ՎԵՐՋԻ՞Ն ՊԱՀԻՆ


Ֆուտբոլային թեմայով ասուլիսում հայտարարելով, որ եթե Լ. Տեր¬Պետրոսյանն իշխանության գա, ապա ինքը կհեռանա Հայաստանից, Ռուբեն Հայրապետյանն ըստ երևույթին կատակել է: Ավելի ուշ, ի պատասխան մտերիմների հարցմանը, քմծիծաղով հավաստիացրել է, թե առաջին Նախագահն այլևս երբեք իշխանության չի գա, ու ինքն էլ բնականաբար երկրից չի հեռանա: Ըստ վերջինիս շրջապատի հավաստիացումների` իր բաժին իշխանությունը թիվ 1 ընտրատարածքից ձեռք բերած պատգամավորն այս անգամ մանդատն այնուամենայնիվ զիջելու է: Պարզապես առայժմ նա չի շտապում չառաջադրվելու իր մտադրության մասին հայտարարել: Այսուհանդերձ, եթե թիվ 1 ընտրատարածքը երկար տարիներ մենաշնորհած «Նեմեց Ռուբոն» չառաջադրվի, ապա հավանական է, որ օրենսդիրում նրա աթոռը զբաղեցնել ցանկացողների թիվը տասից էլ անցնի: Հավակնորդները, սակայն, իրենց մտադրության մասին կբարձրաձայնեն ՀՖՖ նախագահի դիրքորոշման վերջնական հստակեցումից հետո: Վերջինս էլ ակնհայտորեն հանուն սպորտային հետաքրքրության` նախատեսում է չառաջադրվելու մասին միայն վերջին պահին հայտարարել: