Ամուսնալուծվիր և ապարանք գնիր


Շա˜տ ճկուն է մարդկային միտքը, երբ սեփական շահն է որոնում. մանավանդ` ուրիշներին մոլորեցնելու, օրենքը շրջանցելու պայմանով: Չնայած` շատ հաճախ պետական անկատար, տրամաբանությունից զուրկ օրենքներն են մարդկանց մղում` խոտոր ճանապարհով իրագործել իրենց ծրագրերը: Այս առումով ճարպկության պակաս չունեն նաև չինացիները: Ամուսնալուծություն ձևակերպելով` նրանք հնարավորություն են ստանում նախնական գնից 25 % զեղչով բնակարան ձեռք բերել: Փաստաթղթով բաժանվում են երջանիկ ամուսինները, բայց շարունակում են համատեղ ապրել: Ամենազավեշտալին այն է, որ դա բացահայտ է ու շատ տարածված:

Հատկապես Պեկինում, Շանհայում և դրանց մերձակայքում սարսափելի արագությամբ ավելանում է ձևական ամուսնությունների քանակը. մանավանդ` վերջին 2 ամիսների ընթացքում: Եվ, ինչպես արձանագրել են լրատվամիջոցները, ամուսնալուծվելուց հետո զույգերից մեկը գնում է թանկարժեք բնակարան ու այնտեղ ապրում «ատելի» ամուսնու հետ: Զանգվածային այս երևույթն, իհարկե, չի կարող վրիպել ոչ մեկի աչքից: Փաստորեն 1,2 դոլարին համարժեք 8 յուանով ամուսնալուծության փաստաթուղթ ձեռք բերելով` յուրաքանչյուրը կարող է տասնյակ հազարավոր դոլարներ խնայել` ամենաշքեղ տուն գնելիս:

Վարչական օրենսդրությամբ` եթե ամուսնալուծությունից հետո անշարժ գույքը մնում է ամուսիններից մեկին, մյուսը նորից կարող է օգտվել էժան գնով նույն բնակարանը գնելու իրավունքից: Կամ, նոր բնակարան գնելով կամ ոչ հարմարավետ հինը վաճառելով` չինացի ամուսինները շարունակում են համատեղ կյանքը` ավելի մեծ բնակարանում` առանց լրավճարների, առանց հարկեր վճարելու և առանց թղթատարության` արդեն օրինական հիմունքներով: (տեղեկացրել է Mir 24-ը):

Իսկ ի՞նչ եք կարծում, օրենսդրական սողանցքները հո միայն բարձր պաշտոնյաների, մոնոպոլիստ-գործարարների համար չեն: