«ԹԱՏՐՈՆԸ ԶԱՐՄԱՆԱԼԻ ՈՒԺ ՈՒՆԻ»


-Ես հպարտ եմ իմ կենսագրությամբ, իմ անցած ճանապարհով, այն քաղաքով, որի բնակիչն եմ դարձել և որը սիրում եմ իմ հայրենի Մարտունիի պես... Այսպես սկսեց մեր զրույցը ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Հակոբ ԱԶԻԶՅԱՆԸ, ով իրավամբ հայ կինոյի 1970-ականների աստղերից էր: - Դուք թատերական արվեստ եկաք 1964-ին, այն ժամանակվա Կիրովականի թատրոն, և մի ողջ կյանք այստեղ եք: Հիմա, երբ շատ բանի եք հասել կյանքում, համոզվա՞ծ եք, որ ճիշտ եք ընտրել մասնագիտությունը: - Ես դպրոցական տարիներին հրապուրված էի նաև կերպարվեստով, քանդակագործությամբ… Բայց թատրոնը զարմանալի ուժ ունի, արտասովոր ձգողականություն: Ես սկզբում սովորեցի ակումբա-գրադարանային տեխնիկումում, ապա ավարտեցի Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը… Դա իմ ճակատագիրն էր, իմ ընտրությունը: Չեմ սխալվել ընտրության հարցում, երբեք չեմ ափսոսացել:Հիմա էլ համոզված եմ, որ ընտրությունը եղել է ճշգրիտ: Հատկապես հիմա, երբ ապրել եմ մեծ ու իմաստավորված կյանք: - 1970-ականներին էկրան բարձրացան ձեր կինոհերոսները, որոնցից Սիմոնը` «Աղքատի պատիվը», Երանոսը` «Հեղնար աղբյուր», Դիլան դային` «Այս կանաչ-կարմիր աշխարհը» Ձեզ մեծ հռչակ բերեցին, ձեր լուսանկարները տպագրվեցին տարբեր օրացույցներում… Լա՞վ բան էր ճանաչումը: - Իհարկե, լավ բան էր: Հատկապես մայրաքաղաքից հեռու գտնվող թատրոնում աշխատող դերասանի համար դա մի առանձնահատուկ բան էր: Ես գալիս էի Երևան, և ինձ ճանաչում էին փողոցում, ամենուրեք, ես ձեռք բերեցի շատ լավ բարեկամներ: Բայց նաև` չափազանց պատասխանատու էր այդ ճանաչումը, որովհետև ես հարկադրված էի մշտապես «կողքի հայացքով» նայել ինձ: - Նկարահանվել եք 10-ից ավելի ֆիլմերում, որոնցից շատերը համամիութենական էկրան բարձրացան: Ինչու՞ հիմա չեք նկարվում: - Մի քանի առաջարկություններ եղել են, նկարահանվել եմ… Հիմա այլ սկզբունքներ են մշակվել, այլ մոտեցումներ… Գուցե մեր էկրանին այլ դեմքեր ու «տիպաժներ» են պետք… Իհարկե, կուզենայի, որ նկարահանվեի չափազանց հետաքրքիր կինոդերով, ստեղծեի հզոր անհատի կերպարը: Բայց դերասանի ցանկությունը անչափ քիչ է, կինոն արտադրություն է, իր սկզբունքներն ու «կոմերցիոն» առանձնահատկություններն ունի…Ես չեմ կարող թելադրել և պահանջել: - Թատրոնում, բարեբախտաբար, Դուք այդ հզոր անհատականությունների կերպարները ստեղծում եք: Վերջերս Աբելյանի անվան թատրոնում խաղացիք Լիր արքա, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Իմ ծաղկած դեղձենի» բեմադրության մեջ խաղում եք Անդրե… Ձեր խաղացանկում այլ դերեր էլ կան… - Այո, թատրոնում ես իսկապես երջանիկ եմ: Նախկինում խաղացել եմ համաշխարհային դասական խաղացանկի շատ նշանավոր դերեր: Հիմա էլ դժգոհ չեմ: Առաջիկայում էլ, կարծում եմ, դեռ հնարավորություն կունենամ նոր դերեր խաղալու: Դերասանի արվեստի ամենաճշմարիտ փորձարանը թատրոնն է, բեմը, որը առեղծվածային ու զարմանալի տարածություն է, մի կախարդված շրջան, ուր հայտնվելով` կերպարանափոխվում ես, ապրում ներշնչանքի հրաշալի պահեր, «մտնում» մեկ այլ կերպարի մաշկի մեջ… Դերասանի արվեստն իր ողջ էությամբ պարադոքսների և առեղծվածների դրսևորումն է, իսկ բեմը տալիս է բոլոր հնարավորությունները: -2002-ին հիմնադրեցիք Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը և արդեն 9 տարի ղեկավարում եք այն: Կատարե՞ց այս մանաճյուղն իր առաքելությունը: - Իհարկե´ կատարեց: Դժվարությամբ ստեղծվեց մասնաճյուղը, չնայած իմ կողքին էին Սոս Սարգսյանը, Հրաչյա Գասպարյանը, Նարինե Սարգսյանը, Վահե Շահվերդյանը: Առաջին տարիների դժվարություններն անցան, ծնունդ առան նոր դժվարություններ: Առաջին տարում ունեինք ընդամենը երկու սենյակ: Հիմա քառահարկ մի շենքի հսկայական հատվածն է մեր տրամադրության տակ: Մասնաճյուղի նպատակն էր Աբելյանի անվան թատրոնը համալրել երիտասարդ դերասաններով ու բեմադրիչներով, օգտակար լինել նաև տարածաշրջանում գործող քաղաքային թատրոններին ու թատերախմբերին: Մեր շրջանավարտներն արդեն իրենց ներկայությունն են հաստատել այդ թատրոններում ու թատերախմբերում, նոր մտածողության և նոր շարժումների հիմքերն են դրել: Կարծում եմ, որ թատրոններից զատ, մենք որոշակի ներդրումներ ունենք նաև հեռուստաընկերություններում, պարային պրոֆեսիոնալ խմբերում: - Տնօրենի աշխատանքն ինչպե՞ս եք համատեղում դերասանի և բեմադրիչի աշխատանքներին: - Բնականաբար, ոչ հեշտությամբ: Սակայն արդեն համակերպվել եմ, ինձ համար շատ բարդ «ռեժիմ» եմ մշակել: Սակայն այս ծանրաբեռնվածությունն օգնում է ինձ, կենտրոնացնում: - Ի՞նչ կասեք «Ավանգարդի» ընթերցողներին: - Ես ուրախ եմ, որ «Ավանգարդն» արդեն տևական ժամանակ չի լքում իր ընթերցողներին, ամենադժվար ժամանակներում անգամ թերթը շարունակեց լույս տեսնել` դառնալով մեր ժամանակի տարեգիրներից մեկը: Ես ուզում եմ, որ ընթերցողն ամեն անգամ անհամբերությամբ սպասի մեր սիրելի թերթին և հավատա, որ իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները կստանա:

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ