Խաղողի այգին` լրագրողական դարան


Վրաց նախագահ Միխեիլ Սահակաշվիլուն պատկանող խաղողայգում ձերբակալվել է լրագրող Շալվա Ռամիշվիլին: Այդ մասին տեղեկացրել է «Գռուզիա. Օնլայն»¬ը` վկայակոչելով ընդդիմադիր «Ազատ Վրաստան» կուսակցության ներկայացուցիչ Գեորգի Մոսիաշվիլիի խոսքը: Խաղողայգին գտնվում է երկրի արևելյան Կախեթիայում: Ռամիշվիլին այստեղ է եկել` ինչ¬որ ռեպորտաժ պատրաստելու. նրան ուղեկցել է նշյալ ընդդիմադիրը: Նրա պատմածով` իրենք այգու մոտ տեսել են «քաղաքացիական անձանց»: - Մենք հարցրեցինք` կարո՞ղ ենք խաղողի այգի մտնել: Նրանք մեզ չասացին, որ մտնել չի կարելի, և մենք մտանք, ինչից հետո քաղաքացիական հագուստով անձինք Շալվայից խլեցին միկրոֆոնն ու տեսախցիկը, Շալվային նստեցրին ավտոբուս,¬ ասել է Մոսիաշվիլին` հավելելով, թե «քաղաքացիական հանդերձով անձինք» ավելի ուշ տեղեկացրել են, որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են: Իրավապահ մարմիններից այդ առնչությամբ մեկնաբանություններ չեն հնչել: Շալվա Ռամիշվիլին հիմնադիրն է «202» հեռուստաալիքի, որով նա քաղաքական թոք¬շոուներ է վարում: «Վարդերի հեղափոխության» ժամանակ Ռամիշվիլին աջակցել է Միխեիլ Սահակաշվիլուն, եղել նրա կուսակցության PR¬ի խորհրդատուն (հավաստել է Civil Georgia¬ն): 2006 թ. լրագրողը դատապարտվել է շորթման մեղադրանքով. նրան ամբաստանել են, որ փորձել է մի պատգամավորից 100 հազար դոլար կորզել: Լրագրողն, իհարկե, իրեն մեղավոր չի ճանաչել ու չի ցանկացել ներում խնդրել: Պատիժը կրելուց հետո, 2009 թ. նա ազատ է արձակվել: