Վարդան ԱՍՑԱՏՐՅԱՆ

ԱՎԱՆԴԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ

և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգը


 

(Սկիզբը «Ավանգարդի» թիվ 57-61-ում)

Ամենակարևորը սեփական արժանապատվությանը վերադառնալու ճանապարհին մարդու կամքի ուղղվածությունն է: Մարդն օժտված է ազատությամբ և առանց նրա կամքի Մարդուն ուղղելու Աստծո օգնությունն իսկ անհնար է դառնում: Այդ ազատության շնորհիվ մարդն ունի ընտրության իրավունք` կատարել բարին` Աստծո կամքը` այդպիսով վերադարձնելով իր արժանապատվությունը կամ ընտրել չարը և այդպիսով կորցնել այն: ժամանակակից հումանիստական (մարդապաշտական) մտածողությունը ևս ընդունում է, որ մարդը մշտապես գտնվում է բարի և չար արարքներ կատարելու երկընտրանքի մեջ. չէ՞ որ գործող օրենքները խթանում են լավ վարքը և` պատժում վատը: Սակայն աշխարհիկ հումանիզմի և կրոնական ավանդության տարբերությունն այն է, թե բարու և չարի սահմանման համար ինչը համարել հեղինակություն:

Ուշագրավ է, որ ինչ-ինչ պատճառով արդի արևմտյան մտածողության մեջ դեռևս ժան ժակ Ռուսոյի ժամանակներից արմատավորվել է այն պատկերացումը, թե բավական է ապահովել ազատությունը և անհատին օժտել իրավունքներով, և նա ինքը անխուսափելիորեն կընտրի բարին ու իր համար օգտակարը: Ուստի և ոչ մի արտաքին հեղինակություն չպետք է նրան մատնանշի, թե ինչն է բարի և ինչը` չար: Մարդն ինքն է որոշում վարքի բարոյական նորմերը: Դա կոչվում է մարդու բարոյական ինքնավարություն: Եվ այդ ինքնավարությունը կարող է սահմանափակվել միայն այլ անհատի ինքնավարությամբ: Այս գաղափարախոսության մեջ բացակայում է մեղքի հասկացությունը և առկա է կարծիքների բազմազանությունը, այսինքն մարդը կարող է ընտրել վարքի ցանկացած տարբերակ, միայն մի պայմանով, որ իր վարքը չպետք է սահմանափակի այլ մարդու ազատությունները:

Նման մարդակենտրոն մոտեցման ցավալի հետևանքն այն է, որ այսօր շատ երկրներում կառուցվում են հասարական կարգեր, որոնք նպաստում են մեղքին և խուսափում են անհատի բարոյական կատարելագործմանը նպաստելուց: Հասարակությունն ընդհարվում է ցինիկ կեղծիքին. անբարոյականության թողտվությունն արդարացվում է մարդու արժանապատվության մասին ուսմուն քով, ինչն իրականում կրոնական արմատներ ունի:

Հիրավի, ի վերուստ մարդն ունի ընտրության ու գործողության լիակատար ազատություն, որի առջև կանգ է առել անգամ Աստված, և սա քննարկման առարկա չէ:

Քննարկման ու վիճարկման առարկան այն պնդումն է, թե իբր մարդը ինքուրույն կերպով կարող է կատարել իր իրական բարօրությանը համապատասխանող ընտրություն: Սակայն մեղքի մեջ գտնվող մարդն ինքնուրույնաբար միշտ չէ, որ կարող է հստակ տարբերակել ինչն է բարի և ինչը` չար: Պատճառն այն է, որ մեղքի հետևանքով նրա բանականությունը, կամքը և զգացողությունը գտնվում են մեղքի ոլորտում, և մարդը կարող է սխալվել իր կյանքի նպատակները որոշելիս: Բարու և չարի տարբերակման կարևորագույն չափանիշ է մարդու խիղճը, որի համար ժողովուրդն ասում է «խիղճը Աստծո ներկայությունն է մարդու մեջ»: Սակայն մեղքը նաև խղճի ձայնն է խլացնում: Բարոյական նորմերի միջոցով Աստված օգնում է մարդուն պահպանել չարի ու բարու մասին պատկերացումը: Այդ նորմերի համաձայն անընդունելի են սրբության ծաղրանքը, աբորտը, համասեռամոլությունը, էվտանազիան և մարդու իրավունքների արևմտյան հայեցակարգի կողմից ակտիվորեն պաշտպանվող վարքի համանման այլ տեսակներ:

Մեր ժամանակներին հատուկ պետության բացարձակացմանն այսօր գալիս է փոխարինելու առանձին անհատի ու նրա` բարոյական պատասխանատվությունից զերծ իրավունքների սուվերենության բացարձակացումը: Նման բացարձակացումը կարող է քայքայել ժամանակակից քաղաքակրթության հիմքերը և հանգեցնել դրա կործանմանը, ինչպես եղել է շատերի հետ: Մարդկությունը չի կարող բարոյականությունից դուրս ապրել: Ոչ մի օրենքով չենք կարող ապահովել հասարակության կենսունակությունը, չենք կարող կանխել կոռուպցիան, իշխանության չարաշահումը, ընտանիքնե րի անկումը, միայնակ երեխաների ի հայտ գալը, ծնելիության կրճատումը, բնության քայքայումը, մարտնչող ազգայնամոլության, քսենոֆոբիայի և կրոնական զգացմունքները վիրավորելու դրսևորումները: Եթե մարդը չի տեսնում, որ ինքը մեղք է գործում, ապա նրան ամեն բան թույլատրելի է:

Անմարդկային է դառնում նաև այն հասարակությունը, որում մարդկային իրավունքները գործիք են դառնում բնազդի ազատագրման համար, իսկ բարու և չարի հասկացությունը շփոթվում ու դուրս են մղվում բարոյական ինքնավարության և բազմակարծության գաղափարների կողմից: Նման հասարակությունը կորցնում է անհատի վրա բարոյական ներգործության լծակները:

Այսպիսով, անհատի արժանապատվության միակողմանի կործանարար բացարձակացումը կանխելու և այն ողջախոհ կերպով հավասարակշռելու համար անհրաժեշտ է նույն մակարդակի բարձրացնել մարդու արժանապատիվ ապրելու և սեփական վարքի համար բարոյական պատասխանատվություն կրելու նորմը:

(Շարունակելի)