ՀԱՌԱՉԱՆՔ

«Ոչ ամոթ ունի ուժեղը, ոչ վախ, Վայը եկել է տարել տըկարին»

- Ոչ խիղճ ունեն էդ ուժեղները, ոչ էլ վախ,- Թումանյանի հերոսի հանգույն` հառաչեց վաղեմի բարեկամս:

Ճշմարիտ մի մտավորական, ով երբևէ պաշտոնի ու հարստության չի ձգտել ու միշտ իրեն երջանիկ է համարել: Երջանիկ է համարել, որովհետև լավ ընտանիք ունի և սիրել է իր աշխատանքը: Նրանից լավատեսության, չընկճվելու դասեր կարելի էր առնել, բայց… Շատերին տանջող անզորություն կոչվող ցավը նրան էլ էր պատել: Նրա հիասթափության պատճառ(ներ)ին չանդրադառնանք. մեր օրերի համար սովորական տմարդիությունները նորից թվարկել չարժե: Սակայն նրա հառաչանքը բյուրաձայն հեծեծանքի պես հնչեց:

Իսկ ովքե՞ր են այդ ուժեղները: Նրա՞նք, որ կարողանում են հալածել, ուրիշի պատառ հացը խլել, նսեմացնել արժանավորներին: Ուժը դա՞ է: Ուժեղը պիտի որ հովանավորի, պաշտպանի, ոտքի կանգնեցնի թույլ ու տկարին, այլ ոչ թե իրենից զորեղի առջև ստորաքարշության «սեանսներ» անցկացնի ու ստիպի, որ իրեն էլ նույն կերպ «մեծարեն»:

Տարիներ առաջ երևանաբնակ կիսապաշտոնյա դարձած մի «տրեխավորի» հոր հուղարկավորությունն էր: Իհարկե` գյուղում: Եվ իրեն ցավակցելու եկած պաշտոնակիցներին հայրական աղքատիկ տան բակում դիմավորելով, ոչ թե հանգուցյալին հրաժեշտ տալու ուղեկցեց, այլ առաջարկեց մեծ թթենու տակ գարեջուր խմել: Ու մեկ ժամ շարունակ մեղադրում էր հորը, որ չի ցանկացել գյուղից հեռանալ: Հորը մեղադրելով էր արդարանում, որ նրան մենակ է թողել աղքատության մեջ, իսկ ինքը առոք-փառոք ապրում է Երևանում: «Քաղաքացի պաշտոնյաներ» տեսած գյուղացիները հանկարծ իրարով անցան.

- Մոսոն էկավ, քշեք դրան, չթողնեք մոտենա. խայտառակ կըլնենք:

Ու սկսեցին… որը` համոզելով, որը` ծերունու թևերից քաշելով, փորձում էին թույլ չտալ, որ հանգուցյալին կամ նրա «պաշտոնյա» որդուն մոտենա:

Հյուրերին բացատրելով, թե դա իրենց գյուղի «գիժն» է, և «լավ տղա» խաղալու մոլուցքով` «պաշտոնյա երևանցին» նետվեց դեպի ծերունին ու ամբողջ ուժով հրեց նրան: «Խենթը» գետին տապալվեց: Մինչ հայրակորույս «լավ տղան» հաղթական քայլով կհասներ ապշահար ընկերներին, ծերունին աչքերը սրբելով, դողդոջ ձայնով բղավեց.

- Ո˜ւժ ունեիր, հորդ չթողնեիր մեռներ…

Ավելի դիպուկ չէր ասի ոչ մի «խելոք»:

Ա˜յ դա ո´ւժ կլիներ, որը ոչ ոք չունի: Կասենք` բնության օրենքն է, Աստծո կամքը. մարդս անզոր է մահվան դեմ: Այդպե´ս է:

Բայց բնության օրենքն ու Աստծո կամքը նաև քեզ նմանին չտկարացնելն ու անզոր չդարձնելն է: Բռունցքներով բացված ճամփեքին ամենքն ու ամեն ինչ ոտնատակ անելը աստվածուրացություն է:

Ուժեղը այն տղաներն էին, ովքեր առանց զորակոչի ռազմի դաշտ նետվեցին ու հող ազատագրեցին. Հայոց բանակի այն զինվորներն են, ովքեր երկիր են պահում: Ուժեղ էին այն գիտնականները, ում մտքի ուժով շենանում էր երկիրս և ճանաչում գտնում աշխարհում: Ուժեղը անզորությունից խեղճացած այն հայն է, ով հացը արցունքով է կուլ տալիս, բայց չի հեռանում հարենիքից: Վերջապես` ուժեղը ներկայից հուսահատ, բայց լավատեսության ծվեններն ամեն օր կարկատել փորձող մարդիկ են, այլ ոչ թե «խենթ Մոսոներին» հալածելով` եկեղեցի գնացողները: Մոմեր են վառում, որ Տերը ների՞: Տերը կների, եթե ապաշխարեն: Բայց ապաշխարում է իր սխալը գիտակցողը: Իսկ «քաղաքաբնակ պաշտոնյայի» նմանների մաղձ որոճացող ուղեղներին (առավել ևս` չունեցած հոգիներին) դա հասու չէ: Եկեղեցի են գնում, որ մարդիկ իմանան, թե որքա˜ն «աստվածասեր» են, իսկ իրենք, երևի, խորանի առաջ խնդրում են ավելի´ տռզացնել քսակները և նո´ր ուժ տալ` «խեղճուկրակներին» ավելի խեղճացնելու: