ՃԳՆԱԺԱՄԻ Հետևանքները պետության համար


Անցյալի բոլոր ճգնաժամերը որոշակի, երբեմն տարօրինակ ազդեցություն են գործել պետական ինստիտուտների վրա: Քիչ հավանական է, որ ներկայիս ճգնաժամը բացառություն լինի: Ավանդաբար, ճգնաժամերի շրջանում պետական կառույցներն աշխատանքի շուկայում առավել մրցունակ են լինում: «Դիմակայելով Դաշնային կառավարությունում մարդկային կապիտալի ճգնաժամին» գրքի հեղինակ Ջեյ Լեյբովիտցը նշում է, որ հաջողության գաղտնիքը չափազանց պարզ է. պետությունն, ի տարբերություն առևտրային կառույցների, միշտ իր տնօրինության տակ ունի ֆինանսական պաշարներ և կարող է չինովնիկներին երաշխավորել մշտական վարձատրություն ու սոցիալական արտոնություններ: Եթե նույնիսկ պետական աշխատավարձը ցածր է «առևտրայինից», շատ արհեստավարժներ ընտրություն են կատարում պետության օգտին, քանզի այն խոստանում է մեծ կայունություն (հայտնի է, որ պետական կառույցները մասնավոր ընկերություններից անհամեմատ ավելի հազվադեպ են հաստիքների կրճատում անցկացնում): Այդ պատճառով, ճգնաժամերի շրջանում պետական աշխատանքի համբավը զգալիորեն աճում է: Տնտեսական ճգնաժամի պայմաններում պետական ինստիտուտները հաճախ լինում են առավել կոռումպացված, ինչը դառնում է տնտեսության վրա նրանց ազդեցության աճի բնական հետևանք: Հաճախ հենց չինովնիկներից է կախված առևտրային կառույցների ապագան. օրինակ` պետական պատվերների բաշխումը կամ ֆինանսական օգնության հատկացումը: Դա ստեղծում է սնուցող միջավայր կոռուպցիայի համար: Առաջին ահազանգերն արդեն հնչել են. 2009թ. սկզբին «Transparency International»ազդեցիկ հասարակական կազմակերպությունը զգուշացրեց ողջ աշխարհում կոռուպցիայի հնարավոր աճի մասին: Տնտեսական ճգնաժամի ևս մեկ դրսևորում է զինվորական ծառայության ժողովրդականության աճն այն պետություններում, որտեղ բանակը փոխադրվել է արհեստավարժության ռելսերի վրա: Երիտասարդ մարդիկ, որոնց մոտ փոքր են քաղաքացիական կյանքում դրսևորվելու հնարավորությունները, մեծ հաճույքով են բանակի հետ կնքում պայմանագրեր: Օրինակ` 2008թ. վերջին երեք ամիսներին ԱՄՆ բանակը հինգ տարիների ընթացքում առաջին անգամ գերակատարեց զորակոչիկների հավաքագրման պլանը: Ներկայիս տնտեսական ճգնաժամը նաև բացասական ազդեցություն է թողնում բնապահպանական քաղաքականության (օրինակ` գլոբալ տաքացման դեմ պայքարի և այլընտրանքային էներգետիկայի զարգացման) վրա: Օրինակ` «Worldwatch» հետազոտական ինստիտուտը կանխատեսում է, որ ճգնաժամը կհանգեցնի «ջերմոցային գազերի» արտանետումների քանակի էական նվազման, որոնք օժանդակում են գլոբալ տաքացմանը: 2009թ. սկզբին ԱՄՆ Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունն ուշադրություն դարձրեց ևս մեկ տագնապալի փաստի վրա. հումքի համաշխարհային գների անկումն անշահու թաբեր դարձրեց աղբի վերամշակումը: Օրինակ` 2008թ. դեկտեմբերին մակուլատուրայի մեկ տոննայի գինն ընկավ մինչև 25 դոլար (2007թ. դեկտեմբերի 105 դոլարի դիմաց): Արդյունքում` ընկերութ յունները, որոնք վերամշակում են աղբը, կրում են լուրջ վնասներ և նախընտրում են պարզապես պահեստավորել այն: ԱՄՆ տնտեսական ճգնաժամերի պատմությունը ցույց է տալիս, որ դա ավանդական երևույթ է: Այսպես, 1873թ. ճգնաժամին, մեկ տարուց էլ պակաս ժամանակաընթացքում, մետաղի ջարդոնի գինն ընկավ երկու անգամ, ինչը հանգեցրեց հարյուրավոր ընկերությունների սնանկացման, որոնք զբաղվում էին թափոնների հավաքմամբ, տեսակավորմամբ ու վերամշակմամբ: Համանման պատմություն տեղի ունեցավ Մեծ դեպրեսիայի ժամանակ. չորս տարվա ընթացքում (1929 _ 1933թթ.) այդ շուկայի ծավալները նվազեցին տասն անգամ, որի շնորհիվ ԱՄՆ խոշոր քաղաքների մերձակայքերը վերածվեցին վիթխարի աղբանոցների: Հետևանքները հանրության համար Յուրաքանչյուր տնտեսական ճգնաժամ հանգեցնում է մարդկանց կենսակերպի և աշխարհընկալման փոփոխության: Երբեմն այդ փոփոխությունները կարճաժամկետ են և նվազ նշանակալից, երբեմն` չափազանց էական ու երկարաժամկետ: Ամերիկյան Առողջապահության համակարգի փոփոխությունների ուսումնասիրության կենտրոնի տվյալներով, 2008թ. վերջին ամերիկացիների գրեթե 20 տոկոսը բժշկական հաշիվների վճարման հետ կապված դժվարություններ կրեց: Արդյունքում` նրանք սահմանափակեցին իրենց կողմից ընդունվող դեղամիջոցների քանակը, սկսեցին բժիշկներին դիմել սոսկ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: Կենտրոնը կանխատեսում է, որ ճգնաժամի խորացմանը զուգընթաց, այդ միտումները կարող են միայն սաստկանալ: Միաժամանակ, ԱՄՆ առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ 2008թ. Միացյալ Նահանգների հոսպիտալները նկատելիորեն քիչ են անցկացրել բուժական գործողություններ և «ոչ պարտադիր» վիրահատություններ: ԱՄՆ ճգնաժամի ալիքի վրա սկսեցին քիչ կատարել նաև տեսողության լազերային շտկման ու կոսմետիկ վիրահատություններ: Նման իրավիճակ ստեղծվում է և այլ արդյունաբերական զարգացած պետություններում: Օրինակ` Սեուլի ազգային համալսարանի ու ՀԲ համատեղ ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Հարավային Կորեայի բնակիչները (հատկապես միջին և ցածր ապահովության ընտանիքները) ճգնաժամի ազդեցության տակ հիմնովին կրճատել են իրենց բժշկական ծախսերը: Տնտեսական խնդիրների հետևանքներից է կրոնի ժողովրդականության աճը: Օրինակ` Տեխասի համալսարանի հետազոտությունները ցույց տվեցին, որ ԱՄՆ-ում 1968 _ 2004թթ. տեղի ունեցած տնտեսական ճգնաժամերի ողջ ժամանակահատվածում բողոքական եկեղեցիների ծխականների թվաքանակը զգալիորեն ավելացել է: Սակայն կան նաև հակառակ տվյալներ. օրինակ` Տնտեսական և զարգացման ռեսուրսների հետազոտման կենտրոնը վերլուծեց ասիական տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Թաիլանդի, Հարավ. Կորեայի և Ֆիլիպինների հասարակության վրա: Ինչպես պարզվեց, տնտեսական դժվարությունների ժամանակ մարդիկ սկսել են զգալիորեն հազվադեպ հաճախել եկեղեցի, մզկիթ ու տաճար և անգամ քիչ աղոթել: Պատճառը պարզ էր. այդ երկրների շատ բնակիչներ փորձել էին աշխատել երկու և ավելի աշխատավայրում, էժան մթերքի ու ապրանքի հայթայթման վրա շատ ժամանակ էին վատնել և այլն, ինչը կրճատել էր այն ժամանակը, որը նրանք կարող էին տրամադրել հոգևոր կյանքին: Ճգնաժամը, որպես կանոն, հանգեցնում է ռեստորանների, բարերի ու սրճարանների (որտեղ ալկոհոլ է վաճառվում) ժողովրդականության նվազմանը, բայց այն ամենևին էլ չի նպաստում սթափությանը: Սպիրտային օգտագործողները սկսում են խանութներից գնել առավել էժանագին խմիչքները` նախընտրելով դրանց ամենաէժան տեսակները: Ընդ որում, մարդիկ ավելի շատ են խմում, որպեսզի հանեն սթրեսը և տրվեն մոռացության: Շատ են սկսում խմել և այն մարդիկ, որոնք մինչ դժվար ժամանակների գալը չեն հրապուրվել «ժամանցի» այդ տեսակով: Հետաքննությունների դաշնային բյուրոյի բազմամյա վիճակագրությունը միանշանակ կերպով ցույց է տալիս, որ ֆինանսական ճգնաժամերին զգալիորեն աճում է խարդախությունների թիվը: Հիպոթեքային ակտիվների ինստիտուտի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2008թ. ԱՄՆ-ում հիպոթեքի հետ կապված խարդախությունների թիվն աճել է 45 տոկոսով: Միաժամանակ, աճում է բռնության (այդ թվում նաև ընտանեկան) մակարդակը: ԱՄՆ Արդարադատության ազգային ինստիտուտի տվյալներով` նմանօրինակ հանցագործների թիվը հատկապես կտրուկ աճում է այն ընտանիքներում և շրջաններում, որոնք անհամեմատ ավելի են տուժել գործազրկությունից ու եկամուտի նվազումից: Այս առումով, հատկանշական է Նյու Յորքի պատմությունը: 1970-ականներին այդ մեգապոլիսում հանցագործության բուռն աճը համընկավ ԱՄՆ խոշորամասշտաբ ճգնաժամի հետ: Ուոլ Սթրիթի ընկերությունները կրեցին կորուստներ, նրանցից ստացվող հարկային մուտքերը նվազեցին, ինչը հանգեցրեց նրան, որ քաղաքապետարանը ստիպված եղավ կրճատել ոստիկանների թիվը և չքավորների համար նախատեսված սոցիալական ծրագրերը: Դա բերեց նրան, որ Նյու Յորքում ապրելը դարձավ տհաճ ու վտանգավոր. քաղաքը լքեցին մեկ միլիոնից ավելի մարդ, հիմնականում` միջին խավի ներկայացուցիչները: Այն ժամանակ տարածված կարծիք կար (որը, բարեբախտաբար, կեղծ դուրս եկավ), թե Նյու Յորքը մեռնում է: Տնտեսական ճգնաժամը նաև օժանդակում է, որպեսզի կազմակերպված հանցագործությունը օրինական բիզնես կառույցների վրա վերահսկողություն հաստատելու հնարավորություն ստանա: Այսպես, Հանցագործության և արդարադատության հարցերով ՄԱԿ միջտարածաշրջանային գիտահետազոտական ինստիտուտը պարզել է, որ կազմակերպված հանցագործ խմբավորումները, որոնցից շատերը կապված են թմրանյութերի առևտրի հետ, այսօր գնում են արժեթղթերի մեծ փաթեթներ ու խնդրահարույց բանկերում կատարում զգալի ֆինանսական ներարկումներ: Ավանդաբար, տնտեսական ճգնաժամը հանգեցնում է զբոսաշրջիկների թվի կրճատման: Տրամաբանությունն այստեղ բավական պարզ է. եկամուտների նվազման և գործազրկության աճի դեպքում մարդկանց մոտ քիչ ազատ գումար է մնում, որը նրանք կարող են ծախսել հանգստի ու զվարճանքների վրա: Սակայն այս կախվածությունը բացարձակ չէ: Օրինակ` Քվինսլենդի համալսարանը վերլուծել է 1990-ական թվականների վերջի ասիական ճգնաժամի հետևանքները միջազգային զբոսաշրջության տեղական արդյունաբերության վրա: Ինչպես պարզվեց, այդ երկրներ այցելած արտասահմանյան զբոսաշրջիկների թիվն իրոք կրճատվել է, բայց այն պետություններում, որոնք դեվալվացրել են իրենց ազգային արժույթը, կտրուկ անկում չի նկատվել, իսկ շուկայի վերականգնումը սկսել է անսպասելիորեն շուտ: Արտասահմանյան Կրթության ինստիտուտի տվյալները ցույց են տալիս, որ տնտեսական ճգնաժամերին էականորեն նվազում է արտերկրի բուհերում ուսման մեկնող ուսանողների թիվը: Որպես կանոն, նրանք նախընտրում են առավել հասանելի այլընտրանքներ իրենց մոտ` հայրենիքում: Սակայն Բերկլիի համալսարանի տնտեսագետների ուսումնասիրությունը թույլ տվեց հետևություն անել, որ տնտեսական ճգնաժամերը հնարավորություն են տալիս դաստիարակել առավել գիտակից սերունդ: Այդ ուսումնասիրության շրջանակներում վերլուծության ենթարկվեցին այն ամերիկացիների մասին տվյալները, որոնց մանկությունը համընկել է Մեծ դեպրեսիայի ժամանակաշրջանին: Ինչպես պարզվեց, կյանքի հանդեպ այդ մարդկանց վերաբերմունքը տարբերվում է իրենց ծնողների և զավակների պահվածքից: «Դեպրեսացված» ամերիկացիներն ավելի հաճախ են հակված ֆինանսական ռիսկերից խուսափելուն (օրինակ` նրանք հազվադեպ են կուլ տալիս առավել խաբուսիկ առաջարկությունների խայծը), բայց հաճախակի են գումարներ ներդնում արժեթղթերի շուկայում, այլ ոչ թե դրանք պահում խնայատուփերում: Washington ProFil