիայում այսօրվա դրությամբ չկա մի տարածք, որ քրդերն ասեն, որ սա մեր տարածքն է, և մենք չենք ճանաչում Թուրքիայի Հանրապետությունը: Եթե նման տեղեկություններ են հայտնվում ԶԼՄ-ներով, ապա դա իրավիճակը չիմանալու և իրադրությունը չհասկանալու հետևանք է: Եթե նման բան լինի, ապա այդ դեպքում ՆԱՏՕ-ի ամենամեծ բանակն ունեցող երկրի` Թուրքիայի բանակում քրդեր չէին ծառայի, բայց ներկայումս չկա մի ընտանիք, որի զավակը հրաժարվի թուրքիայի բանակում ծառայելուց: Այդ դեպքում որտե՞ղ մնաց այդ ապստամբություն ասվածը: Ընդամենը 5, 10 կամ մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցում այդ ազգային ազտագրական պայքարին: 20 միլիոն քրդերի մեջ դա թի՞վ չէ:

- Զինված բախումները Արևմտյան Հայաստանի հողում են տեղի ունենում և ստացվում է, որ Թուրքիայից մեր տարածքային պահանջատիրության հարցը կարող է վերջնականապես փակուղի՞ մտնել:

- Այո, հիմնական բախումները և այդ ամբոջը տեղի է ունենում Արևմտան Հայաստանի տարածքում, և թուրքերին առավել քան ձեռնտու է քրդերին ցույց տալ, որ այդ տարածքներն իրենց չպատկանող, հայերին պատկանող հողեր են: Մինչև հիմա նման բան տեղի չէր ունեցել: Ոչ հիմա, բայց ապագայում, անկախ մեր ցանկությունից, ուզենք, թե չուզենք, աշխարհաքաղաքական ուժերը հայկական խաղաքարտը մտցնելու են թատերաբեմ: Այդ ժամանակ Արևմտյան Հայաստանի հողերը հայերին պատկանելու հարցը կդառնա միջազգային տարբեր ուժերի և նրանց միջև տեղի ունեցող շահերի բախման հանգամանքներից մեկը: Այդ ժամանակ կարող է ստեղծվել պատերազմական կամ նախապատերազմական իրավիճակ տարածաշրջանում, որը կարող է հղի լինել երրորդ աշխարհամարտին տանող վտանգներով: 

Արմինե ԳՐԻԳՈՐՅԱՆ