Փորձել է արդարանալ


 

Երեքշաբթի Բարաք Օբաման ստիպված է եղել պաշտպանել հակահրթիռային պաշտպանության հարցերի քննարկումը հետաձգելու վերաբերյալ իր խոսքերը, որոնք Սեուլում ասել է Դմ. Մեդվեդևին (հաղորդել է Reuters-ը):

- Ներկա իրավիճակն այնքան էլ հարմար չէ` բովանդակալից բանակցությունների համար: Ես կարծում եմ` մենք ավելիին կհասնենք 2013 թվականին,- ասել է նա լրագրողներին:

Երկուշաբթի Սեուլում կայացած ոչ հրապարակային այդ հանդիպման ժամանակ տեխնիկական սարքերն «աշխատել» են լրագրողների օգտին. բարձրախոսները ժամանակից շուտ են միացվել և մամուլի մշակները պարզորոշ լսել են մի հատված` երկու տերությունների նախագահների անձնական զրույցից: Օբաման Մեդվեդևին ասել է, թե հակահրթիռային պաշտպանության հիմնախնդիրը «կարող է լուծվել» և հավելել է, որ ընտրություններից հետո ինքը կկարողանա հանդես բերել «ավելի ճկունություն»: Ռուսիո նախագահն էլ, ի պատասխան` խոստացել է, որ ինքը «դա կփոխանցի Վլադիմիրին»:

«Ճկունություն» բառի համար (ինչպես նշել է GuΖrdiΖn-ը) հանրապետականները խիստ քննադատել են Օբամային: Մասնավորապես, հանրապետական հավանական թեկնածու Միթ Ռոմնին Ռուսաստանն անվանել է «թիվ 1 աշխարհաքաղաքական թշնամի»:

Նախկինում Բարաք Օբաման խոստացել էր Ռուսաստան այցելել Ամերիկայի նախագահական ընտրություններից հետո: Սակայն առաջիկա մայիսին, ՌԴ նորընտիր նախագահի երդմնակալությունից հետո, ծրագրված է Պուտին-Օբամա հանդիպումը: