Ներքաղաքական շախմատ


Ընթացիկ` նախընտրական տարվա հատկապես երկրորդ կեսից սկսեցին լուրեր շրջանառվել իշխանական կոալիցիայի հնարավոր քայքայման, հատկապես «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հանդեպ Հանրապետականի անվստահության մասին: Ի վերջո ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ստիպված եղավ վերջերս հարցազրույցներից մեկում հավաստել իր հավատարմությունը փետրվարի 17-ի կոալիցիոն հուշագրին: Այնուամենայնիվ, ԲՀԿ-ն շարունակում է մնալ նախընտրական ներքաղաքական զարգացումների առանցքը, որովհետև բոլորը` և´ քաղաքական ուժերը, և´ մամուլը գիտակցում են, որ այդ կուսակցության դիրքորոշումը կարող է որոշիչ լինել նոր խորհրդարանի ընտրությունների արդյունքի հարցում: Լուրեր շրջանառողների ջրաղացին ջուր լցրեց հատկապես Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Ընդհանրապես քաղաքականություն նրա վերադարձը լրջագույն ազդեցություն ունեցավ երկրի ներքաղաքական գործընթացներում` միանշանակ չընդունվելով շատերի կողմից: Այնուամենայնիվ, իր վերադարձով Հայաստանի առաջին նախագահը հստակեցրեց երկրի լղոզված քաղաքական դաշտը, քաղաքական սպառված կամ արդեն սպառվող գործիչներից շատերին «վաստակած» թոշակի ուղարկելով: Վերջին հանրահավաքներում ՀԱԿ առաջնորդը վերջապես հրաժարվեց արտահերթ ընտրությունների անիրականալի գաղափարից` հաստատելով, որ իրականում պայքարն ընթանում է իշխանությանը մաս կազմելու համար: Այդ համատեքստում է տեղավորվում նաև վերջին հանրահավաքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը, որը դարձել է քաղաքական ուժերի և մամուլի ամենաշատը քննարկվող թեմաներից մեկը: Չնայած` ԲՀԿ-ականները չեն համարձակվում առանց կուսակցության առաջնորդի հետ նախապես համաձայնեցնելու մեկնաբանել Տեր-Պետրոսյանի` ըստ էության, Ռ. Քոչարյանից ու Ս.Սարգսյանից հեռանալու և ՀԱԿ-ի հետ համագործակցելու առաջարկը, բայց բոլորին էլ հասկանալի է, որ նրանց քաղաքական ինքնասիրությունը շոյել է երկրի ներքաղաքական զարգացումներում իրենց կուսակցության դերակատարումը կարևորող այս հրավերը: «Ես չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետև մեր կուսակցության առաջնորդը հանրապետությունում չի: Կուսակցությունում այդ խնդրի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել: Չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, եթե ես հայտնեմ իմ անձնական և մասնավոր կարծիքը: Ինչ վերաբերում է ընդհանրապես համագործակցություններին, ապա ԲՀԿ-ն բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցել` առաջիկա ընտրություններն ազատ և արդար անցկացնելու համար: Մենք պատրաստ ենք լսել, քննարկել բոլոր ողջախոհ ծրագրերը, որոնք ուղղված կլինեն մեր երկրի զարգացմանն ու բարգավաճմանը: Ի վերջո նույն երկխոսությունը կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև այդ նույն խնդիրն էր հետապնդում` երկրի առջև ծառացած բոլոր բարդ օրակարգային խնդիրները, դժվար մարտահրավերները փորձել լուծել փոխգործակցության, փոխվստահության մթնոլորտում»: Սա ԲՀԿ պատգամավորական խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանի պատասխանն է` հիշյալ հանրահավաքում կոնգրեսի առաջնորդի քաղաքագիտական վերլուծությունը մեկնաբանելու մեր առաջարկին: Իսկ ԲՀԿ-ն հաճախ է քննարկման առարկա դառնում, որովհետև` «Նա այսօր ամենաբարձր վարկանիշ ունեցող կուսակցությունն է, և բնական է, որ խոսակցությունները շրջանառ վում են այն կուսակցությունների շուրջ, որոնց քայլերը կարող են որոշիչ լինել քաղաքական դաշտի համար»: «Ավանգարդի» թղթակցին այս ամենն ասվել էր մինչև Գագիկ Ծառուկյանի հետ խորհրդակցելը: Հետո ԲՀԿ առաջնորդի ու Ն. Զոհրաբյանի միջև թերևս հեռախոսազրույց է կայացել, ինչին հետևել է վերջինիս` բոլորովին այլ շեշտադրումներով հայտարարությունը: Ակներև է, որ հայտարարության մեջ անթաքույց դժգոհություն կա իշխանություններից: Ի՞նչ կա որ, իշխանության մաս կազմող կուսակցության ներկայացուցիչն էլ կարող է դժգոհել իշխանություններից (եթե, իհարկե, այդ դժգոհության պատճառը սոսկ վերջին օրերին Գագիկ Ծառուկյանի մտերիմների ձերբակալությունները չեն): «Կոնգրեսի հանրահավաքում ԲՀԿ-ի վերաբերյալ արված Լևոն Տեր-Պետրոսյանի վերլուծությունը լուրջ խառնաշփոթ է առաջացրել քաղաքական դաշտում: Որոշ լրատվամիջոցներ անգամ որոշել են Գագիկ Ծառուկյանի թիկնապահների անունը կրկին կապել մարտի 1-ի ողբերգության հետ, դրանով իսկ, թերևս, փորձելով իրենց պատվիրատուների միջոցով ինչ-որ բան հասկացնել Ծառուկյանին: Ես, որպես ԲՀԿ խմբակցության անդամ, այդ ամենը գնահատում եմ ուղղակի անբարոյականություն: Ես չեմ հասկանում, թե Լևոն Տեր-Պետրոսյանի, ինչպես ինքը որակեց` ընդամենը քաղաքագիտական վերլուծությունն ինչո՞ւ է նման անառողջ աժիոտաժ առաջացրել քաղաքական, և ոչ քաղաքական շրջանակներում: Ցանկացած ոք, ցանկացած քաղաքական գործիչ իրավունք ունի ներկայացնելու իր տեսակետն ու իր մոտեցումները` այդ թվում նաև առաջին նախագահը: Ի վերջո, մենք անընդհատ խոսում ենք քաղաքական նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտությունից, հանդուրժողականությունից, Եվրոպաներում հայտարարում ենք, որ անցկացնելու ենք ամենաարդար ընտրությունները և հարգելու ենք յուրաքանչյուրի քվեն և կարծիքը: Ի՞նչն է խանգարում իրականում անել այդ ամենը, նման աննախադեպ ինկվիզիցիոն գործընթացներ չծավալել և վհուկների որս չսկսել: Իսկ ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանի անունը մարտիմեկյան ողբերգության համատեքստում շահարկելու փորձերին, ապա ես նման շահարկողներին և նրանց պատվիրատուներին ուղղակի խորհուրդ եմ տալիս զերծ մնալ նման անբարոյական քայլերից և չխաղալ կրակի հետ: Գագիկ Ծառուկյանը փոխանցում է, որ թե´ ինքը, և թե´ իր կուսակիցները կարևորում են մարտիմեկյան դեպքերի ողջ իրողությունը բացահայտելը...»,- իր հայտարարության մեջ նշել է ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԸ: Ինչ վերաբերում է «վհուկների որս»-ին` ապա կարծում ենք, որ բոլո´րը պետք է ձգտեն իրենց շարքերը մաքրել վհուկներից: Որքան էլ մյուս կուսակցությունները կարևորեն գաղափարախոսությունների միջև պայքարը, այնուամենայնիվ, հայ ընտրազանգվածի սոցիալական խնդիրները նրան ընտրութ յունների ժամանակ կհիշեցնեն «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով կազմակերպված ու տարբեր հեռուստաընկերություններով գովազդվող անվճար բուժօգնությունը, ԲՀԿ առաջնորդի հասցեին հնչած օրհնանքները: Ընդհանրապես, ՀԱԿ և ՀՀԿ առաջնորդների վարվելաոճը պաշտոնապես չհայտարարված, բայց իրականում արդեն վաղուց մեկնարկած նախընտրական այս փուլում, կարծես, տեղավորվում են օրեր առաջ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի հայտարարության տրամաբանության շրջանակներում: Պատգամավորը զուգահեռներ էր տարել շախմատի և քաղաքականության միջև: -…Խելացի առաջնորդը առավելագույնս հաշվարկում է իր քայլերն ու դրանց հետևանքները: Պարտիայի բոլոր փուլերում ուժերը տեղաբաշխում է համաչափ: Եվ հիմնավորված ռիսկը զուգակցելով կշռադատվածության հետ` ընտրում է խորտակիչ հարված հասցնելու, այդ թվում նաև տեղին զոհաբերություններ կատարելու ճշգրիտ պահը: Յուրաքանչյուր նոր պարտիա արքային պարտադրում է չկոմպլեքսավորվել նախկին հաղթանակներով: Իսկ հաջողությունն ուղեկցում է ոչ թե անցյալի հաղթանակների վրա սևեռված մոլորյալին, այլ իր սխալներից դասեր քաղող և ապագային միտված քայլեր կատարող առաջնորդին, որի հաղթանակների գաղտնիքը դրանք բացառապես Աստծո կամքով բացատրելու նրա գիտակցումն է: Թերևս, նաև այստեղ են հատվում շախմատի և քաղաքականության զուգահեռները: Կարծում ենք, որ շատերին է հասկանալի, թե որոնք են վերջերս Սերժ Սարգսյանի և ՀԱԿ առաջնորդի կատարած զոհաբերությունները: Դրանց մասին հանրապետության առաջին և երրորդ նախագահները ժամանակին թեթևակի ակնարկել են: Համենայն դեպս, դեռևս իշխանությունների հետ սկսված երկխոսության ժամանակ ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանն էր հայտարարել, որ իրենք շախմատ են սկսել խաղալ:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ