ՔԱՐՏԵԶԱԳՐՎԱԾ ԱՉՔԱԿԱՊՈՒԹՅՈՒՆ


«Հայռուսգազարդն» ինքն իր կամքով նորից է անհեթեթ իրավիճակում հայտնվել: Հայտնի է, որ խոշորագույն այս կառույցի ղեկավարները հաճախ են պարծենում` հայտարարելով, թե իրենց հաջողվել է նույնիսկ խորհրդային ժամանակների ցուցանիշները գերազանցել: Մինչդեռ գազամատակարար կառույցի կայքում տեղադրված քարտեզը բավական անմխիթար պատկեր է ներկայացնում: Երևանն, իհարկե, գրեթե լիարժեքորեն գազաֆիկացված է, սակայն որոշ մարզերում երկնագույն վառելիքով ապահովված են համայնքների մոտավորապես կեսը: Ակնառու է, որ հատկապես մարզկենտրոններից հեռու ընկած բնակավայրերն են անտեսվել: «Հայռուսգազարդի» պատասխանատուները մասնավոր զրույցներում խոստովանում են, որ հանուն մի քանի տասնյակ բաժանորդների տասնյակ կիլոմետրերով խողովակաշարեր անցկացնելը տնտեսապես ձեռնտու չէ: Եվ քանի որ այս կառույցն իր գործունեությունը միայն սեփական բիզնեսի շահերից ելնելով է ծավալում, կարելի է ենթադրել, որ հազիվ թե հեռավոր բնակավայրերն առաջիկայում գազաֆիկացվեն: Ու պատճառը ոչ միայն խողովակաշարերի թանկությունն է: Վառելիքի գների ձեռքը կրակն են ընկել նույնիսկ գազ ունեցողները: «Հայռուս գազարդում» էլ են փաստում, որ եթե նախկինում որևէ բնակավայրում գազի հայտնվելը տեղում տոնի էր վերածվում, ապա հիմա մարդիկ կա´մ ընդհանրապես հրաժարվում են բաժանորդ դառնալ կա´մ էլ մեծ դժկամությամբ են պայմանագրեր կնքում: