ՓՈՂՈՑ` ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻ ԱՆՈՒՆՈՎ, ԱՅՆ ԷԼ` ՏԱՌԱՍԽԱԼՈՎ


Փառասիրությունից մեր մի շարք պաշտոնյաներ և օլիգարխներ չեն կարողանում ձերբազատվել: Բավական չէ իրենց «օբյեկտների» վրա են մեծ-մեծ տառերով տեղադրում իրենց անունները, նաև դպրոցներ ու փողոցներ են անվանակոչում: Նրանցից հետ չի մնացել նաև ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը. Արտաշատի ենթաշրջանի Կանաչուտ գյուղի փողոցներից մեկը անվանակոչված է ՀՀ ոստիկանապետ, Կանաչուտում ծնված Ալիկ Սարգսյանի անունով: Ըստ մեր ունեցած տեղեկությունների` հենց այս փողոցում է գտնվում այն «պատմական տունը», որտեղ իր մանկությունն է անցկացրել ոստիկանության գեներալ-լեյտենանտը: Հայրենակիցներն այս փողոցի վրա զբոսաշրջիկների ուշադրությունը սևեռելու համար` հայերենից զատ, նաև անգլերեն են գրել փողոցի անունը, սակայն ցուցանակի լատինատառ տարբերակում վրիպակ կա. ոստիկանապետի ազգանվան «s» տառի փոխարեն «r» է գրված` «Alik Sargryan Str.»: Բա իր կենդանության օրոք արդեն անմահացած ոստիկանապետի գյուղում անգլերեն գոնե մեկ իմացող չի՞ հայտնաբերվել...