ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈՒՇՏԸ


Ճողվածք (չՐօՋՈ) անունով հիվանդություն կա, որը հաճախ առաջանում է ուժից վեր ծանրություն բարձրացնելու դեպքում: Մոտավորապես այսպես կարելի է ախտորոշել ընդդիմության այսօրվա վիճակը, որը տարիներ շարունակ ուսերին կրելով Հանրապետության նախագահի հրաժարականի` իր ուժերից վեր պահանջը, հիմա ուժասպառ, անդամալույծ վիճակում գամվել է «անկողնուն»` իր հետ անդամալույծ անելով նաև ողջ քաղաքական դաշտը: Գարնանը կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին հայ քաղաքական «մտքի» ամենափայլուն շողարձակումը սերմացու կարտոֆիլի ու ցորենի բաժանումն է: Ժողովրդական խոսքն ասում է. «Մեծ քար վերցնելը չխփելու նշան է»: Այս մեծ քարի տակ կքած ընդդիմության կարիքը այսօր զգում են քաղաքական դաշտի բոլոր ուժերը, թեկուզ աշխարհի աչքի առաջ քաղաքակիրթ, քաղաքական ծրագրերի բազմազանությամբ ընտրություններ անցկացնելու առումով: Սակայն, կարիքը զգալով հանդերձ, և° իշխանական, և° ընդդիմադիր դաշտի որոշ ուժեր փորձում են չխփելու համար նրան դրդել է°լ ավելի մեծ քար վերցնելու: Վերջերս ակտիվորեն քննարկվում է բոլոր 41 մեծամասնական ընտրատարածքներում ընդդիմության կողմից թեկնածուներ առաջադրելու հարցը: Ի՞նչ ասել կուզե. եթե ընդդիմությունը հաղթելու հնարավորությամբ օժտված այդքան գործիչներ ունենար, այս վիճակում չէր լինի այսօր: Բացի այդ, ի տարբերություն իշխանական դաշտի, ընդդիմադիրը շատ ավելի խայտաբղետ է և անկազմակերպ: Հանուն ինչ-ինչ ծրագրերի իրականացման, իշխանամետներն ի վիճակի են համախմբելու իրենց ուժերը, ինչը չես ասի հակառակ կողմի մասին, նույնիսկ, եթե խոսքը վերաբերի իրենց ամենանվիրական երազանքին` իշխանափոխությանը: Որովհետև հենց սկզբից ելակետայ ինը լինելու է առաջին դեմքի հարցը: Այստեղ ընդդիմադիր եղբայրը «ընդդիմադիր եղբոր միայն մեռնելը չի ուզում», սակայն ակտիվորեն նպաստում է նրա պարտությանը: Հետևաբար այս վիճակում հայտարարել 41 թեկնածու առաջադրելու մասին, նշանակում է ատրճանակի պահունակի մեջ դնել վերջին փամփուշտը, որը սովորաբար սեփական քունքին են պարպում: «Սիրիր մերձավորիդ, ինչպես քո անձը»` ասում է Սուրբ գիրքը, «նույնիսկ, եթե ընդդիմադիր է»` հավելում ենք մենք: