ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


ՀՈԲԵԼՅԱՆ. գրող, հրապարակախոս, «Արարատ» մշակութային հեռուստաալիքի տնօրեն Մերուժան ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆԸ 60 տարեկան է «Իմ առաջին բանաստեղծությունները «Ավանգարդ»-ում են տպագրվել» - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Երբ առաջին անգամ եկա Երևան` համալսարան ընդունվելու, Աշտարակի ճանապարհին ավտոբուսից մարդիկ էին իջնում: Մի աղջիկ էր նրանց մեջ` ծաղկավոր հագուստով և ծաղկազարդ հովանոցով: Ինքն էլ կարծես մի ծաղիկ լիներ. շատ գեղեցիկ էր: Մտածեցի. «Տե°ր Աստված, ես կարո՞ղ եմ այս քաղաքում այնքան հայտնի դառնալ, որ նա էլ ինձ ճանաչի»: Իսկ մայրաքաղաքում հաստատվելը բարդագույն խնդիր էր. հորդ տված 120 ռուբլիով գալիս ես Երևան, որտեղ ոչ մի ծանոթ չունես, ում տան գոնե միջանցքում կքնեիր: Երջանկահիշատակ Վիկտոր Հովսեփյանի հետ, ավտոբուսի մեջ ծանոթանալով, մտերմացել էինք: Երկուսս էլ փող ունեինք, բայց «Սևան» հյուրանոցում, որքան էլ համառեցինք, մեզ համար չտրամադրեցին: Վռնդեցին, և երեք օր գիշերում էինք Կոմայգիում` ճամպրուկները գլխատակերիս, նստարաններին ոտ ու գլուխ պառկելով: Չորրորդ օրը, առավոտյան այգում վազող սպորտային համազգեստով մի մարդ մոտեցավ մեզ: Իմանալով եղելությունը խղճահարվեց և իր ծառայողական մեքենայով մեզ տարավ համալսարանի հանրակացարան: Տեղավորելով, երկուսիս տասնօրյա վարձն էլ վճարեց (եթե չեմ սխալվում 13 ռուբլի) և մեզ հաջողություն մաղթելով գնաց: Ինքնահաստատումը շրջապատում դյուրին չէ. «Քաղքի տղա» կոչումը վաստակելը թանկ հաճույք է: Հեռավոր Ջավախքից գալիս ես (հեռավոր ասելով` նկատի չունեմ կիլոմետրերը) և տեսնում ես բավական շփացած, այսպես կոչված` երևանյան տղաներ: Նրանք մոմլաթե տոպրակներ ունեին, և աղջիկները պարզապես սիրահարվում էին նրանց: Այդ շփացած տղերքը սանձարձակ պահվածք ունեին` իբրև թե մենք աշխարհի խորքերից եկած գեղջուկներ ենք, իսկ իրենք քաղաքում են ապրում` քաղաքակրթության ներկայացուցիչներ են: Բնավ ո°չ. կարող է քաղաքում ծնվելով` քաղքի տղա չլինես: Ցավոք, նման միջավայրում ինքնահաստատմանս ընթացքում ստիպված եմ եղել մեկին մի ծանր ապտակ հասցնել: Այդ պաշտոնավորի որդու համար այնքան անսպասելի էր արածս, որ ընկավ գետնին: Երիտասարդ հասակում ամուսնանալով էլ շատ դժվարություններ եմ կրել. ես` 20, կինս` 17 տարեկան ուսանողներ էինք: Վարդաշենում վարձով էինք ապրում` յոթը տարի. զավակներիցս երկուսն այնտեղ են ծնվել: Համակուրսեցուս` Աֆթանդիլ Գրիգորյանի հետ գիշերները գնում էինք քարածուխի վագոններ բեռնաթափելու, որպեսզի մեր նորաստեղծ ընտանիքների կարիքները հոգանք: Մրի մեջ կորում էինք և ամեն մեկս 30 ռուբլի փող էինք ստանում, ինչն այն ժամանակ ուսանողի կրթաթոշակին էր համարժեք: Մեր կանայք կասկածում էին, թե տուն չենք գալիս, որովհետև ձախակողմյան ուղիներում… Բայց երբ իրողությունը պարզվեց, կինս հոնգուր-հոնգուր լաց էր լինում: Այսուամենայնիվ, ամենադժվարը ինքս ինձ հաստատելն էր. ընթերցանությամբ հարստացրած անձդ, էությունդ պիտի կարողանաս արժանվույն պահպանել, Երևանում անուն-ազգանվանդ ներկայությունը հիմնավորես. նախ` համալսարանում, հետո` մամուլում, այնուհետև` գրականությունում և այլն: Ոչ-ոք քեզ չի ասի` եկ, ճակատդ համբուրեմ, դու պետք է մաքառես: Բայց շնորհակալ եմ Աստծուց, որ կարողացել եմ արդյունքի հասնել: Ինչ խոսք, որոշիչ էր նաև այն հանգամանքը, որ երբ Երևան եկա` ազգային և համաշխարհային գրականությունը բավականաչափ կարդացած մարդ էի: Եվ երևի ավտոբուսի այն աղջիկը հիմա ինձ ճանաչում է: - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Հավատացնում եմ, որ երբեք մտքովս չի անցել որևէ այլ ազգի ներկայացուցիչ լինել: Մայրս, հայրս հայ են, ես` նույնպես. ուրեմն էլ ինչպե՞ս կարող եմ ազգային ուրիշ պատկանելության մասին մտորել: Ես իմ պարզ, զուլալ ծնողների տղան եմ: Ինչ վերաբերում է համակրանքին…: Հետաքրքիր կլիներ եգիպտացիների հետ ապրելը, ովքեր հիմա չկան: Պատմության գիրկն են անցել նաև շումերները, և իրենց եմ կարոտում: Կարծում եմ` մեր մեջ շումերական արյուն կա: Բացի այն, որ բազմաթիվ բառային ստուգաբանություններ, պատմական փաստեր են խոսում այս մասին, ես նաև զգում եմ այդ նույնարյունությունը: Այո°, մենք քաղաքակրթության ակունքներում կանգնած ժողովուրդ ենք: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք, կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Ես ընդհանրապես շատ բաց մարդ եմ: Կարելի է ասել կյանքիս գաղտնիքները բոլորը գիտեն: Գուցեև սխալ է, բայց ի՞նչ արած, բնույթով այդպիսին եմ: Թեև ապրող մարդը գաղտնիքներ անպայման ունի, գաղտնիքներ, որոնք սուրբ են և չի կարելի հրապարակել, չէ որ քեզանից բացի նաև Աստված արդեն գիտե… - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Դժվար քնող մարդ եմ և երբեմն քնելն ինձ համար երջանկություն է դառնում: Բայց անքնության ճանապարհին անթիվ մտքեր են համակում ինձ: Առեղծված է ինձ համար` ի՞նչ է ուզում Աստված մեզանից: Ինչո՞ւ է այսպես կամ այնպես վարվում: Ես Աստծո խոսքը հագած մարդ եմ, անում եմ ամեն հնարավորը, որ իր պատվիրաններով ապրեմ: Որքանով է ստացվում, հարցի մյուս կողմն է: Եվ իմ գիշերակյաց աղոթքներում միշտ այս հարցն եմ ուղղում իրեն. «Ինչո՞ւ ես միտքդ այդքան գաղտնի պահում»: Որ սխալ չհասկացվեմ. նույնատիպ հարցադրումը Գրիգոր Նարեկացին էր անում: Եվ ոչ միայն մեր հանճարեղ տաղերգուն, այլև բոլոր քիչ թե շատ զգայուն հոգիները այդօրինակ աստվածամարտ մտքերի մեջ ընկղմվում են: Ի դեպ, չի բացառվում, որ փորձություն կոչվածն էլ հենց Աստծո գաղտնի մտքի բաղկացուցիչ մասը լինի: Ինձ թվում է, որ Բարձրյալի միտքը ամբողջապես երբեք էլ, ոչ ոք չի իմանա: - Որևէ զավեշտալի դեպք` Ձեր կյանքից: - «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիրն էի. գնացել էի մեր գյուղ: Սովորությանս համաձայն` ողջ բնակչությանը տեսնում, հարցուբարև եմ անում, նոր գնում ծնողներիս տեսնելու: Մանկության ընկերս` Մնացականը, վերադարձել էր արտագնա աշխատանքից. պատահաբար հանդիպեցինք: Ես էլ պետք է Երևան վերադառնայի, բայց նա համառեց. չկարողացա մերժել նրա հինգրոպեանոց հրավերը, որը բնականաբար գոնե կես ժամ տևելու էր: Մտանք տուն. տղա էր ունեցել: Ավանդույթի համաձայն` երեխայի բարձի տակ գումար է դրվում: Մնացը կնոջը հրահանգեց շտապ սեղան գցել: Կինն էլ ամուսնուն հանձնարարեց օրորել երեխային, որ ինքը գնա պատրաստություն տեսնելու: Մեկ էլ կինը եկավ, թե. «Մնաց ջան, արի այն բանկաները բացիր»: Մնացն էլ ինձ փոխանցեց իրեն հանձնարարված պարտականությունը ու գնաց: Սենյակում մնացինք օրորոցն ու ես. լավ առիթ էր և° երեխային մոտիկից տեսնելու, և տաս ռուբլիով ավանդույթին հավատարիմ մնալու: Մոտեցա, ի՞նչ տեսնեմ. 4-5 տարեկան, խոշոր աչքերով մի երեխա ինձ է նայում: Ասացի` «Բա չե՞ս ամաչում, արա°, պառկել ես` քեզ օրորում են»: Հայհոյեց, ապա շարունակեց. «Քո ի՞նչ գործն է, քեզ ասել են օրորի, ուրեմն օրորի: Դու ո՞վ ես, արա°»: Խիստ վիրավորվեցի այդ պահին: Ես «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր լինեմ, գամ ու ինձ էսպես… Ինչևէ, հիմա այդ երեխան Սանկտ Պետերբուրգում նշանավոր դիզայներ է: - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ: - Ջավախքում ժողովուրդն ամռանը գնում էր յայլա, հայրս էլ պանրագործ էր և մի ձի ուներ` Սևուկ անունով: Ես` 7-8 տարեկան տղա, ամեն շաբաթ 11 կմ սարերի միջով հորս հաց էի տանում: Մայրս ամեն ինչ տեղավորում էր խուրջինում, բարձում ձիու մեջքին: Մի օր ձիան փորքաշը թույլ էր կապված, ու թամբը թեքվեց: Թամբը ձգելիս անզգուշորեն ձիուն ցավեցրի, և երիվարը խրտնեց, խուրջինն ու թամբը վրայից գցեց ու փախավ: Մառախուղն իջել էր, սարերը կապել, ես էլ թամբն ու խուրջինը շալակած` լաց լինելով գնում եմ հորս մոտ: Հանկարծ բրեզենտե անձրևանոցով, մորուքով մի մարդ եմ տեսնում. դիմագծերով հիշեցնում էր Էռնեստ Հեմինգուեյին` ուսից հրացանը կախած, կողքին հովվաշուն, նրա թիկունքում էլ` մի հյուղակ: Նա ինձ չնկատեց: Ճանապարհս այլ ուղղությամբ շարունակեցի, որ չհանդիպենք իրար և բեռս շալակած` լացելով գնում եմ յայլա: Հորս պատմեցի, թե ինչ եմ տեսել, բայց նրա համար դա անիրական էր, քանի որ տեղանքին քաջածանոթ էր և իմ նկարագրած վայրում այդպիսի հյուղակ չկար, ինձ հանդիպած անձնավորության մասին էլ առաջին անգամ էր լսում: Մի ձի նստեց, գնաց և մեր Սևուկին գտավ, բերեց: Թեև հայրս առաջնակարգ սարեցի էր, բայց համենայն դեպս գնացել էր իմ բացատրած տեղամաս և վերադառնալուց հետո վերահաստատեց, որ ո°չ այդպիսի քողտիկ կա, ո°չ էլ նման անձնավորություն: Մինչև հիմա մտածում եմ` այդ մարդը կա՞ր, թե` ոչ: Հետաքրքիրն այն է, որ առայսօր իմ անքնության ժամերին ամպերից վերև կանգնած այդ մարդու հայացքն է ուրվագծվում: Մանկությանս ամենահալածական տեսիլքն է դա: Գուցե ես ինձ էի տեսել… Չգիտեմ:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ