ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ` ՄԻԱՅՆԱԿ


- Ողբերգություն չի լինի, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսը զբաղեցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղերը,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ է հնչեցրել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը: - ԲՀԿ-ն չի խանդում ՀԱԿ-ին և այս առումով մտահոգություն չունի: Դուք երևի նկատել եք, որ հզոր մարդկանց համար ճանապարհը միշտ բաց է լինում և նրանք վստահ գնում են այդ ճանապարհով: Եթե հանկարծ տիեզերական Տերը ցանկանա փակել այդ ճանապարհը, թող փակի,- կատակախառն ասել է պատգամավորը` հավելելով, թե ԲՀԿ-ում «ինքնաբավ մարդիկ են հավաքվել, որոնց մեջ չկան մանկուց տառապյալներ, բարդույթներից կործանվածներ», ովքեր կարող են խանդել արտախորհրդարանական ընդդիմությանը: Ընդգծելով, որ ԲՀ կուսակցությունն ուժեղների հավաքատեղի է և չի ենթարկվում նախընտրական շրջանին բնորոշ ասեկոսեներին, Վ. Բոստանջյանը հավաստիացրել է, որ իրենք ընտրությունների կգնան միայնակ: