Միայն ժողովուրդն է կարող իրավիճակ փոխել
- Ես ամեն օր աղոթում եմ Աստծուն, որ Տերը Հայաստանը չավիրի Սոդոմ ու Գոմորի պես,- ասում է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության ղեկավար Սոս ԳԻՄԻՇՅԱՆԸ: Ստորև նրա հետ հարցազրույցն է` Հայաստանում նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումների մասին:
- Ձեր կարծիքով մեզանում նախապատրաստվող սահմանադրական բարեփոխումներին ինչո՞ւ չի նկատվում ժողովրդական լայն շրջանակների ակտիվություն, ինչպես առաջին երկու սահմանադրությունների ընդունման ժամանակ էր: Արդյո՞ք դրա հասարակական պատվերն է բացակայում:
- Սահմանադրությունը մասնագետների, ակտիվ խմբերի, Հասարակական, քաղաքական կառույցների քննարկման խնդիր է: Ես չեմ գտնում, որ Սահմանադրությունը պետք է ժողովրդի հետ քննարկել: Մեզանում չի ձևավորվել այնպիսի ավանդույթ, որ Սահմանադրությունը ինչ-որ լուծումներ տա լուրջ խնդիրների, ու ժողովուրդը դրա շնորհիվ շահեկան իրավիճակում հայտնվի: Այդ իսկ պատճառով չկա այդպիսի հասարակական պատվեր և չի էլ կարող լինել:
- Լավ, բայց կրկնեմ` առաջին Սահմանադրությունների ընդունման դեպքում այնուամենայնիվ ինչ-որ հետաքրքրություն նկատվում էր, մարդիկ քննարկում էին:
- Առաջինի դպքում` այո, հետաքրքրություն կար, որովհետև առաջին անգամ էինք ընդունում: Երկրորդի դեպքում էլ ինչ-որ աշխուժություն նկատվեց: Բայց երկրորդի փոփոխություններն այնպես անցկացրեցին, որ ժողովուրդը հիասթափվեց. հասարակության 95 տոկոսը ակնհայտ դեմ էր փոփոխություններին: Դրանից հետո ժողովրդի վերաբերմունքն էլ Սահմանադրությանը դարձավ ակնհայտ վատ, բացասական ու թերահավատ: Կյանքը ցույց տվեց, որ Սահմանադրությունը երբեք ժողովրդի շահերը չի պաշտպանում. ով ինչպես ուզում է, այնպես էլ մեկնաբանում է. այստեղից է բխում վերաբերմունքը Սահմանադրության նկատմամբ:
- Այսօր այնուամենայնիվ ինչ-որ բանավեճ կարծես նկատվում է: Ընդդիմադիր համարվող քաղաքական ուժերը պնդում են, որ սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, որ այդպիսով մեր քաղաքացու կյանքում որևէ դրական փոփոխություն չի լինի: Դուք ի՞նչ կարծիք ունեք այս մասին:
- Ճիշտ են ասում: Որքան հասկանում եմ` խոսքն այսպես ասած, քառյակի մասին է, որը ոչ իշխանական է ինքն իրեն կոչում: Իսկապես այսօր քաղաքական օրակարգում դրա կարիքը չկա, որովհետև նախ եթե գոնե այս կեղծված Սահմանադրության շրջանակում գործի իշխանությունը, բազմաթիվ հարցեր կլուծվեն:
- Այսօր իշխանությունը չի հերքում, որ մեզանում առկա է և´ կոռուպցիան, և´ կաշառակերությունը, և´ տնտեսության մեջ կործանարար ստվերը, անարդարությունը, բայց այդ ամենի դեմ արդյունավետ պայքարի համար մեզ նոր, բարեփոխված Սահմանադրություն է անհրաժեշտ:
- Սահմանադրությունը փաստաթուղթ է, որտեղ գրվածները կյանքի են կոչում մարդիկ, պաշտոնյաները: Եթե իրենք չեն ուզում դրանք կյանքի կոչել, ինչ ուզում ես գրի, ո՞վ պետք է նրանց ձեռքը բռնի, դատարա՞նը, որ իրենց ձեռքի խաղալիքն է, Վերահսկիչ պալա՞տը, թե՞ ոստիկանությունն ու դատախազությունը...
- Գուցե վերամբարձ հնչի, բայց նման դեպքերում ասում են` ժողովուրդը:
- Ժողովո՞ւրդը: Այո, ժողովուրդը կարող է, եթե համախմբվի և եթե խելացի, բարոյական առաջնորդներ ունենա: Այսինքն, եթե քաղաքական վերնախավը բարոյական լինի և ժողովրդի հետ մինչև վերջ պայքարի, ոչ թե ինչ-որ խաղեր տա` ելնելով իր անձնական շահերից:
- Դա մեր ազգային հիվանդության մասին եք ակնարկում. արդեն առավել քան 20 տարի է` մենք առաջնորդ ու փրկիչ ենք փնտրում:
- Չէ, փրկիչ չի կարող լինել, փրկիչը ժողովուրդն է` միասնաբար: Միայն ժողովուրդն է կարող երկրում իրավիճակ փոխել:
- Մեր զրույցից հասկանում եմ, որ ողջ խնդիրը քաղաքական կամք կոչվածն է: Օրինակ Իսրայելն ու Անգլիան Սահմանադրություն չունեն, բայց երկու երկրներն էլ զարգացվածության առումով համեմատության եզր իսկ չունեն Հայաստանի հետ. այնտեղ քաղաքական կամք կա` ճիշտ ապրելու համար:
- Սահմանադրությունը կայունություն է բերում, բայց կան երկրներ, որոնք օրենքը հարգում են, և այն ճշմարտությունները, որոնք ակնհայտ են, շաբաթը մեկ փոփոխությունների չեն ենթարկվում: Սահմանադրական այն փոփոխությունները, որ առաջարկվում են, ընդհանրապես պետք չեն հասարակությանը: Իսկ ընդհանրապես` Սահմանադրությունը բարեփոխման կարիք ունի: Առաջարկվող փոփոխությունները մանրամասն նայել եմ. այնտեղ միայն մեկ դրական բան կա: Այն է, որ ժողովուրդն իրավունք ունենա սեփական նախաձեռնությամբ հանրաքվե անցկացնել: Այդ դրույթը ընդունել, նշանակում է` իշխանությունը վերադարձնել ժողովրդին: Բայց չեմ հավատում, որ դա այդպես կմնա. վաղը կարող են ձևակերպել, թե ժողովուրդը դրա իրավունքն ունի, եթե հարցը վերաբերում է բանանին կամ դրա նման մի բանի, բայց ոչ պառլամենտը լուծարելուն, ոչ էլ նախագահին հետ կանչելուն...
- Մեր զրույցը ինձ հիշեցրեց աստվածաշնչյան մի պատմություն, երբ Աստված տեսնելով, որ այլևս ճար չկա, ստիպված կործանում, աշխարհի երեսից անհետ ջնջում է մեղքերի մեջ թաղված Սոդոմ և Գոմոր քաղաքները :
- Միշտ հիշելով Աստվածաշնչի այդ հատվածը, ես աղոթում եմ` Տեր Աստված, ուժ տուր հայ ժողովրդին, և մեր երկրում թող միշտ լինեն այն հինգ ընտանիքը, որոնք ճիշտ են ապրում, որ երբեք Հայաստանը Սոդոմ-Գոմորի չվերածես:
- Այստեղ ասում են` Ամեն: Շնորհակալ եմ զրույցի համար: