ՃԳՆԱԺԱՄԸ` ԱՐԴԱՐԱՑՆՈՂ ՊԻՏԱԿ


Հեռակա տպավորությամբ` ընթացիկ տարում Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովում գլխավոր իրադարձությունը այս կառույցի ղեկավարի փոփոխությունը դարձավ: Անգործության, թե դեռևս անհայտ այլ հիմնավորմամբ նախորդ շաբաթավերջից Աշոտ Շահնազարյանի լիազորությունները հնգամյա ժամկետով Դավիթ Հարությունյանը ստանձնեց: Երիտասարդ ու ոչ պակաս փորձառու Դ. Հարությունյանի աշխատանքն այս հանձնաժողովում, գնահատելու համար ամբողջ հինգ տարի ժամանակ ունեինք, որի ընթացքում ոչ անելիքի պակաս կա, ոչ էլ ինքնադրսևորման անկարելիություն: Իսկ մինչ այդ հարկ է արձանագրել, որ ըստ ամենայնի մրցակցությունը պաշտպանելուն կոչված այս կառույցը տնտեսական ճգնաժամի հանդեպ անգամ անտարբեր մնաց: Այսինքն, եթե նախկինում ինչ-որ բան «լղոզելու» համար հազար ու մի պատճառաբանություն էր պետք հնարել, ապա ճգնաժամը դարձավ արդարացնող պիտակ, որ կարելի էր կպցնել տարվա ընթացքում պատահած ամեն մի մրցակցային անհարթության վրա: Բայց, անկախ իրադրության ցանկալի շրջադարձից, այս կառույցը հավանաբար ոչ թե չէր ցանկանում լավ աշխատել, այլ նախ և առաջ գործելու անկաշկանդ հնարավո րությունից էր զրկված: Աշոտ Շահնազարյանի ենթակաները հիշեցնում էին ինչ-որ փաստահավաք խմբի անդամների, ովքեր փաստերը հավաքելուց հետո կամ դրանք հրապարակելու իրավունք չունեին, կամ չափից ավելի խմբագրված ու միմյանց կրկնող, նույն թիրախներին հարվածող տեքստեր էին իրենց ղեկավարին հանձնում: Ծայրահեղ դեպքում` եղած-չեղածը խնամքով պահ էին տալիս հանձնաժողովի տրամադրության տակ գտնվող փակ ու անձեռնմխելի թղթապանակներին: Գուցեև այս մարդիկ բոլորիցս էլ շուտ և գործնականում էին համոզվել, որ նախ մրցակցություն պետք է լինի, հետո նոր միայն դրա պաշտպանության կարիքն առաջանա: Տնտեսական մենաշնորհները, որ մեզանում կլանել են բոլոր այն ոլորտները, որտեղ քիչ թե շատ մեծ է շրջանառությունն ու ակնկալվող շահույթները, խիստ կոնկրետ մարդկանց են պատկանում, և այս, թե ցանկացած այլ կառույցի կողմից վերջիններիս կարգի հրավիրելու ամեն փորձ, բնականաբար, առայժմ անօգուտ է: Եվ եթե ենթադրենք, որ այս կամ այն գործարարը տվյալ ապրանքի կամ ծառայության վաճառքից ոչ թե շահույթ, այլ գերշահույթ է տվյալ պահին ստանում, ապա հանձնաժողովի կողմից գործընթացի կասեցմանն ուղղված ամենափոքր միջամտությունն անգամ սրերով կընդունվի: Իրողություն, որից այդպես էլ Ա. Շահնազարյանը խուսափեց: Եվ խուսափել է ոչ թե պաշտոնական «վերևների» պահանջով: Այլապես նախ բացահայտումների շրջանակն ավելի լայն կլիներ, և արդյունքն էլ` ակնհայտ: Դե, ինքն էլ կշարունակեր պաշտոնավարել: Մինչդեռ մշտապես փակուղային իրավիճակների առաջ հայտնվող Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը չնայած երբեմն համարձակվել է ինչ-որ փաստեր հրապարակել, բայց նրանց հետաքրքրության կենտրոնում հայտնված ապրանքատեսակի գինը վերանայվել է միայն այն ժամանակ, երբ դրա սեփականատերն է նման ցանկություն ունեցել: Ընդ որում, պատահել է, որ հանձնաժողովի հայտարարությունից հետո նշված գինն ավելի է աճել: Նմանատիպ մյուս անհեթեթ իրավիճակներին մարդիկ, իհարկե, վաղուց են վարժվել, և այս առումով հանրությունը նույնպես հանձնաժողովից ակնկալիքներ չունի: Ասել է թե` ավել վճարված և ոչ մի դրամի դիմաց որևէ մեկը շարքային սպառողին մինչև հիմա որևէ լումա չի փոխհատուցել, կամ գոնե չի հուսադրել ու մխիթարել: Այսքանը լավ են հասկացել նաև հանձնաժողովի պաշտպանության կարիքը երբեմն օդ ու ջրի պես զգացող գործարարները: Սակայն միաժամանակ նրանք ավելի շատ ձգտում են իրենց գործունեությանը խոչընդոտողներից ձերբազատվել, կամ նրանց հետ լեզու գտնել: Միևնույն է, այս պաշտպանության իրական նպատակ բովանդակությունն առայժմ միայն խորհրդանշական է և, հետևաբար, գործին ոչնչով չի կարող օգնել: Այսուհանդերձ, խնդիրը ոչ այնքան հանձնաժողովին «սխալ հանելն է», որքան նրա իրական գործառույթների աստիճանական կիրարկմանը հասնելը, ինչը միգուցե կառույցի ղեկավարի փոփոխությունից հետո մի փոքր ավելի տեսանելի դառնա: