«Բռնեցե˜ք, փախավ...»


 

Հոգեբուժարանների թեման բոլոր ժամանակներում ասես երկաթյա վարագույր լինի հասարակության լայն շերտերի համար. ովքե՞ր են այդ հաստատությունների տարաբախտ բնակիչները, ի՞նչ են մտածում, ի՞նչ երազանքներ ունեն իրենց համար այս անկատար աշխարհում, և վերջապես, ի ծնե՞ է նրանց հիվանդությունը, թե՞ կյանքի ինչ-ինչ փուլում է բեկվում նրանց հոգեկան հավասարակշռությունը: Այս մարդկանց մենք առավելապես հիշում ենք հերթական հանցագործությունից հետո, երբ պարզվում է, որ հանցանք կատարածը հոգեկան հիվանդ է, այսինքն` իր գործողությունները ծանրութեթև չարած անհավասարակշիռ մարդ: Հոգեկան հիվանդների կողմից կատարված դեպքերը հիմնականում հրեշավոր հանցագոր ծություններ են: Ամենաթարմը թերևս հինգ ամիս առաջ Արարատում տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքն էր, երբ 33-ամյա Ռոզա Ալոյանը տանը խեղդամահ անելով սպանեց սեփական երեխաներին` 4 և 6 տարեկան տղաներին: Ի դեպ, Ռոզա Ալոյանը քրոջ հետ մեծացել էր մանկատանը, քանի որ նրա հայրը 1989 թ. կացնահարել էր մորը: Հայրը դատապարտվել էր, իսկ մանկահասակ քույրերը մեծացել էին Գավառի մանկատանը: Մանկատնից դուրս գալուց հետո Ռոզային բնակարան էին տվել Արարատ քաղաքում: Նա ամուսնացել էր, 10 տարի ապրել էին փաստացի ամուսնական կյանքով և ունեցել 2 տղա:

Վերջերս տեղեկացանք, որ համալիր փորձաքննությունների եզրակացությամբ, Ռոզա Ալոյանը հրեշավոր հանցագործությունը կատարելիս եղել էր հոգեկան անհավասարակշիռ վիճակում և հաշիվ չէր տվել իր գործողություններին: Մինչդեռ Ռոզայի հարևանները նշել են, որ կինն առանձնապես տարօրինակ վարք չի ցուցաբերել, շատ չի շփվել հարևանների հետ, իսկ ընտանիքն ապրել է ծանր ֆինանսական պայմաններում:

Ի՞նչ ենք ուզում ասել: Այն, որ մեր կողքին, մեր շրջապատում ոչ քիչ թվով հոգեկան հիվանդություններով տառապողներ են ապրում: Ապրում են, մինչդեռ նրանցից ոչ բոլորն են անհավասարակշիռ մարդկանց տպավորություն թողնում: Սա` արտաքուստ: Իսկ երբ կատարվում է հերթական ողբերգությունը, հասարակությունը վերստին փորձում է մեղավորներ փնտրել` մեղադրանքների սլաքներն ուղղելով այն պատասխանատուներին, ովքեր պարտավոր էին հայտնաբերել նման մարդկանց, մեկուսացնել հասարակությունից և սրտացավ վերաբերմունք դրսևորելով` զբաղվել նրանց բուժման հարցերով: Այս մտորումները մեզ նորից լրջորեն խորհելու առիթ տվեցին, երբ օրերս ոստիկանության ամփոփագրերում ծանոթացանք հետևյալ հաղորդագրությանը. Նուբարաշենի հոգեբուժարանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ հոգեբուժա րանից մարդ է փախել:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 2011 թ. նոյեմբերի 30-ից նշված հոգեբուժարանում հարկադիր բուժման մեջ գտնվող 19-ամյա Հարություն Ս.-ն նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, դիմել է փախուստի:

Մեր ցանկությունն է, որ ոստիկանների ձեռնարկումները Հարություն Ս.-ին հայտնաբերելու ուղղությամբ շուտափույթ դրական արդյունք տան: Որպեսզի բացառվեն վերը նշված դեպքերը: