Ասում են` Վանգան է ասել


Եթե պայծառատեսն է կանխագուշակում, նշանակում է ի վերուստ է սահմանված այս կամ այն իրադարձությունը: Սակայն փոքր-ինչ անընկալելի է, թե ինչու հանգուցյալ պայծառատես(ներ)ի «մարգարեությունները» հրապարակվում են նրա գուշակությունն իրականություն դառնալուց հետո միայն: Ավելի ստույգ` նրա(նց) ասածները հարմարեցվում են այս կամ այն իրադարձությանը:

Օրերս ռուսական մամուլը մի նոր պատառիկ է «պեղել» բուլղարուհի Վանգայի նախասացությունից` 2015 թ. Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ:

- Ավելի հաճախ դուք կհանդիպեք մարդկանց, ովքեր աչքեր ունեն, բայց չեն տեսնում, ականջներ ունեն, բայց չեն լսում: Եղբայրը եղբոր դեմ կելնի, մայրերը կլքեն իրենց երեխաներին: Յուրաքանչյուրը միջոց կփնտրի` միայնակ փրկվելու...,- Վանգա տատիկի խոսքերը մեջբերել է սղագրչուհի Բոյկա Ցվետկովան:

Սուրբ գրքում էլ նման տողեր կան, բայց, չգիտես ինչու` լրագրողները կարծում են, թե այդ խոսքերը Ուկրաինայում ստեղծված իրավիճակի մասին է: Ավելին, «աչքերով չտեսնողներ ու ականջներով չլսողներ» են համարում այդ իրավիճակի հանդեպ Արևմուտքի արձագանքը: Հետո ուրիշ մեջբերում են անում կույր գուշակուհուց.

- Այն, ինչը միավորվել է, ցիրուցան կլինի մանր կտորների: Դա կլինի Ռուսաստանի կողքին,- Վանգայի խոսքերը գրի է առել նրա կյանքի վերջին տարիներին տնտեսության մեջ նրան օգնող Վիտկա Պետրովսկին:

Այս կինը նաև հավաստիացրել է, թե պայծառատեսուհին պատվիրել էր այս գրառումները հրապարակել 2010 թվականին, որը նա համարել է բեկումնային տարի: Այն ժամանակ բոլորը մտածում էին, թե խոսքը Եվրամիության մասին է, սակայն ռուսաստանցի լրագրողները չեն բացառում, որ Վանգան խոսել է Ուկրաինայի մասին: Նրանք գտնում են, որ Ղրիմը Ռուսաստանի տարածք դառնալուց հետո փոքր-ինչ այլ կերպ է ընկալվում գուշակուհու մեկ այլ կանխասացությունը.

- Ամեն ինչ կհալչի ինչպես սառույցը, միայն մի բան կմնա անձեռնմխելի. Վլադիմիրի փառքը, Ռուսաստանի փառքը: Չափազանց շատ բան է զոհաբերվել: Ոչ մեկը չի կարող կանգնեցնել Ռուսաստանին: Նա ամեն ինչ կմաքրի իր ճանապարհից և ոչ միայն կպահպանվի, այլև կդառնա աշխարհի տիրակալ:(kΘ.ru)