Ստորգետնյա հանգստարաններ


7 միլիարդի սահմանը հատած մարդկանց դեռևս բավարարում է Երկիր մոլորակի տարածքը: Որ այդ թիվն անվերջ աճելու միտում ունի` դա դեռ ոչինչ: Սակայն այդ թիվը անհաշվելիորեն գերազանցող հանգուցյալները նույնպես տեղ են զբաղեցնում ապրողների մոլորակում, որն, ավա˜ղ, ռետինի պես ձգվելու ունակություն չունի: Մինչդեռ մարդիկ իրենց գրպանների պարունակության չափով գերեզմանատները ևս ընդարձակում են` ի հիշատակ... Նյութեղեն մարմինն ի վերջո անգոյ է դառնում խառնվելով մայր հողին, իսկ անմեռ հոգու համար Երկրի վրա կացարան պետք չէ: Սակայն...

Պարզվում է, որ միայն ափաչափ մեր Հայաստանում չէ այս խնդիրն արդիական:

- Հավերժական հանգիստ որոնող հրեաների համար մոլորակի ամենացանկալի անշարժ գույքը Երուսաղեմի տարածքում է: Բայց, ավաղ, քաղաքում ավելի ու ավելի քիչ տարածքներ են մնում հուղարկավորությունների համար,- գրում է The WΖshington Post-ը:- Եվ հիմա թաղման գործակալությունն ու շինարարական կազմակերպությունը համատեղ ջանքերով Երուսաղեմում հսկայական ստորգետնյա գերեզմանատուն են կառուցում` վերելակներով սարքավորված:

Շինարարության առաջին փուլով նախատեսված է ստորգետնյա թունելներում կառուցել 22 հազար հանգստարան` 3 հարկաշարքերով: 50 մլն դոլար արժողությամբ այս նախագիծն առաջինն է իր տեսակի մեջ և, հավանաբար, հուղարկավորության նոր ավանդույթ է հիմնադրում:

Ի դեպ, Երուսաղեմում ամենաճանաչվածը 3000-ամյա գերեզմանատունն է` Ձիթենյաց լեռան վրա: Այն լեռան, որտեղից, ըստ հրեական հավատքի, սկսվելու է ննջեցյալների հարությունը, երբ Մեսիան գա: Ձիթենյաց լեռը, սակայն, գտնվում է վիճելի տարածքում` Արևելյան Երուսաղեմում և անվտանգության ապահովումը երբեմն դառնում է չափազանց դժվար:

Մի խոսքով, ստորգետնյա գերեզմանատները կթեթևացնեն հողատարածքները. թույլ կտան, որ դրանք ապրողներն օգտագործեն: Վկան` փարիզյան ստորեկրյա անցքերը, որոնցում ավելի քան 6 միլիոն հանգուցյալ է ամփոփված: Չի սխալվում Երուսաղեմի հրեական համայնքի Հուղարկավորության ընկերության տնօրեն Անանիա Շահկարը` ասելով.

- Մեր հողը պետք է ապրողների, այլ ոչ թե մեռյալների համար: